Ամենաընթերցվածներ Գլխավոր Վերլուծական Քաղաքականություն 

Ալեքսանյանի ռուսաստանյան պայմանագրերը և նախագահի հրատապ խորհրդակցությունը

analitik.am

Սևեռված լինելով Վարչապետի գործընկերոջ թոռների տխրահռչակ արկածների վրա՝ հանրությունը բավականին անուշադիր գտնվեց երեկ՝ հունվարի 10-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավիրած Ազգային Անվտանգության Խորհուրդի նիստին: Մինչդեռ, նույնիսկ հպանցիկ վերլուծություն անելիս պարզ է, որ այն պետք է սառը ցնցուղի դեր խաղար առնվազն փորձագիտական մակարդակում: Չափից դուրս հետաքրքիր էր «հանրապետությունում առանձին ապրանքատեսակների գների բարձրացման և դրա հետևանքների հնարավոր մեղմանն ուղղված լուծումների քննարկման նպատակով» խորհրդակցություն հրավիրելու համար ընտրված ժամանակը:

Բանն այն է, որ կառավարության ղեկավարը՝ վարչապետ Կարեն Կարապետյանը, գտնվում է արձակուրդի մեջ և աշխատանքի կանցնի միայն հունվարի 15-ին: Մինչդեռ, քննարկվող թեման ուղղակիորեն գտնվում է վերոհիշյալ պաշտոնյայի պատասխանատվության տակ: Չկա Հայաստանում մեկ պաշտոնյա, ով թե՛ իրավական, թե՛ քաղաքական և թե զուտ տեխնիկական տեսանկյունից ավելի մեծ դեր ունենա բնակչության գնողունակության ոլորտում, քան երկրի կառավարության ղեկավարը: Սակայն, ակնհայտ է, որ երկրի նախագահն այլ կարծիք ունի այս հարցում:

Հնարավոր է նաև, որ սխալվում ենք. տեսականորեն հնարավոր է, որ այս խորհրդակցությունը պետք է տեղի ունենար միայն ամսի 10-ին և ոչ մի դեպքում 15-ին, քանի որ այդ հինգ օրվա ընթացքում երկիրը կանցներ թուլյատրելիի սահմանը և թանկացումների հետևանքով պատճառված վնասներն արդեն անդառնալի կլինեին: Միգուցե, եթե ևս մի քանի օր հապաղեինք, պետությունն այլևս չէր կարողանա իր լծակներով վերահսկել իրավիճակը, որն այնքան հրատապ էր, որ նույնիսկ թեթև մրսածություն ունեցող Նախագահը չհանդգնեց հետաձգել խորհրդակցությունը: Մեր պետական համակարգը երբեմն շատ է սիրում գաղտնիքներ պահել, հիմա էլ երևի ինչ-որ բան կա, որ այս հինգ օրվա ընթացքում պիտի տեղի ունենա, ինչը թույլ չտվեց Նախագահին համբերել մինչև երկուշաբթի:

Ինչևէ, խորհրդակցությունը հրավիրվեց և օրակարգի հիմնական կետը մրցակցությունն էր: Չկար այլ թեմա, որին նախագահն ավելի հանգամանորեն անդրադարձավ. Այս ոլորտին էին վերաբերում նաև տրված հանձնարարականները: Ընդ որում, կարելի է ենթադրել, որ այս հանձնարարականներն իրենց շրջանառությամբ էականորեն տարբերվելու են վարչապետի կողմից տրվող հանձնարարականներից: Մենք դեռ չենք լսել, որ վարչապետը խիստ քննադատի որևէ աշխատակցի հանձնարարական չկատարելու համար, առհասարակ իր հանձնարարականների կատարման մասին քիչ բան ենք լսում: Սակայն, խորհրդակցության ընտրված օրն ու թեման հուշում են, որ այս հանձնարարականների կատարողականի մասին նախագահը դեռ կխոսի և կանի դա պարբերաբար պատասխան պահանջելով այն մարդուց, ով ներկա չէր դրանց տրման ժամանակ: Տրմաբանությունը հուշում է, որ վարչապետը հնարավոր է ինչ- որ պահի փոշմանի, որ դաշնակցականներին պարտադրեց հանձնել տնտեսական բլոկի պորտֆելները, քանի որ ինչքան էլ զարմանալի է, հենց իրենք էին կարողացել հետազոտել որոշ ապրանքների շուկաներ և ֆիքսել տարօրինակ տենդենցները:

Հիմք ընդունելով այն փաստը, որ մի քանի խոշորագույն մանրածախ առևտրի ցանցերի հետ տեքստիլի մատակարարաման շատ դյուրին պայմանագրեր կնքելուց հետո Սամվել Ալեքսանյանն աչքի է ընկնում բնականից տարբերվող վարքագծով, կարելի է ակնկալել, որ հենց այդ ոլորտներում է մրցակցության պաշտպանության հարցում պետությունն առավել ուշադիր լինելու ։ Չէր կարող աննկատ մնալ այն փաստը, որ Ալեքսանյանի բարեկամ Կորյուն Նահապետյանի նախագահած ԱԺ հանձնաժողովում պարբերաբար տարօրինակ միջադեպեր են գրանցվում Վիգեն Սարգսյանի «բերած» նախագծերը քննարկելիս: Խնդիրներ են առաջանում՝ հասնելով մինչև քվորումի ապահովում: Աստիճանաբար սրվում են հարաբերությունները Ալեքսանյանի ու Մանվել Գրիգորյանի միջև: Լուրեր են պտտվում առ այն, որ Ալեքսանյանը համարձակվել է «ձեռք գցել» սրբերի սրբոց ԵԿՄ-ում ֆինանսական օգնություն բաշխելու Գրիգորյանի մենաշնորհին: Սա չտեսնված խիզախություն է, քանի որ հայտնի է՝ ով վճարում է, նա էլ «երաժշտությունն» է պատվիրում: Պարզ է չէ՞, որ ԵԿՄ-ում՝ որպես կիսա-ռամիկացված կառույց, երաժշտությունը պետք է պատվիրի միայն գերագույն գլխավոր «պատվիրողը»...

2016-ի ամռանը, երբ զինյալները գրավեցին մայրաքաղաքում տեղակայված ՊՊԾ գունդը, նախագահը մի քանի անգամ խորհրդակցության հրավիրեց բոլոր իրավապահ մարմիններին: Բոլորը ներկա էին, բացի այդ պահին գործող գլխավոր դատախազից՝ արձակուրդում էր: Արձակուրդից ետ գալուն պես հրաժարական տվեց «առողջական խնդիրներ ունենալու պատճառով»:

Ամեն դեպքում, Հայաստանը որպես պառլամենտական հանրապետություն կայացնելու «ֆինիշային» ուղու վրա ենք և, ըստ ամենայնի, հաշված շաբաթներ անց կիմանանք՝ ում առողջությունն ինչ վիճակում է:

 

Հեղինակ Արթուր Դանիելյան

Նույն շարքից