Գլխավոր Հասարակություն Քաղաքականություն 

Ավելի թուրք, քան Էրդողանը․ Իսրայելի ժխտողականության ակունքները Հայոց Ցեղասպանության հարցում

analitik.am

Իրանում տեղի ունեցող իրադրձությունները քննարկման առարկա դարձրեցին Իսրայելի քաղաքականությունը ոչ միայն այդ երկրում, այլ ամբողջ տարածաշրջանում ՝ մասնավորապես Հայաստանում: Իրանի ներքին անկարգությունները քննարկելիս Հայաստանում շատերը նշում էին, որ ցանկացած ապակայունացում այդ երկրում ՀՀ ազգային անվտանգության համար անկանխատեսելի հետևանքների կարող է հանգեցնել:

Այս լույսի ներքո քննարկվում էր նաև Իսրայելի ազդեցությունը անկարգությունների, ինչպես նաև ՀՀ ազգային անվտանգության վրա: Տարբեր հարթակներում քննարկվեցին վերջին շրջանում հայ-իսրայելական շփումների հաճախակիացումը, Արցախի ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ Իսրայելի մասնակցությունը, նույնիսկ Հայոց Ցեղասպանության համատեքստում Իսրայել պետության ստեղծումը։ Հիշատակվեց այն փաստը, որ Իսրայելը խնդիր չի տեսնում Ռուանդայի ցեղասպանությունն ընդունելու մեջ, նույնիսկ պատրաստ է Խոջալույում տեղի ունեցած իրադարձություններն անվանել ցեղասպանություն՝ նպաստելով դրա գովազդմանը:

Հիշվեց Արցախի ապրիլյան պատերազմի ժամանակ հակառակորդի թիկունքում և առաջնագծում Իսրայելի մասնակցության դրվագները։ Ուշադրության արժանացավ նաև այն փաստը, որ 2011-ին Իսրայելի բարձրաստիճան պաշտոնյաները բացառել են Հայոց Ցեղասպանության ճանաչումը և ազգայնական «Yisrael Beiteinu» կուսակցությունն ամեն ինչ անելու է ճանաչման բացառման համար։

Այս թեմայի քննարկումը չէր կարող ընթանալ առանց այն փաստի արձանագրման, ըստ որի ցեղասպանության ամենախոշոր «ալիքը» կազմակերպած անձիք մեծ մասամբ հրեա կամ մահմեդական դարձած ՝դոնմե, հրեա էին։ Սոցցանցերի որոշ հարթակներում զրույցի առարկան նույնիսկ շեղվեց՝ վերածվելով հակա-իսրայելականն ընդդեմ հակասեմիթականի: Ավանդույթի համաձայն, հայտնվեցին մարդիկ, ովքեր Իսրայելին վերաբերող ցանկացած քննարկում կամ քննադատություն պիտակավորում են որպես հակասեմիթականություն։ Կային մարդիկ, ովքեր կոչ արեցին տարբերակել պետությունը, էթնոսը և կրոնը՝ մի կողմից, իսկ արդարությունն ու արդարադատությունը՝ մյուս։ Հավանաբար, ի պատասխան այս քննարկման «աղմուկի» հունվարի 9-ին «Կալիֆորնիա Կուրիեր» լրատվական կայքում հայտնվեց նյութ այն մասին, որ իսրայելցի հայտնի գիտնական Յարի Աուրոնը պաշտոնապես դիմել է Իսրայելի կառավարությանը՝ պահանջելով տրամադրել բոլոր այն փաստաթղթերը, որոնք արձանագրում են Թուրքիայի և Ադրբեջանի հանդեպ Հայոց Ցեղասպանության մերժման հարցում Իսրայելի ունեցած պարտավորությունները։

Հայաստանյան Panarmenian.net-ը հանգամանորեն ներկայացրեց այս գիտնականի նախաձեռնության, ինչպես նաև Իսրայելում Հայոց Ցեղասպանության հարցի քննարկման դիսկուրսի մասին, որը գոնե դեկլարատիվ սահմանափակվում է համամարդկային արժեքների նկատմամբ արտաքին քաղաքական գերակայությունների ճնշման դրսևորմամբ: Կոպիտ ասած, Իսրայելը չի ուզում հարաբերություններ փչացնել Թուրքիայի հետ:

Այս դիրքորոշումը զուտ դեկլարատիվ արդարացման տպավորություն է թողնում, քանի որ փորձագետների մեծ մասի հավաստմամբ, ներկա պահին թուրք-իսրայելական հարաբերությունները գտնվում են վատագույն մակարդակի վրա:

Հիշենք, որ 1949թ․-ին Թուրքիան առաջին մահմեդական երկիրն էր, որ ճանաչեց Իսրայել պետությունը: Էրդողանի իշխանության գալուն պես հարաբերություններն այնքան վատացան, որ փոխադարձ մեղադրանքներից հասան մինչև դեսպանների հետկանչման։ Թեպետ 2016-ի դեկտեմբերին 6 տարի տևած «անդեսպան» աշխատանքից հետո Իսրայելի և Թուրքիայի դեսպանատները սկսեցին գործել, հարաբերությունները մնացին իդեալականից շատ հեռու:

2017-ի դեկտեմբերին Էրդողանը սպառնաց վերացնել դիվանագիտական հարաբերությունները Իսրայելի հետ, եթե ԱՄՆ-ն լիարժեք ճանաչի Երուսաղեմը՝ որպես Իսրայելի մայրաքաղաք: Շաբաթներ անց նույն Էրդողանը գործուն աջակցություն ցուցաբերեց Իրանի ղեկավարությանը՝ ներքին անկարգությունները հանդարտեցնելու գործում: Այս քաղաքական փոխհրաձգությունները վկայում են նաև Իսրայելի և Թուրքիայի միջև խորքային մշակութային խնդիրների մասին. Օրինակ՝ պետական ֆինանսավորմամբ գործող «Payitaht Abdülhamid» ճանաչված հեռւստասերիալում կա մի դրվագ, որտեղ դաշնակ Գարեգին Փաստրմաճեանը Թեոդոր Հերցելից Օսմանյան բանկը գրավելու ցուցումներ է ստանում: Հայ դաշնակը պատկերված է որպես միամիտ ու հիմար դավաճան, իսկ հրեա սիոնիստը՝ խոհեմ ու շատ վտանգավոր սրիկա:

Օսմանյան կայսրության վախճանի իրական պատմությունը հայտնելու հավակնություններ ունեցող այս սերիալն իրականում արտացոլում է պանթյուրքիստների խորքային բարդույթները, վախերը, վիշտը, զայրույթը և ամենակարևորը՝ վրեժ լուծելու ցանկությունը: Սա Էրդողանի որդեգրած քաղաքականությանը բնորոշ է իր պաշտոնավարման ողջ ընթացքում: Մինչդեռ, նմանօրինակ հակասեմիտիզմը աներևակայելի կլիներ ոչ միայն հրեա Մուստաֆա Քեմալի օրոք, այլ մինչև Էրդողանը իշխող բոլոր ղեկավարների ժամանակ: Այլ կերպ, թուրք-իսրայելական հարաբերություններն աղետալի վիճակում են և դեռ շատ երկար ժամանակ կմնան այդպիսին: Սակայն, դա միևնույն է չի ստիպում, որ Իսրայելը Հայոց Ցեղասպանության հարցում մեղմի դիրքորոշումը գոնե հռետորական մակարդակում։ Եթե Իսրայելի հայրերից մեկի՝ Հերցելի անձն օգտագործելով պաշտոնական Թուրքիան կարող է մեղադրել հրեա ժողովրդին կայսրությունը քանդելու մեջ և վստահ լինել, որ Իսրայելը չի բարձրացնի Հայոց Ցեղասպանության հարցը, ապա կարելի է ենթադրել, որ այդ հարցը չի բարձրացվի նույնիսկ, եթե կես միլիոնանոց թուրքական բանակը հարձակվի Իսրայելի վրա. դիրքորոշման «ադեկվատացում» միևնույն է չի լինի։

Հետևաբար, տրամաբանական կլինի ենթադրել, որ հայ-իսրայելական հարաբերությունների կարգավորումը ոչ թե իսրայելա-թուրքական տիրույթում է, այլ ինչ- որ այլ տեղ՝ մեզ դեռ անհայտ։ Մնում է հուսալ, որ իսրայելցի գիտնականի պահանջը գոնե մասամբ կբավարարվի, որպեսզի գոնե մոտենանք այս մութ հարցի պատասխանին:

Հեղինակ՝ Արթուր Դանիելյան

Նույն շարքից