Սերժ Սարգսյանը ասել է, թե ում է ցանկանում տեսնել ԱԺ նախագահի դերում....

Սերժ Սարգսյանը ասել է, թե ում է ցանկանում տեսնել ԱԺ նախագահի դերում. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Ազգային ժողովի ղեկավար կազմի հետ նոր ձեւաչափով երեկ Բաղրամյան 26-ում տեղի ունեցած հադիպման ժամանակ Սերժ Սարգսյանը թափանցիկ ակնարկեր է արել Ազգային ժողովի հաջորդ նախագահի թեկնածուի վերաբերյալ:

Այս ընթացքում մամուլում, որպես ԱԺ հաջորդ նախագահի թեկնածու, շրջանառության մեջ է դրվել ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանի անունը:

Քաղաքական եւ մասնավորապես իշխող ՀՀԿ-ական շրջանակներում, սակայն գերակշիռ հատվածի մոտ վստահություն կա, որ Սերժ Սարգսյանը ցանկանում է հաջորդ ԱԺ նախագահի դերում կրկին Արա Բաբլոյանին տեսնել: Հիշեցնենք, որ սահմանադրական փոփոխություններից հետո ԱԺ նորընտիր նախագահ ընտրելիս քաղաքական շրջանակներում համոզվածություն կար, որ մինչ նոր Սահմանադրության ուժի մեջ մտնելը անցումային ԱԺ նախագահ է լինելու, որն էլ այս տարվա ապրիլի 9-ից հետո այդ պոստը փոխանցելու է արդեն այլ թեկնածուի: ԱԺ գործող նախագահ Արա Բաբլոյանը, սակայն կարծես թե, «տեղապահ» չի մնալու:

Այսօր նախագահական նստավայրում ԱԺ խորհրդի հետ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը նոր խորհրդարանի մասին խոսելիս ասել է բառացիորեն հետեւյալը.

«Ընդհանուր առմամբ ակնհայտ է, որ խորհրդարանի աշխատանքի որակի աճ ենք արձանագրել: Հայաստանին պետք է այնպիսի խորհրդարան, որը ոչ միայն ճիշտ ժամանակին ընդունի բոլոր անհրաժեշտ օրենքները, այլեւ իրականացնի արդյունավետ խորհրդարանական վերահսկողություն: Այս առումով կարծում եմ, որ Ազգային ժողովը ճիշտ ճանապարհին է: Դրան զուգահեռ նաեւ ամրապնդվում է Ազգային ժողովի աշխատակազմը…»:

Այսպիսի բացառիկ գովքը, ինչիպիսին Սերժ Սարգսյանը հաճախ չի շռայլում, թերեւս, թափանցիկ ակնարկ է ներկաներին, ինչպես նաեւ ավելի լայն շրջանակներին, որ հենց ԱԺ գործող նախագահ Արա Բաբլոյանն է ապրիլի 9-ից հետո ԱԺ նախագահի ցանկալի թեկնածուն:

Շատ տարօրինակ է սակայն, Սարգսյանը խոսել է նաեւ ապրիլի 9-ից հետո վարչապետի ընտրության մասին, բայց այս անգամ շատ կարճ է կապել թեման»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում