Ամենաընթերցվածներ Գլխավոր Վերլուծական Քաղաքականություն 

Իսրայելական գազը, իրանական անկարգությունները և հայկական մամուլի անհասկանալի կողմնակալությունը

analitik.am

Իրանում տեղի ունեցող անկարգությունների մասին տեղեկատվական ալիքը շատ կտրուկ մտավ Հայաստան և ոչ պակաս կտրուկ էլ դուրս եկավ: Հայաստանում տարածվող կեղծ լուրերի արագությունը պետք է որ վերլուծության պարարտ հող լիներ տեղեկատվական անվտանգության ոլորտի մասնագետների համար: Ճիշտ է՝ ներկա պահին հայաստանյան մեդիա դաշտում գրեթե չկան Իրանում տեղի ունեցող իրադարձութունների մասին նյութեր, բայց տարածաշրջանն, իրականում, շատ հեռու է հանդարտ լինելուց:

Զարմանալիորեն չի խոսվում այն մասին, որ Իսրայելի վարչապետի հետ կապված կոռուպցիոն սկանդալի բացահայտման պատճառով շաբաթներ շարունակ բազմահազարանոց բողոքի ցույցեր են տեղի ունենում: Ինքնին սկանդալը շատ հետաքրքիր հետագիծ ունի և սկիզբ է առել, երբ անհայտ անձինք գաղտնազերծել են 2015-ին վարչապետի գինովցած որդու զրույցի ձայնագրությունը, որտեղ նա խոսում է Իսրայելի գազի հանքերի շահագործման մասին։

Երկրագնդի մյուս կողմում էլ՝ Շանհայի մոտակայքում, յոթ օր շարունակ հրդեհվող իրանական նավթամթերք փոխադրող տանկերներ են խորտակվում: Ընդ որում, հրդեհից մեկ օր առաջ տանկերի հետ բախված մեկ այլ նավ անկորուստ կարողանում է վերադառնալ նավահանգիստ, մինչդեռ, իրանական տանկերի ողջ անձնակազմը զոհվում է։

Մեր անմիջական հարևանների մոտ ևս ուշագրավ իրադարձություններ են տեղի ունենում: Ինչպես հայտնում են տեղական լրատվամիջոցները, Ադրբեջանում մի խումբ հավատացյալներ Իրանի դեսպանատան առջև ակցիա են կազմակերպել՝ ի աջակցություն Իրանի ժողովրդին և իշխող համակարգին: Կրոնական խժդժություններով առանձնացող Նարդարան քաղաք ունեցող Ադրբեջանի համար այս նախադեպերը կարող են լուրջ գլխացավանք դառնալ: Հայաստանում այս ամենը ուշադրության առարկա չի դառնում: Փոխարենը կայծակնային արագությամբ տարածվում են Լոնդոնից ու Թել Ավիվից ծնվող կասկածելի լուրերը, որոնք, որպես կանոն, հերքվում են հաշված ժամերի ընթացքում: Թեպետ, այդ հերքումները շատ քչերն են տեղադրում. Ամբողջ լրատվական դաշտը տարածեց Ահմադինեժադի ձերբակալման մասին կեղծ լուրը, սակայն միայն մի քանիսը տարածեցին դրա հերքումը։

 

Հեղինակ՝ Արթուր Դանիելյան

Նույն շարքից