Քաղաքականություն 

Պուտինին մտերիմ օլիգարխներն անցել են ընդհատակ

analitik.am

Die Welt-ը գրում է, որ մոտ ժամանակներում Վաշինգտոնը պետք է որոշում կայացնի, թե որ ռուսների ազգանուններն են ներառվելու նոր պատժացուցակում։

«Ռուսական խոշոր կազմակերպությունների սեփականատերերը վախենում են ԱՄՆ ադմինիստացիայից այնպես, ինչպես սատանան խունկից»,- գրում է հոդվածի հեղինակ Էդուարդ Շտայները։

Մինչև հունվարի վերջ Սպիտակ տունը պետք է ներկայացնի զեկույց նոր պատժացուցակի մասով, ինչը նշանակում է, որ նոր ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբ պատժամիջոցներ կկիրառվեն։ Այդ ցուցակում կհայտնվեն բոլոր այն մարդիկ, ովքեր ՌԴ իշխանությունների հետ մտերիմ հարաբերությունների մեջ են գտնվում։

Բացի ԱՄՆ մուտքի արգելքից, պատժացուցակի անդամներին կարգելվի ամերիկյան ընկերությունների հետ գործարքներ կատարել, կսառեցվեն նրանց ակտիվներն այն դեպքում, եթե կոռուպցիոն կամ փողերի լվացման մեջ ներքաշված լինելու կասկածներ ի հայտ գան։

Պուտինի մերձավոր շրջապատի մարդիկ չեն էլ երազում այն մասին, որ իրենց անունը չեն գտնի ցուցակում, նրանց նկատմամբ արդեն գործում են պատժամիջոցներ, քանի որ նրանց էլ են համարում Կրեմլի վարած քաղաքականության պատասխանատուներ, ինչպես նաև ռեժիմի հետաքրքրությունները պաշտպանող անձինք։

Հեղինակի համոզմամբ, ավելի անհասկանալի է այն օլիգարխների վիճակը, ովքեր, ճիշտ է, դեռևս մի քանի տարի առաջ քաղաքականությունից հեռացվել են Պուտինի կողմից, սակայն շարունակում են հաջողությամբ բիզնես գործունեություն ծավալել՝ պահպանելով սերտ կապերը Կրեմլի հետ։

ՌԴ խոշոր կազմակերպությունների սեփականատերերը մտահոգված են, քանի որ նրանք պետք է որոշեն, թե ում նկատմամբ են լոյալ դիրքորոշում ցուցաբերելու։ Նրանք կամ պետք է մտերիմ հարաբերությունները պահպանեն Կրեմլի հետ՝ պատժացուցակում հայտնվելու արդյունքում կրած վնասները գիտակցելով կամ էլ հեռանան Պուտինի մերձավոր շրջապատից, ինչի դեպքում էլ խնդիրներ կունենան ՌԴ-ում։

Մոսկվան շատ լավ գիտակցում է, որ ԱՄՆ-ն ցանկանում է սեպ խրել Կրեմլի և օլիգարխների միջև։ Դեռևս նոյեմբերին Պուտինի մամլո խոսնակ Պեսկովը հաստատեց, որ Վաշինգտոնը ՌԴ նախագահական ընտրություններին ընդառաջ փորձելու է իրագործել վերոնշյալ նպատակը։

Ռուս խոշոր բիզնեսմենների այսօրվա պահվածքից կարելի է ենթադրել, որ նրանք որոշել են ստվերում մնալ ինչքան հնարավոր է երկար ժամանակ, սակայն, ըստ հոդվածագրի, ինչքան էլ նրանք ընդհատակ անցնելով փորձեն թաքցնել Պուտինի հետ իրենց մտերիմ լինելու փաստը, չի ստացվի, քանի որ այդ մտերմությունը ձեռք է բերվել երկար տարիների և մի շարք զոհողությունների արդյունքում, ինչն էլ մատնելու է նրանց։

Նույն շարքից