Քաղաքականություն 

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանին

analitik.am

Հունվարի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին:

Հանդիպման ընթացքում ամփոփվել են պաշտպանության բնագավառում հայ-ամերիկյան երկկողմ համագործակցության շրջանակներում 2017թ. ընթացքում կատարված աշխատանքները և նախանշվել են 2018թ. համագործակցության հիմնական ուղղությունները:

ՀՀ պաշտպանության նախարարը համառոտ ներկայացրել է այն ուղղությունները, որոնք ընդգրկվելու են զինված ուժերի արդիականացման 7-ամյա ծրագրում և որոնց շուրջ ակնկալվում է զարգացնել համագործակցությունը ԱՄՆ հետ:

Ռիչարդ Միլսն իր հերթին ընդգծել է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում ՀՀ պաշտպանության նախարարության հետ համագործակցությունը շարունակելու ԱՄՆ պաշտպանական գերատեսչության պատրաստակամությունը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել 2018թ. ընթացքում Երևանում հայ-ամերիկյան երկկողմ պաշտպանական խորհրդակցությունների անցկացման վերաբերյալ, որի ընթացքում կհամաձայնեցվի հետագա համագործակցության ընդհանուր տեսլականը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:

Նույն շարքից