Քաղաքականություն 

Օփրա Ուինֆրին՝ ԱՄՆ հաջորդ նախագահի թեկնածու

analitik.am

«Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխությունից հետո Օփրա Ուինֆրիի մասին սկսեցին խոսել՝ որպես Սպիտակ տանը Դոնալդ Թրամփի հնարավոր հետնորդ։

Die Zeit -ը գրում է, որ տիկին Ուինֆրին չի կարող ԱՄՆ նախագահի պաշտոնում հայտնվելու հավակնություններ ունենալ։ Ըստ հոդվածագրի, շոու բիզնեսից քաղաքականություն եկած Թրամփի նկատմամբ դժգոհությունն այնքան շատ է, որ նրա կողմնակիցներից շատերը հույս ունեն, որ 2020-ին Սպիտակ տան տերը կփոխվի, իսկ որոշ մասն էլ հասկացել է, որ Թրամփը խաբեությամբ է ձեռք բերել նրանց աջակցությունը, միայն փոքր հատվածն է շարունակում հավատալ Թրամփին։

Այս պայմաններում որպես հույս հայտնվում է ամերիկյան թոք-շոուի առասպել դարձած Օփրա Ուինֆրին։ Այս աֆրոամերիկուհին կարողացել է ամենացածր խավից դառնալ միլիարդատեր։ «Ոսկե գլոբուս»-ի ժամանակ Օփրայի ելույթը սենսացիա է դարձել, որից հետո բոլորը սկսել են խոսել այն մասին, որ ԱՄՆ հաջորդ նախագահական ընտրությունների ժամանակ հենց նա է լինելու դեմոկրատների նախագահի թեկնածուն։ Հարցումների արդյունքներն էլ ցույց են տվել, որ ամերիկացիների 48%-ը կքվեարկեր Օփրայի օգտին, իսկ Թրամփի օգտին՝ ընդամենը 38%-ը։

Հոդվածագիրը, սակայն, նշում է, որ սա բավարար չէ նախագահի պաշտոնին հավակնելու համար։ Օփրան և Թրամփը շատ նմանություններ ունեն՝ երկուսն էլ քաղաքական փորձ չունեն, իսկ քաղաքականությունը չպետք է դառնա ճանաչված մարդկանց խաղահրապարակ։ Հոդվածի հեղինակ Զոմմերը պաշտպանում է Financial Times-ի այն տեսակետը, ըստ որի, եթե քաղաքականությունը մրցավազք լիներ, թե ով է ավելի ճանաչված, ապա Օփրա Ուինֆրին հաստատ կհաղթեր, բայց տիկնոջ կենսագրության մեջ չկա մի կետ, որը թույլ կտար ենթադրել, որ նա կարող է լրջորեն զբաղվել աշխատանքի շուկայի ձևավորմամբ կամ Չինաստանի հետ հարաբերություններով։

Եթե Օփրան հաղթի հաջորդ նախագահական ընտրություններում, դա կնշանակի, որ ԱՄՆ-ն սկսել է անլուրջ վերաբերվել քաղաքականությանը։ Ամերիկյան ժողովրդավարության հայրերը այսօր երևի բարձր պատ կկառուցեին շոու բիզնեսի և քաղաքականության միջև, իսկ ինչ վերաբերում է Ռոնալդ Ռեյգանին, ապա նա թեմայից դուրս է՝ նա սկսել է իր կարիերան որպես դերասան, սակայն հետագայում զբաղվել է լուրջ քաղաքականությամբ և հասկացել է քաղաքականության բոլոր սկզբունքները։

Զոմմերը եզրափակում է իր հոդվածը այն մտքով, որ Օփրան, բացի իր հայտնիությունից, ուրիշ որևէ բան չի կարող տալ ԱՄՆ-ին, ուստի թող կոշկակարը շարունակի զբաղվել իր արհեստով։

Նույն շարքից