Ամենաընթերցվածներ Գլխավոր Վերլուծական Քաղաքականություն 

Ով ու՞մ վրա «կխուրդի» թանկացումները

analitik.am

Հունվարի 17-ին ԱԺ-ում կայացած կառավարության հետ հարց ու պատասխանի ժամին ամենապահանջված թեման, ինչպես և ակնկալվում էր, թանկացումներն էին: Սակայն, պատճառը ոչ միայն այն է, որ թանկացումները պոպուլիստական բերքահավաքի լավագույն պտուղներն են, այլ նաև այն, որ ապրիլյան վերջնաժամկետն ինչքան մոտենում է, այնքան սրվում են ներքաղաքական ինտրիգները: Թանկացումների թեման որպես այդպիսին կենսունակ չէ: Ընդդիմադիրներին դեռևս չի հաջողվել բացահայտել թանկացումների պատճառ դարձած օրինազանցություն, հանցավոր պայմանավորվածություն կամ գոնե անփութություն: Ապրանքները թանկանում են, քանի որ արտաքին պարտքը գնալով աճում է, իսկ տնտեսությունը՝ ոչ, դրա հետ մեկտեղ ունենք պարտավորություններ ԵԱՏՄ-ի առջև, իսկ որոշ մթերքների գների վրա ազդել է նաև երաշտը: Կոպիտ ասած, Միջազգային Արժութային Հիմնադրամի (IMF), ԵԱՏՄ-ի ու Աստծո պարտադրանքի արդյունքն է։ Իրավաչափ քաղաքական պայքարի շրջանակներում պետք է արտաքին պարտքի կամ ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց բարձրացվեր։ Թեպետ, հարկ է նշել, որ Հայաստանում կա մի շերտ, որը հետևողականորեն փորձում է Աստծո ներկայացուցիչների դեմ պայքարել:

Այնուամենայնիվ, թանկացումներն օրակարգում են, և այդ հարցի հետ կապված քայլեր է ձեռնարկել ոչ այդքան ընդդիմությունը, որքան հենց իշխանությունը: Տարվա առաջին իսկ քաղաքական լուրը վերաբերում էր նախագահի մոտ թանկացումներին նվիրված խորհրդակցությանը։ Այնուհետև ԱԺ-ում ՀՀԿ-ն հայտարարեց, որ հատուկ լսումներ կանցկացվեն այդ թեմայով: Թեպետ ԱԺ-ում հրավիրված ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանը պնդում էր, որ դա իրենց հայտարարած երթի քաղաքական հետևանքն է, տպավորությունը այնպիսին է, որ ՀՀԿ-ն ավելի շուտ գովազդում է թանկացումները, քան փորձում դրա դեմ բողոքի ակցիան չեզոքացնել: Այստեղ հարկ է նշել, որ թանկացումներին դեռ անցած տարի բովանդակային առումով անդրադարձել էր ՀՅԴ-ն՝ ուսումնասիրություն անելով, իսկ ԾԴ-ն էլ բոլորովին վերջերս՝ ԱԺ նիստերի ժամանակ: ԵԼՔ-ը և ՀՀԿ-ն դեռևս միայն լիրիկական հարթակում են հանդես գալիս: Խոսքը ՀՀԿ-ի ոչ կառավարական ճյուղի մասին է, մինչդեռ կառավարության անդամները՝ Կարեն Կարապետյանի և Վաչե Գաբրիելանի ջանքերի շնորհիվ փորձում են վիճակագրությամբ հիմնավորել թեմայի սնանկությունը: Սա շատ տրամաբանական է, քանի որ տնտեսական քաղաքականության համար ողջ պատասխանատվությունը ընկնելու է հենց վարչապետի ուսերին։ Շատ քչերն են հիշելու, որ նա ոչ պարտք վերցնողն էր, ոչ էլ ԵԱՏՄ մտնողը: Վարչապետի մեդիա թիմը ինչ-որ պահի ,իհարկե, դա կփորձի հիշեցնել, բայց այս «կռուտիտը» արդեն չի ընդունվի:

Մնում է հասկանալ՝ ի՞նչն է դրդում մի ճամբարին գովազդել թեման, իսկ մյուս ճամբարին՝ այդ առթիվ երթ կազմակերպել: Եթե ՀՀԿ-ական թևին դեռ կարելի է հասկանալ՝ Կարապետյանի համար հավելյալ գլխացավանք ստեղծելու մասով, ապա ԵԼՔ-ի դեպքում տրամաբանություն գտնելն ավելի բարդ է: Այդ դաշինքի առնվազն երկու պատգամավորներ, որոնցից մեկը ֆրակցիայի ղեկավարն է, աչքի են ընկել ակնարկներով, որ պատրաստ են համագործակցել Կարապետյանի հետ: Միրզոյան Արարատն իր հարցազրույցում նշել էր, որ Կարապետյանն իրենց համար նախընտրելի տարբերակ է, իսկ Փաշինյանն ուղղակիորեն ակնարկել էր, որ Կարապետյանի ՀՀԿ-ից դուրս գալու դեպքում համագործակցությունը հնարավոր է:

Ոմանք պնդում են, որ կանխավ ձախողված քաղաքացիական ակցիա պատրաստելով ԵԼՔ-ը փորձում է լեգիտիմացնել թանկացումները՝ հիմնավորելով, որ եթե քիչ մարդ գա, ուրեմն ժողովուրդը խնդիր չունի թանկացումների հետ: Այս վարկածի օգտին է խոսում այն փաստը, որ ԵԼՔ-ը չի էլ փորձել ԱԺ-ում կառավարությանն անվստահություն հայտնելու գործընթաց սկսել, այլ միանգամից անցել է փողոցային ակցիայի, ինչը հիշեցնում է ՀԱԿ-ի բուրժուադեմոկրատական հեղաշրջման փորձը, երբ նախագահի իմպիչմենթին դեմ լինելով, քաղաքական գործիչները պնդում էին, որ իշխանափոխություն են ուզում:

Սակայն, այս ակցիան մի կողմից պարզապես ակտիվության պատրանք ստեղծելու փորձ է, մյուս կողմից՝ «շան» վրայից մազ պոկելու առիթ։ ԵԼՔ-ը ժողովրդի վրա փորձելու է «խուրդել» այն պատրանքը, որ իրենք ակտիվ ու սկզբունքային ընդդիմություն են: Մինչեռ, ՀՀԿ-ն փորձելու է «խուրդել» այն գիտակցությունը, որ Կարապետյանը շատ հեռու է այն ամենից, ինչ նա խոստանում էր, առավել ևս, որ ներդրումներ լինելու դեպքում հարկ բարձրացնելու կարիք գրեթե չէր լինի:

 

Հեղինակ՝ Արթուր Դանիելյան

Նույն շարքից