Ամենաընթերցվածներ Գլխավոր Վերլուծական Քաղաքականություն 

Հայաստանի մյուս նախագահն Արմեն Սարգսյանն է. Ի՞նչ արձագանք կհետևի ներսից

analitik.am

Այսօր Սերժ Սարգսյանը հայտարարելու է, որ ՀՀԿ-ն ապրիլին կառաջադրի ՄԹ-ում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանի թեկնածությունը: Մինչ բարձրագույն ֆունկցիոներները փորձում են պարզել՝ որտեղից է արտահոսքը եղել, ինչն իրենց ստիպել է նախատեսվածից մի քանի շաբաթ շուտ բացել փակագծերը, առավել հեռատեսներն արդեն սկսում են ճշգրտել իրենց քաղաքական գիծը։

Արմեն Սարգսյանի նախագահությունը երկրորդ հուժկու հարվածն է լինելու Սերժ Սարգսյանի քննադատներին այն բանից հետո, երբ նա հասավ ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրմանը: Այլևս գաղտնիք չէ, որ Հայաստանում համամարդկային, ասել է թե, արևմտյան արժեքների քողի տակ գործող ընդդիմադիր ուժերը ջանք ու եռանդ չեն խնայել, որպեսզի հանրությանը համոզեն, թե Սերժ Սարգսյանը ոչ լեգիտիմ բռնապետ է, ով լուռ կատարում է Մոսկվայի հրահանգները։ Մինչդեռ, փաստացի ստացվում է, որ Հայաստանն, ի տարբերություն Վրաստանի և Ուկրաինայի, առանց տարածքային խոշոր կորուստների, ստորագրեց ԵՄ-ի հետ համաձայնագիրը։ Այժմ դրան ավելանում է մի պաշտոնյա, ով բավականին ջերմ հարաբերություններ ունի արևմտյան էլիտայի հետ և «արևմտյան» բլոկի ներկայացուցիչների հնարավոր հարվածները, մեծ հաշվով, իր վրա է վերցնելու։ Հայաստանի արտաքին քաղաքական գործընկերներն այլևս ստիպված են լինելու վերաարժևորել իրենց օրակարգը Հայաստանում, քանի որ ահաբեկիչներին հովանավորող քաղաքացիական դաշտի ներկայացուցիչների օրակարգը գնալով ավելի սնանկանալու է։

Վերադասավորումներ են սպասվում նաև ներքաղաքական դաշտում, քանի որ խաղատախտակի վրա ավելանում է մի ֆիգուր, որը ցանկության դեպքում կարող է ունենալ բավականին լայն օրակարգ Արևմուտքում՝ ի տարբերություն ներկայիս վարչապետի, ով նման օրակարգի գոյության պատրանք ստեղծելու համար ստիպված է աստղաբաշխական գումարներ ներդնել Դավոսյան «պուտյովկա» գնելու համար: Անշուշտ, կա հավանականություն, որ կտրուկ կաճի «Ամուլսար»-ի հանքի դեմ պայքարող բնապահպանների եռանդը, նույնիսկ ՍԱՊԾ-ն կարող է տեղական «Պեպսի»-ի առողջարարության հարց քննարկել։ Սակայն, վերոհիշյալ քայլերը, ինչպես նաև դատապարտվող զինյալները, հացադուլները այլևս դատապարտված են վերածվելու հանդիսատես չունեցող թատրոնի:

Հեղինակ՝ Արթուր Դանիելյան

Նույն շարքից