Առողջապահություն Հասարակություն Տնտեսություն 

Շրջակա միջավայրի աղտոտվածությունը հասնում է կրիտիկական կետի

analitik.am

2018 թվականը սկսվեց ամբողջ աշխարհում եղանակային էքստրեմալ պայմաններով, ինչը նշանակում է, որ էկոլոգիական խնդիրներն անխուսափելի են լինելու այս տարի։ 2018 թ․-ի Global Risks Report-ում  նշված են մարդկանց անվտանգությանը և առողջությանը սպառնացող ամենավտանգավոր և հավանական ռիսկերը։ Առաջին անգամ այդ զեկույցում  ներառված են շրջակա միջավայրի հետ կապված ռիսկերը։

Իհարկե, միշտ էլ Global Risks Report-ում նշվել են շրջակա միջավայրի հետ կապված գլոբալ ռիսկերը՝ կլիմայական փոփոխություններ, ջրային ռեսուրսների ճգնաժամ, բիոբազմազանության կորուստ, էկոհամակարգերի քայքայում և այլն։ Սակայն այս դեպքում վտանգն անձնական է։ Շրջակա միջավայրի աղտոտվածությունն արդեն հասել է այն աստիճանի, որ այժմ արդեն մարդու օրգանիզմն է զգալու դրա վնասակարության աստիճանն ինչպես աղքատ, այնպես էլ հարուստ երկրներում։

Օրինակ` ամեն տարի օվկիանոսներ է թափվում 8 մլն․ տոննա պլաստմասայի զանգված, որն օգտագործում են թռչունները, ձկները  և այլ ջրային կենդանիներ, որոնք էլ սննդի տեսքով մտնում են մարդու օրգանիզմ։

Աշխարհի բոլոր անկյուններում մարդիկ այսօր շնչում են աղտոտված օդ, որոշ տեղերում էլ՝ թունավորված։ Աշխարհի բնակչության 90% -ն ապրում է օդի աղտոտվածության անթույլատրելի մակարդակ ունեցող վայրերում, ինչը լուրջ վտանգ է առողջության համար։ Դելիի բժիշկները նոյեմբերին անգամ արտակարգ դրություն հայտարարեցին առողջապահության ոլորտում, քանի որ օդի աղտոտվածության աստիճանը 30 անգամ գերազանցել էր Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության օդի աղտոտվածության  թույլատրելի սահմանը։

Ըստ ԱՀԿ-ի էլ   մանկական մահացության դեպքերի մոտ 1/4-ը (տարեկան մոտ 1,7 միլիոն երեխա) պայմանավորված է էկոլոգիական խնդիրներով, իսկ Lancet կոմիտեի տվյալներով` տարեկան մոտ 9 մլն․ մարդու վաղաժամ մահվան պատճառ է դառնում օդի, հողի և ջրի աղտոտվածությունը։

Շրջակա միջավայրի աղտոտվածությունն ազդում է ոչ միայն առողջության, այլ նաև տնտեսության վրա, քանի որ տարեկան շուրջ 4,6 տրիլիոն դոլար է ծախսվում ամբողջ աշխարհում շրջակա միջավայրի աղտոտվածության կրճատման վրա, ինչը կազմում է համաշխարհային տնտեսական արտադրանքի 6,2% ։

Analitik.am

Նույն շարքից