Ամենաընթերցվածներ Գլխավոր Վերլուծական Քաղաքականություն 

Հետաքննության ու քարոզչության տարբերությունը. Ո՞ւմ պատվերով է «Հետք»-ը խեղաթյուրում իրականությունը

analitik.am

Ս.թ. հունվարի 18-ին «Հետք» անվամբ հետաքննող լրագրողների կազմակերպությունը հրապարակել է հոդված, որում բացահայտել է հայաստանցիների կողմից ավտոմեքենաների պետհամարանիշ գնելու վրա ծախսվող գումարի չափը: Նյութում մասնավորապես նշված է, որ Հայաստանում 7 տարվա ընթացքում պետհամարանիշի, որոնց նյութի հեղինակը համարել է «գոլդ», վաճառքից գոյացել է 23 միլիոն ԱՄՆ դոլար: Հոդվածի հիմնական մասը նվիրված էր պետական պաշտոնյաների և մեծահարուստների պետհամարանիշերին վերաբերող նախասիրություններին և այդ համարանիշների առավել թանկ կատեգորիայի վաճառքի վիճակագրությանը:

Իրականում, բնակչության կողմից 23 միլիոն դոլար է վճարվել ոչ թե «գոլդ», այլ առհասարակ բոլոր տիպի պետհամարանիշերի գնման համար: Ոմանք սիրում են կրկնվող թվեր և տառեր, ոմանք էլ նախընտրում են հեռախոսի համարի կամ մեքենայի մակնիշի հետ համընկնող թվեր: Սակայն, մեծ մասն անշուշտ ձգտում է իրեն հասանելի «գոլդության» ձողին:

Ի դեպ, «գոլդության» մոլուցքը լայնամասշտաբ բնույթ է կրում: Չնայած այս փաստին «Հետք»-ը չի անդրադարձել, բայց նույնիսկ հպանցիկ հայացքով նայելիս, դա ակնհայտ երևում է: Այսինքն, «գոլդ»-ին ձգտելը ոչ թե զուտ էլիտար ավանդույթ է, այլ՝ համազգային շարժում:

Եթե դիտարկենք 1 մլն և ավել ՀՀ դրամ արժեցող պետհամարանիշերի վաճառքի չափը, ապա կտեսնենք, որ ամբողջ գումարի ընդամենը մոտ 10 տոկոսն է կազմում այդ 1-ից 8 միլիոն ՀՀ դրամ արժեցող պետհամարանիշերի վաճառքը, իսկ վաճառքի քանակի առումով տոկոսը բնականաբար շատ ավելի ցածր է: Ավելին՝ ամենաթանկ՝ 8 մլն. ՀՀ դրամ արժեցող պետհամարանիշերի վաճառքը կազմում է ընդհանուրի մոտ 1 տոկոսը: Այսինքն, պետհամարանիշ գնողների ճնշող մեծամասնությունը մեծահարուստներ չեն:

Սակայն, «Հետք»-ի նյութում անընդհատ շեշտվում է «որոշ քաղաքացիներ» եզրույթը, որը միտում ունի քողարկելու այս մշակույթի համատարած լինելու փաստը: Բերված նկարներում գերթանկարժեք մեքենաներ են գերթանկարժեք պետհամարանիշերով, սակայն ներկայացված չեն բավականին թանկարժեք պետհամարանիշերով էկոնոմ դասի մեքենաներ, որոնք շատ ավելի տարածված են: Նմանօրինակ կեղծ հետաքննական նյութերն են, որ հիմք են տալիս ենթադրել, որ միջազգային դոնորներից ֆինանսավորվող այս լրատվական կայքերը (կոնկրետ «Հետք»-ը միայն 2017-ին, միայն «Սորոս»-ից ստացել է 210,000 ԱՄՆ դոլար) թեպետ կոչվում են հետաքննական կամ իրավապաշտպան, փաստացի զբաղված են իրականության խեղաթյուրմամբ և հասարակության տարբեր շերտերի միջև արհեստական կոնֆլիկտներ ստեղծելու քարոզչությամբ:

Այո, հայերը սիրում են ցուցամոլություն: Մեր մշակույթում այս արատավոր երևույթը շատ խորն արմատներ ունի: Հայերս դա անում ենք ոչ միայն Հայաստանում: Առավել գռեհիկ դրսևորումների կարելի է հանդիպել պուրիտանական հիմքերի վրա կառուցված ԱՄՆ-ում բնակվող մեր հայրենակիցների մոտ: Սա փաստ է, որը կարելի է արձանագրել հպանցիկ վերլուծությամբ, ապա դատապարտելով փորձել հակազդել այս մշակույթին:

Ցավոք, ի թիվս բազմաթիվ նմանատիպ նախագծերի, «Հետք»-ը ըստ ամենայնի նույնպես ստեղծվել է ոչ թե հակազդելու, այլ պատվիրված գիծը քարոզելու նպատակով: Տվյալ դեպքում նպատակը, ամենայն հավանականությամբ, արատավոր մշակութային դրսևորումների շահարկման միջոցով հասարակական ատելություն քարոզելն է:

 

Հեղինակ՝ Արթուր Դանիելյան

Նույն շարքից