Տնտեսություն 

Կարագը թանկացել է, քանի որ օգտակար է, իսկ ձեթը՝ ոչ. ԿԲ նախագահ

analitik.am

Խորհրդրանում մեկնարկել են «Առանձին ապրանքատեսակների գների բարձրացման պատճառները և գնաճը մեղմելու հնարավորությունները» թեմայով լսումները:

Լսումների ժամանակ ԱԺ ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը, դիմելով ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանին, փորձեց հասկանալ, թե ինչ մեթոդաբանությամբ է հաշվարկվել, որ 2017 թվականին Հայաստանում 2,6 տոկոս գնաճ է տեղի ունեցել (պաշտոնական տվյալներով):

Փաշինյանը մասնավորապես նշեց այն ապրանքատեսակները, որոնք առաջին հորիզոնականում են գտնվում անցած տարի գրանցած գնաճի մասով. Կարագ՝ 41 տոկոս, խոզի  բուդ՝ 38 տոկոս, խոզի միս՝ 36 տոկոս, լոլիկ 31 տոկոսով, գառան միս՝ 28 տոկոս, կարտոֆիլ՝ 28 տոկոս: Ինչ վերաբերում է այն ապրանքներին, որոնց մասով գնանկում է տեղի ունեցել, ապա այդ ապրանքատեսակներն են՝ խառը կանաչի` 48 տոկոս, խնձոր`30, սխտոր՝ 22.2 տոկոս, հնդկացորեն՝ 21.9 տոկոս, կանաչ սոխ՝ 18.2  տոկոս, տաքդեղ՝ 12.1 տոկոս:

Փաշինյանը, հարց բարձրացնելով, փարձեց հասկանալ հետևյալը. «Մենք ճի՞շտ ենք հասկանում, որ կշեռքի մի նժարին դրել եք թանկացումները, մյուս նժարին` էժանացումը, և ստացվել է այդ թիվը»:

Ջավադյանը ասաց, թե չի կարծում, որ Հայաստանում գնաճի մեթոդաբանությունը տարբերվում է այլ երկրներում կիրառվող մեթոդաբանությունից:

Ինչ վերաբերում է մասնավորաես կարագի մասով տեղի ունեցած թանկացմանը, ԿԲ նախագահն ասաց, որ այդ մասով առանձին ուսումնասիրություն է կատարվել: Նրա խոսքերով, այն պնդումները, թե կարագը վնաս է պատճառում առողջությանը, այդքան էլ ճիշտ չէ, նոր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ կարագն օգտակար է, իսկ ձեթը՝ ոչ: Դրան հաջորդեց կարագի պահանջարկի ավելացում, ինչի արդյունքում էլ կարագի դեֆիցիտ եղավ և գները կտրուկ բարձրացան:

Նույն շարքից