Հասարակություն Տնտեսություն 

ԱՄՆ տնտեսական կարգավորումների համակարգը

analitik.am

Analitik.am-ը  սկսել է  նախագիծ, որի ընթացքում մանրամասն կներկայացվի աշխարհի զարգացած պետությունների տնտեսական կարգավորումների համակարգը: ԱՄՆ տնտեսությունը համարվում է օրինակ աշխարհի շատ պետությունների համար, ուստի առաջինը ներկայացնում ենք ԱՄՆ տնտեսության կառավարման համակարգը: Հաշվի առնելով այն, որ նյութը բականին ծավալուն է, կներկայացվի մի քանի մասով:

Արդյոք ԱՄՆ-ն չի միջամտում բիզնես հատվածի գործունեությանը

Կա տարածված կարծիք, որ ԱՄՆ-ում պետությունը գրեթե չի միջամտում տնտեսական գործունեություն ծավալող սուբյեկտների գործունեությանը և հաճախ հենց դրանով էլ պայմանավորում են այն, որ ԱՄՆ-ում բիզնես ծավալող անձինք հաջողության են հասնում:

Սկսեմ նրանից, որ տնտեսական գործունեություն ծավալող անձանք գործունեությանը միջամտելու ձևերի հարցը եղել և մնում է ԱՄՆ-ում որպես քննարկման կարևոր առարկա:

Պատմականորեն ԱՄՆ պետական քաղաքականությունը բիզնեսի նկատմամբ անվանվել է ֆրանսերեն «laissez-faire» («հանգիստ թողնել») բառակապակցությամբ:  Այս կոնցեպը XVIII դարում առաջ է քաշել հայտնի տնտեսագետ Ադամ Սմիթը, ում գաղափարները մեծ ազդեցություն են ունեցել ամերիկյան կապիտալիզմի զարգացման վրա: Սմիթը կարծում էր, որ պետք է ազատություն տալ բիզնեսով զբաղվող մարդկանց: Նա նաև կարևորում էր պետության ազդեցությունը գործունեության կանոններ սահմանելու հարցում: Չնայած ԱՄՆ-ն որդեգրել է բիզնես գործունեությանը չմիջամտելու քաղաքականություն, այդուհանդերձ բազմաթիվ ոլորտներում գործող սուբյեկտները մշտապես դիմել են պետության աջակցությանը՝ ստանալով հողատարածքներ, հատուկ երաշխավորագրեր, հարկային արտոնություններ,  դոտացիաներ և այլն:

Նախ, նշեմ, որ բիզնեսի պետական կարգավորումը կարելի է դասակարգել երկու տիպի՝ տնտեսական և հասարակական: Առաջինի հիմնական գործառույթը գների նկատմամբ վերահսկողության սահմանումն է և մրցակցային մթնոլորտի ապահովումը, իսկ երկրորդինը՝  հսկողություն սահմանել, որպեսզի բիզնեսով զբաղվող սուբյեկտները չխախտեն աշխատանքի անվտանգության կանոնները և պահպանեն շրջակա միջավայրն անթույլատրելի աղտոտվածությունից: Հասարակական կարգավորումը նաև  քաջալերում է  հասարակության համար ցանկալի գործունեություն ծավալող կազմակերպություններին և արգելում վտանգավոր հետևանքներով գործող սուբյեկտների գործունեությունը:

ԱՄՆ ամբողջ պատմության ընթացքում տնտեսությանը չմիջամտելու քաղաքականությունը ժամանակ առ ժամանակ քննադատվել է և պահանջներ են հնչել սահմանել վերոնշյալ երկու տիպի կարգավորումներ: Լիբերալները կողմ են եղել պետության միջամտությանը, որը պետք է հետապնդի ոչ տնտեսական նպատակներ, իսկ պահպանողականները պետության միջամտությունը համարել են վնասակար կազմակերպությունների մրցակցության և արդյունավետության համար:

ԱՄՆ պատմության սկզբնական փուլում ղեկավարներն աշխատել են չմիջամտել բիզնեսի կառավարման գործընթացին, սակայն XX դարի սկզբերին, երբ հզոր կորպորացիաների ձևավորման շնորհիվ  ԱՄՆ արդյունաբերությունը զարգացում ապրեց, փոքր և միջին ձեռնարկություններին պաշտպանելու նպատակով պետությունը սկսեց միջամտել բիզնես գործունեությանը: 1890 թ.-ին Կոնգրեսն ընդունեց Շերմանի՝ հակամենաշնորհային օրենքը, որի նպատակն էր մոնոպոլիաների բաժանման արդյունքում վերականգնել  ազատ և մրցակցային  ձեռնարկատիրությունը:  1906թ-ին էլ ընդունվեց սննդամթերքի և դեղորայքի  վրա փակցվող  պիտակների ճիշտ ձևակերպման և վաճառքից առաջ մսի անհրաժեշտ ստուգման մասին օրենքը: 1913-ին պետությունը ստեղծեց նոր դաշնային բանկային համակարգ՝ դաշնային պահուստների համակարգը՝ փողի զանգվածի կառավարման և բանկային գործունեության նկատմամբ վերահսկողություն սահմանելու համար:

Ամենակարևոր փոփոխությունները տեղի ունեցան Ռուզվելտի կառավարման օրոք, երբ ԱՄՆ-ում պատմության մեջ ամենազանգվածային  գործազրկությունն  էր: Ռուզվելտը Կոնգրեսի հետ միասին ընդունեց մի շարք նոր օրենքներ, որոնք հնարավորություն տվեցին պետությանը միջամտել տնտեսական գործընթացներին: Այս օրենքներով կարգավորվեցին բաժնետոմսերի վաճառքը, աշխատողներին իրավունք վերապահվեց արհմիություններ ստեղծել և մի շարք այլ փոփոխություններ արվեցին:

30-ականներից հետո էլ մի շարք օրենքներ և կարգավորումներ ընդունվեցին, որոնք կոչված էին աշխատողների և սպառողների շահերը պաշտպանել: Պետական կարգավորումները տարածվեցին ԱՄՆ-ում վաճառվող գրեթե բոլոր ապրանքների վրա:  .

90-ականներին էլ Կոնգրեսը ստեղծեց 100-ից ավել դաշնային  կարգավորիչ մարմիններ, որոնք ազդեցություն ունեին   բոլոր ոլորտների վրա: Կարգավորման գործառույթներ ունեցող մի շարք օրգաններ ունեն նախագահից անկախ կառուցվածք, ինչը տեսականորեն պաշտպանում է նրանց քաղաքական ճնշումներից: Այս մարմինների գործունեությունը նման է դատարաններին, իսկ  դրանց որոշումներն էլ ենթակա են դաշնային դատարանների վերանայմանը:

ԱՄՆ կառավարության մոտեցումները ՓՄՁ-ներին

ԱՄՆ կառավարությունը մշտապես հոգ է տարել փոքր և միջին ձեռնարկությունների մասին: Հենց դրա համար էլ ընդունվեց Շերմանի օրենքը, որն արգելում է մենաշնորհ ունենալ որևէ ոլորտում, ինչպես նաև պայմանավորվածություններ ձեռք բերել ինչ-որ մեկի հետ՝ ազատ առևտրի և մրցակցության սահմանափակման շուրջ: Պետությունն այս օրենքը կիրառեց  Ռոկֆելերին պատկանող «Ստանդարտ Օիլ»-ը,  ինչպես նաև տնտեսական ազդեցություն ունեցող մի շարք այլ խոշոր կազմակերպությունների մասնատման համար:

«Ստանդարտ Օիլ»-ի Օհայո նահանգում գտնվող նավթավերամշակման գործարանը 1899թ.-ին

1914-ին էլ Շերմանի օրենքը լրացնող երկու հակամենաշնորհային օրենքներ ընդունվեցին՝ Կլեյտոնի և  Դաշնային առևտրային հանձնաժողովի մասին օրենքները: Կլեյտոնի օրենքը հստակ ձևակերպում էր, թե ինչն է համարվում առևտրի անօրինական սահմանափակում, այն արգելում էր գնային խտրականությունը, ինչպես նաև այնպիսի պայմանագրերի կնքումը, որն արգելում էր միջնորդին մրցակից ընկերություններից ապրանք գնել, արգելվում էին որոշ տիպի միացություններ, գործողություններ, որոնք կարող էին թուլացնել մրցակցությունը: Դաշնային առևտրային հանձնաժողովի մասին օրենքն էլ ենթադրում էր պետական հանձնաժողովի ստեղծում, որը կոչված էր  կանխարգելելու անարդար գործարար պրակտիկան և մրցակցության դեմ պայքարը:

1961թ.-ին էլեկտրական սարքավորումներ արտադրող մի շարք ընկերություններ դատարանի կողմից մեղավոր ճանաչվեցին այն բանի համար, որ մրցակցության սահմանափակմանն ուղղված գնային քաղաքականություն են վարել: Այս ընկերությունները սպառողներին պատճառված վնասները փոխհատուցեցին, իսկ որոշ բարձրաստիճան մենեջերներ էլ հայտնվեցին բանտում: Նմանատիպ դատական գործընթացները ԱՄՆ-ում սովորական բնույթ են կրում և մշտապես տարբեր կազմակերպություններ մեղադրվում են մենաշնորհային դիրքեր ունենալու մեջ, սակայն դատարանների դիրքորոշումը ոչ միանշանակ է, քանի որ հակամենաշնորհային օրենքը տարբեր ժամանակներում տարբեր կերպ է մեկնաբանվում՝ կապված տնտեսական վիճակից և ժամանակաշրջանից: ԱՄՆ-ն մինչ օրս էլ բավականին քայլեր է ձեռնարկում տնտեսական մրցակցության խթանման համար:

Պետությունը որոշեց չմիջամտել տրանսպորտի ոլորտում գնագոյացմանը

Եթե հակամենաշնորհային օրենքներն ընդունվում էին մրցակցության խթանման համար, ապա այլ կարգավորիչ նորմեր հակառակ արդյունքն ունեցան: 70-ականներին, երբ ԱՄՆ-ն մտահոգված էր ինֆլյացիայով, գնային մրցակցությունը նվազեցնող կարգավորիչ նորմերին նորից սկսեցին մեծ ուշադրույթւոն դարձնել: Պետությունը որոշեց որոշ դեպքերում   թուլացնել վերահսկողությունը:

Առաջին ոլորտը դարձավ տրանսպորտը: Ջիմի Կարտերի նախագահության շրջանում Կոնգրեսը երկաթուղու, բեռնափոխադրող ավտոտրանսպորտի և ավիացիայի ոլորտում մի շարք օրենքներ ընդունվեց, որոնք հնարավորություն տվեցին ընկերություններին շուկայի ներսում սահմանել խաղի կանոնները: Տրանսպորտի ոլորտում պետական միջամտության թուլացումը բավականին խթանեց այդ ոլորտի զարգացումը: Ոլորտ մտան բազմաթիվ ընկերություններ, որոնք առաջարկում էին էժան գնով ծառայություններ, քանի որ վարձում էին էժան աշխատուժ: Մի քանի խոշոր կազմակերպություններ, որոնք երկար ժամանակ ԱՄՆ-ում համարվում էին առաջատար ավիափոխադրողներ, ծանր կացության մեջ հայտնվեցին, բայց ի հակադրություն դրան ստեղծվեցին բազմաթիվ փոքր և միջին ձեռնարկություններ:

Տրանսպորտափոխադրումներ իրականացնող բազմաթիվ կազմակերպություններ սկզբնական շրջանում դեմ էին ոլորտի ապակարգավորմանը, բայց հետագայում համակերպվեցին այդ իրողության հետ: Սպառողների շահերի վրա այս որոշումը ոչ միանշանակ ազդեցություն ունեցավ՝ հետագայում էժան գներ առաջարկող կազմակերպությունների մեծ մասը փակվեցին, իսկ խոշոր կազմակերպությունների միավորումն էլ որոշ շուկաներում բերեց  մրցակցության բացակայության: Այդուհանդերձ, որոշ փորձագետներ պնդում են, որ եթե պետությունը շարունակեր ավիատոմսերի գների կարգավորման քաղաքականությունը, ապա ավիատոմսերի գները շատ ավելի բարձր կլինեին: Այս փոփոխությունների արդյունքում կտրուկ աճեց ուղևորափոխադրումների ծավալները՝ 1978-ին, երբ մեկնարկեց  ավիափոխադրողների ոլորտում պետության կողմից չմիջամտելու քաղաքականությունը, ուղևորների թռիչքները կազմում էր մոտ 226 800 մլն. մղոն, իսկ  1997-ին այն դարձավ  605 400 մլն. մղոն:

АТ&Т –ին զրկեցին մենաշնորհային դիրքից

Ալեքսանդր Բելի կողմից հայտնագործված հեռախոսը   АТ&T ընկերության հիմնադրման հիմք դարձավ:

Մինչև 80-ականները  «հեռախոսային ընկերություն»-ն ԱՄՆ-ում համարվում էր  «Ամերիկան Տելեֆոն ընդ Տելեգրաֆ» ընկերության հոմանիշը: АТ&Т-ն տնօրինում էր հեռահաղորդակցության գրեթե բոլոր ոլորտները: Կապի գծով դաշնային հանձնաժողովը կարգավորում էր նահանգների միջև հեռախոսակապի արժեքը, իսկ նահանգների կարգավորիչ մարմիններն էլ տեղական զանգերի արժեքներն էին սահմանում:

Պետական կարգավորումն արդարացվում էր նրանով, որ հեռախոսակապ ապահովող ընկերությունները բնական մենաշնորհներ էին: Մրցակցությունը, որի համար, ինչպես ենթադրում էին, պետք էր ամբողջ երկրով մեկ լարեր անցկացնել, համարվում էր անօգուտ և անարդյունավետ: Այս մոտեցումը փոխվեց 70-ականներին, երբ արագ զարգացող տեխնոլոգիաները հեռահաղորդակցության ոլորտում առաջընթաց ապահովեցին:

Հեռահաղորդակցային ոլորտի ապակարգավորումը 2 փուլում տեղի ունեցավ:  1984-ին դատարանի որոշմամբ վերջ տրվեց АТ&Т-ի մենաշնորհին՝ ստիպելով իր տարածաշրջանային մասնաճյուղերը առանձին կազմակերպություններ դարձնել:

1996-ին էլ Կոնգրեսն ընդունեց հեռահաղորդակցությունների մասին օրենք: Այդ օրենքով թույլատրվեց կաբելային հեռուստատեսային ցանցեր ունեցող ընկերութուններին տեղական հեռախոսակապի շուկա մտնել:

Օրենքի համաձայն, տարածաշրջանային մենաշնորհները պետք է թույլ տային նոր մրցակիցներին իրենց ցանցին միանալ:

Բջջային կապ տրամադրող ընկերությունների թիվը կտրում աճեց, ավելացան նաև ինտերնետային ծառայություններ մատուցող կազմակերպությունները, որոնք տնային համակարգիչներին հեռախոսապի միջոցով ինտերնետ էին տրամադրում:  Խնդիրներ էլ կային՝ հեռախոսակապ տրամադրող շատ ընկերություններ միավորվեցին և մրցակցության համար անբարենպաստ պայմաններ սկսեցին թելադրել: Որոշ տարածաշրջաններում էլ հեռախոսակապի գնաճ տեղի ունեցավ:

Հաջորդ նյութում կներկայացվի ԱՄՆ բանկային համակարգի կարգավորումները:

Անի Հովհաննիսյան

Նույն շարքից