Ամենաընթերցվածներ Գլխավոր Վերլուծական Քաղաքական սատիրա 

«Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական օրակարգը

analitik.am

Հունվարի 24-ին «Ազատություն» Ռադիոկայանին պատկանող «Էխո Կավկազա» լրատվականից հեռացվել է լրագրող Կատերինա Պրոկոֆևան: Թեպետ, ղեկավարությունը հրաժարվել է որևէ բացատրություն տալ այդ որոշման հետ կապված, հայտնի է, որ հունվարի 21-ին այդ լրատվականի կայքում տեղադրվել էր վերոհիշյալ լրագրողի հարցազրույցը գրող Զեյնալ Իբրագիմովի հետ, ով քաղաքական հետապնդումների պատճառով հեռացել է Ադրբեջանից։ Իր հարցազրույցում Իբրագիմովը խոսում էր «Սև հունվար» կոչված իրադարձությունների մասին, երբ 1990-ի հունվարի 13-20-ն Ադրբեջանում հայերի կոտորած տեղի ունեցավ։ Քաղէմիգրանտը նաև համարձակվել էր քննադատել Իլհամ Ալիևին, Արցախն էլ անվանել հայկական հող:

Ո՛չ «Ազատություն» ռադիոկայանը, ո՛չ էլ վերջինիս դուստր հիմնարկ «Էխո Կավկազա» -ն Ադրբեջանում գրասենյակ չունեն: « Էխո Կավկազան» հեռարձակվում է Վրաստանում, Աբխազիայում և Հարավային Օսեթիայում: Մինչդեռ, «Ազատության» գրասենյակն Ադրբեջանում փակված է, իսկ կայքն էլ՝ արգելափակված:

Հայաստանում պատկերը միանգամայն այլ է: Այստեղ «Ազատություն»-ն ունի բավականին մեծ աշխատակազմ և արդեն հաստատուն տեղ է զբաղեցնում ոչ միայն ռադիո եթերում, այլ նաև օնլայն հեռուստատեսության հատվածում: Հայաստանում նրանք ոչ միայն կարող են անդադար քննադատել իրենց կողմից թիրախավորված ՀՀ իշխանության  որոշակի խմբերին, այլ նաև բավականին հետաքրքիր խմբագրական քաղաքականություն ունեն: Այսպես՝ ինչ-որ տեխնիկական պատճառաբանությամբ «Ազատություն»-ն իր կայքից հեռացրեց մի նյութ, որտեղ բավականին օբյեկտիվ հարցեր էին հնչեցվում 2016-ի հուլիսին Երևանում ՊՊԾ գնդի գրավման իրադարձությունների վերաբերյալ: Ստացվում է, որ «Ազատության» եթերում չի կարելի արտահայտել մտքեր, որոնք կհակասեն պաշտոնական Բաքվի դիրքորոշմանը, չի կարելի նաև տալ նյութեր, որոնք կարող են դիտարկվել որպես պաշտոնական Երևանի հնարավոր դիրքորոշման հիմնավորում: Հայաստանը գործ ունի մի մեդիա ռեսուրսի հետ, որը ֆինանսավորվում է ԱՄՆ-ից և առաջ է տանում ադրբեջանական քարոզչական օրակարգը թե՛ Հայաստանում , թե՛ Հայաստանից դուրս։

Մնում է հասկանալ՝ մինչև ե՞րբ են մեր երբեմն չափազանց հայրենասեր պետական այրերն իրենց մեջ բավական պետականամետություն գտնելու, որ այս ազգային անվտանգության խնդիր դարձող հարցին լուծում տան:

 

Հեղինակ՝ Արթուր Դանիելյան

Նույն շարքից