Վերլուծական 

Ալիևը ցանկանում է Արցախի դեմ կրկնել Թուրքիայի սիրիական օպերացիան. «Ժամանակ»

analitik.am

«Ժամանակ» թերթը գրում է. «Կրակովում հունվարի 18-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությամբ կայացած Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումից հետո սրելով սահմանային իրավիճակը արցախա-ադրբեջանական շփման գծում՝ Ադրբեջանը փորձում է ձախողել սկսված գործընթացը. «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում կարծիք հայտնեց Մերձավոր Արեւելքի եւ Կովկասի հարցերի փորձագետ Ստանիսլավ Տարասովը՝ անդրադառնալով հունվարի 20-ին շփման գծում Ադրբեջանի կողմից անօդաչուների կիրառմանը, իսկ հունվարի 25-ին՝ ադրբեջանական հետախուզադիվերսիոն խմբի ներթափանցման փորձին:

«Ադրբեջանը պարտվել է պարտիան: Ադրբեջանը դիմադրում էր, չէր համաձայնում Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների կատարմանը, բայց ստիպված եղավ զիջումների գնալ Կրակովի հանդիպման ժամանակ»,- նշեց Տարասովը:

ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը, փորձագետի խոսքերով, նոր բան չի ասել: Խոսելով Կրակովում Էդվարդ Նալբանդյանի եւ Էլմար Մամեդյարովի միջեւ կայացած բանակցությունների մասին՝ Պոպովն ասել է, թե այդ հանդիպման ընթացքում քննարկվել են ռազմական ռիսկերի նվազեցման հարցեր: Մասնավորապես, խոսքը հակամարտության գոտում ԵԱՀԿ դիտորդական առաքելության ընդլայնման մասին է:

«Նախարարները սկզբունքորեն համաձայնել են միջնորդների պատրաստած փաստաթղթի հետ, որը կանոնակարգում է լրացուցիչ յոթ դիտորդների գործունեությունը»,- ասել է Պոպովը՝ ավելացնելով, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն առաջիկայում այցելելու են տարածաշրջան՝ ճշտելու Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների դիրքորոշումը հակամարտության կարգավորման մասին:

«Ռուսաստանցի համանախագահը՝ Պոպովը, նոր բան չի ասել: Նա պարզապես շարադրել է այն, ինչ ասված էր Մինսկի խմբի համանախագահների եւ Հայաստանի ԱԳՆ-ի ղեկավար Նալբանդյանի եւ Ադրբեջանի ԱԳՆ-ի ղեկավար Մամեդյարովի հայտարարություններում»,- ասում է Տարասովը՝ ենթադրելով, որ իրերի նման դասավորությունը ձեռնտու չէ որոշակի ուժերի Ադրբեջանում:

«Սիրիայում Թուրքիայի «Ձիթենու ճյուղ» ռազմագործողության զարգացմանը զուգահեռ՝ նրանց կողմնակիցների կողմից կարծիքներ են հնչում, թե պետք է նույնը կրկնել Ղարաբաղի նկատմամբ: Բայց խնդիրն այն է, որ «Ձիթենու ճյուղը» կասեցվել է, Թուրքիան չի կարողանում հասնել առաջադրված նպատակներին, եւ այս իրավիճակում խելամիտ չեն այն հաշվարկները, թե կարելի է նոր ճակատ բացել Ղարաբաղի դեմ՝ կարծելով, թե Մոսկվան կաջակցի Բաքվին, որովհետեւ Ռուսաստանն այժմ հարաբերականորեն աջակցում է Թուրքիային [Աֆրինում,- Ա. Ս.]:  Հաշվարկները սխալ են: Դա երբեք չի լինի: Այնտեղ բոլորովին այլ իրավիճակ է: Եվ հետո Էրդողանն ինքը հայտնվել է ծուղակում: Հիմա նա սրում է հարաբերությունները Հունաստանի հետ մի երկու կղզու պատճառով, որտեղ նույնիսկ ծառ չի աճում: Իրադրությունը շատ ոչ ստանդարտ է: Բայց գործընթացը շարունակվում է, Մինսկի խումբը շարունակում է աշխատել, դիվանագիտությունը շարունակում է աշխատանքը, եւ նրանք առաջ են տանում այն սցենարը, որի տակ Ադրբեջանը, ըստ էության, ստորագրել է»,- մեկնաբանեց Տարասովը:

Ռուսաստանցի քաղաքագետի կարծիքով՝ Ադրբեջանը հետագայում էլ կփորձի ձախողել պրոցեսը. «Առայժմ Մամեդյարովը հետեւում է Մինսկի խմբի շրջանակներում ձեռքբերված պայմանավորվածություններին: Հայտնի չէ, թե երբ կլինի նախագահների հանդիպումը, քանի որ ապրիլին Հայաստանում տեղի կունենա իշխանության փոխանցում, եւ հայտնի չէ, թե ում հետ է Բաքուն շարունակելու աշխատել: Սցենարներից մեկն այն է, որ Սերժ Ազատովիչը կդառնա վարչապետ եւ հենց նա կշարունակի բանակցությունները որպես երկրի ղեկավար: Բայց նաեւ լինելու է նախագահ, թեեւ նրա պաշտոնը, կարծես թե, ներկայացուցչական բնույթ ունի: Կարող է լինել նաեւ այնպես, որ վարչապետը ղարաբաղյան հարցում իր լիազորությունների մի մասը փոխանցի նախագահին: Այսպիսով, այս բարձր մակարդակով դիվանագիտությունն առայժմ կանգնած է:

Իսկ միջին՝ արտգործնախարարների մակարդակով փորձում են առաջ տանել Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի համաձայնությունների կատարման գործընթացը: Բայց կա երրորդ ուժը, որին ձեռնտու չէ իրադարձությունների նման ընթացքը: Նրանք կարծում են, որ Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի համաձայնությունները սառեցնում են իրավիճակը, եւ դրանից շահում է Հայաստանը եւ Ղարաբաղը»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից