Քաղաքականություն 

Ընդլայնվում է Հայաստան-ԵՄ համագործակցությունը բնակչության պաշտպանության ոլորտում

analitik.am

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանն ընդունեց Եվրոպական միության պատվիրակությանը՝ Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության Արևելյան գործընկերության երկկողմ հարաբերությունների ստորաբաժանման ղեկավարի տեղակալ Դիրք Լորենցի գլխավորությամբ: Պատվիրակությունը Հայաստանում է ՀՀ-ԵՄ ենթակոմիտեի 5-րդ նիստի շրջանակներում, որտեղ քննարկվել են էներգետիկայի, տրանսպորտի, շրջակա միջավայրի կլիմայի գործողության և քաղաքացիական պաշտպանության հարցեր:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին 2017թ.-ի նոյեմբերի 24-ին ստորագրված ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում ՀՀ ԱԻՆ-ի և ԵՄ համապատասխան ենթակառուցվածքների միջև բնակչության պաշտպանության և պատրաստվածության ոլորտում համագործակցության նոր մեկնարկի և ընդլայնման հնարավորությունները: Մասնավորապես՝ քննարկվեցին համագործակցության իրականացման ձևաչափերը՝ փորձի փոխանակման և դասընթացների միջոցով արտակարգ իրավիճակների համակարգի ինստիտուտցիոնալ կարողությունների զարգացումը և օրենսդրական բարեփոխումների իրականացումը:

ԵՄ կողմը հաստատեց, որ այս տարի մարտ ամսին նախատեսվող «Բնակչության պաշտպանության» եվրոպական ֆորումին Հայաստանը հնարավորություն կունենա ներկայացնել բնակչության պաշտպանության ոլորտում իր առաջնահերթությունները:

Իր խոսքում նախարար Տոնոյանը շեշտեց, որ ԱԻ նախարարության կողմից բնակչության պաշտպանության և աղետների ռիսկի նվազեցման ոլորտում առաջնահերթությունները հստակ նախանշված են և ԵՄ կողմից ակնկալվում է օժանդակություն դրանք իրականացնելու ուղիների և գործիքակազմի կիրառման, ինչպես նաև՝ արդյունաբերական վտանգների տեխնիկական անվտանգության ապահովման գործընթացում:

Նույն շարքից