Ամենաընթերցվածներ Գլխավոր Վերլուծական Քաղաքականություն 

ԱՄՆ կառավարությանը վստահում է ամերիկացիների ընդամենը 33%-ը. Լիբերալ արժեքների ճգնաժամը շարունակում է խորանալ

analitik.am

Հունվարի 22-ին հրապարակվեց «Էդելման» ընկերության կողմից անցկացվող «Համաշխարհային վստահության բարոմետր» հարցման հաշվետվությունը: Այն բավականին լայն քննարկման առարկա դարձավ. Նույնիսկ Դովոսի համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակներում այս հաշվետվության թվերին անդրադարձ եղավ: Լրագրողները և փորձագետները հաճախ սենսացիոն երանգներով ներկայացրեցին այն փաստը, որ ԱՄՆ բնակչության ընդամենը 33 տոկոսն է վստահում ԱՄՆ կառավարությանը: Մինչդեռ, Չինաստանի բնակչության 84 տոկոսն է վստահություն հայտնել սեփական կառավարությանը: Այս ցուցանիշով ԱՄՆ-ին անցել են բազմաթիվ երկրներ, այդ թվում Ռուսաստանը:

Նախ արձանագրենք «Էդելման»-ի մարկետինգային թիմի գերազանց աշխատանքը. Նրանց հաջողվեց մի հաշվետվության արդյունքների միջոցով այնպիսի աղմուկ անել, ինչի մասին արդեն տարիներ շարունակ խոսում են բազմաթիվ այլ սոցիոլոգիական հարցումներով զբաղվող կազմակերպություններ: ԱՄՆ կառավարության հանդեպ անվստահության աճի տենդենցը տասնամյակների պատմություն ունի, և սա մասնագետների համար նորություն չէ:

Նշենք, որ ՌԴ ու Չինաստանի նման երկրներում տեղեկատվական հոսքերը խստորեն վերահսկվում են, ինչն էլ մեծ ազդեցություն ունի տեղի բնակչության տեղեկացվածության և ուրեմն վստահության վրա: Սակայն, ամենահետաքրքիր հետևությունն այն է, որ ի սկզբանե թափանցիկությունը, խոսքի ազատությունը, քաղաքական դիսկուրսը և նմանատիպ արևմտյան նորարարությունների ներմուծումը պայմանավորված է ավելի լավ կառավարման անհրաժեշտությամբ: Մինչդեռ, ստացվում է, որ նույն ԱՄՆ-ում այդ բարեփոխումների արդյունքում կամ ավելի լավ չեն կառավարում, կամ էլ բնակչությունն է սխալ ըմբռնում իրավիճակը՝ հարցականի տակ դնելով ժողովրդավարական դոգմաները:

Երկու դեպքում էլ կարելի է ասել, որ խոսքի ազատության գերակայությունն ինֆորմացիոն դարաշրջանի հենց սկզբում սկսում է ոչ այդքան դոգմատիկ բնույթ կրել: Նման հարցադրումների համար բավականին պարարտ հող է ստեղծում վերջերս Չինաստանի կողմից արձանագրած տեխնոլոգիական առաջընթացը:

Հեղինակ՝ Արթուր Դանիելյան

Նույն շարքից