Ամենաընթերցվածներ գլխավոր Վերլուծական Քաղաքականություն 

Գազպրոմը, Ալավերդու վենդետան, Քննչական կոմիտեն ու անպատժելիության մթնոլորտը. Վերջը Սինգապո՞ւր, թե՝ Սիցիլիա

Հունվարի 30-ին լույս տեսած «Ժամանակ» օրաթերթն անդրադառնում է Լոռում 6 քննիչի աշխատանքից ազատվելու փաստին: Հեղինակի հավաստմամբ, քննիչների ազատումը կապված է «Ալավերդցի Վահագի» գործի հետ:

Ժամեր անց Քննչական Կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը շտապում է հերքել նյութը՝ ասելով. «Դա ապատեղեկատվություն է. ոչ մի քննիչ աշխատանքից ազատման դիմում չի ներկայացրել և ոչ էլ աշխատանքից ազատվել է, ինչի մասին, ըստ որում երեկ, նույն թերթի լրագրողի հարցմանն ի պատասխան ասվել է»: Սակայն, երկու օր անց Քննչական կոմիտեն ստիպված է լինում հերքել իրենց իսկ հերքումը և ընդունում, որ իրենց քննիչներն, այնուամենայնիվ, անցնում են կասկածյալին օժանդակելու հատկանիշներով հարուցված քրեական գործով: 1in.am-ի  թղթակիցներն այնուհետև տռոլինգի են ենթարկում Քննչական կոմիտեին, որը այլ դեպքերում միշտ նշում է կասկածյալների անունները, սակայն տվյալ դեպքում խուսափել է կասկածյալ քննիչների անունները տալուց: Հաջորդ օրը տեղեկություն է հայտնվում, որ կասկածյալ քննիչների թվում է նաև Լոռու մարզային վարչության պետը, ինչը չափազանց ծանր հարված է ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանի համար:

Ծիծաղելի իրավիճակում հայտնված Քննչական կոմիտեի քաղաքական հետագիծն արդեն շատ հեռու է ծիծաղելի լինելուց: Կոնկրետ այս միջադեպը մի փոքր մասնիկն է այն համակարգի, որը տարիներ շարունակ գործում է Հայաստանում և դարձել է զոհերի, քրեական խախտումների և բազմաթիվ այլ ապօրինությունների պատճառ: Մենք փորձեցինք վերականգնել տվյալ դեպքի հետ առնչվող իրադարձությունների ժամանակագրությունը և այսպես.

2015 թվականի հունիսի 7-ին Ալավերդիում անցկացվեցին քաղաքապետի ընտրություններ, որոնց արդյունքում ինքնառաջադրված թեկնածու Արթուր Աբգարյանը պարտվեց ՀՀԿ աջակցությունը վայելող Կարեն Փարեմուզյանին:

Ընտրություններից շաբաթներ անց իր տան շքամուտքում պարտված թեկնածու Արթուր Աբգարյանի ընկերներից Վարդան Անտոնյանը հարձակման է ենթարկվում։ Ըստ լուրերի, հաղթած քաղաքապետի թիմակից Վահագն Աբգարյանի թիկնապահները մետաղյա ձողով հարվածներ են հասցրել Անտոնյանի գլխին:

2015 թվականի հոկտեմբերի 11-ին արդեն Անտոնյանն է կրակահերթ արձակում Վահագն Աբգարյանի զրահապատ ավտոմեքենայի ուղղությամբ:

2016 թվականի մայիսի 20-ի գիշերը սպանվեցին 41-ամյա Վարդան Ավագյանը և 34-ամյա Էդուարդ Պողոսյանը: Նրանք և ևս 3-4 հոգի հարձակվելիս են լինում պարտված քաղաքապետի թեկնածուի ընկեր Վարդան Փիրուզյանի վրա, ով պաշտպանվելիս կրակում է հարձակվողների վրա՝ իրենց իսկ զենքով, այնուհետև դիմում է փախուստի և մինչ օրս հետախուզվում է:

2017 թվականի հունիսի 13-ին սպանվում է արդեն հետախուզման մեջ գտնվող Վարդան Փիրուզյանի եղբայրը՝ Կամո Փիրուզյանը:

2017-ի սեպտեմբերի 14-ին Երևանում՝ Վերնիսաժի հարևանությամբ, կրակում են Վահագն Աբգարյանի ու նրան ուղեկցողի վրա: Ուղեկցող Գարիկ Մոսինյանը մահանում է, իսկ Աբգարյանը տեղափոխվում հիվանդանոց:

2017 թվականի հունիսի 13-ին տեղի ունեցած սպանության առթիվ հարուցված գործը քննիչներն ուղարկում են դատախազություն, իսկ դատախազները գործը հետ են ուղարկում՝ պահանջելով վերաքննել: Վերաքննման արդյունքում 2018 թվականի հունվարի 18-ին ձերբակալվում է Վահագն Աբգարյանը: Երկու շաբաթ անց հայտնի է դառնում, որ ՀՔԾ-ն գործ է հարուցել Աբգարյանի ո օգտին միջոցառումներ ձեռնարկած քննիչների դեմ: Հետո պարզվում է, որ այս ամենում օգտակար է եղել ԱԱԾ-ն, որը գաղտնալսել է քննիչներին: Փաստացի ստացվում է, որ սպանություններն իրար հետևել են, քանի որ մի կողմը հասկացել է, որ քննիչները չեն էլ փորձելու պատասխանատվության ենթարկել Վահագն Աբգարյանին:

Այս ամենի ֆոնին քաղաքապետի պաշտոնում առաջադրվելու հնարավորություն չի ստանում այլևս Ալավերդու նախկին քաղաքապետ Կարեն Փարեմուզյանը: Նա, այնուամենայնիվ, անգործ չի մնում՝ նշանակվում է «Գազպրոմ Արմենիա» ընկերության Լոռու մասնաճյուղի Թումանյանի տեղամասի պետ։ «Հրապարակ»-ի թղթակցի այն հարցին, թե ինքն ի՞նչ կապ ունի գազի ոլորտի հետ, Փարեմուզյանը խնդրել է իրեն հանգիստ թողնել՝ ասելով՝ կապ չունենայի, չէի նշանակվի։

Մեզ մնում է միայն ենթադրել, թե էլ ով և ինչքան կապ է ունեցել այս ամենի հետ ու ցավով արձանագրել, որ մեզ Սինգապուր բերողը բավականին ազդվել է նաև սիցիլիական մշակույթից:

 

 

Հեղինակ՝ Արթուր Դանիելյան

 

  • 29
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
    29
    Shares

Related Articles