Գլխավոր Վերլուծական Տնտեսություն Քաղաքականություն 

Ինչո՞ւ է  Ադրբեջանին և ՌԴ-ին  մտահոգում «Ամուլսար»-ի ոսկու հանքը  

analitik.am

Հայաստանի անկախացումից ի վեր ռուսական կապիտալի ներդրումը ՀՀ տնտեսության մեջ  եղել է ոչ այնքան տնտեսական նպատակների իրագործման, որքան քաղաքական ազդեցություն ունենալու լծակներն ավելացնելու համար: Այս ամենի վառ օրինակը կարող ենք համարել ՀՀ-ում գործող  ռուսական խոշոր ընկերությունների ազդեցությունները ՀՀ քաղաքական գործընթացների վրա և ի վերջո ռուսական խոշոր ընկերությունների աշխատակիցների՝ Հայաստանում  քաղաքական բարձր պաշտոններ զբաղեցնելը: Տարիներ շարունակ քննարկվում է, որ ՀՀ-ն պետք է թուլացնի իր կախումը ՌԴ-ից: Պետք է նկատել, որ  այդ կախումը պայմանավորված է ոչ այնքան ՌԴ-ի կողմից ՀՀ-ին անվտանգության երաշխիքներ տալով, քանի որ ՌԴ-ն Հայաստանում ռազմաբազա ունենալով և անվտանգության ապահովման այլ միջոցառումներ ձեռնարկելով  լուծում է նաև իր երկրի համար կարևոր խնդիրներ, այլ հենց տնտեսական ազդեցությամբ:

ՌԴ-ն ուղղակի կամ միջնորդավորված ձևով տիրապետում է ՀՀ տնտեսական կապիտալի զգալի մասը: Բավարար է նշել միայն այն, որ ռուսական «Գազպրոմ Արմենիա»-ն հանդիսանում է ՀՀ ամենախոշոր հարկատուն՝ զբաղեցնելով առաջին հորիզոնականը 1000 խոշոր հարկատուների ցանկում:  Այս պայմաններում ՀՀ-ն ՌԴ-ի հետ «հավասարը հավասարի հետ» սկզբունքով դաշնակցային հարաբերություններ ստեղծելու համար նախ պետք է տնտեսական անկախություն ձեռք բերի՝ այսինքն օրհասական հարց է դառնում օտարերկրյա՝ ոչ ռուսական,  ներդրումների ներգրավումը: Հենց սա իրականացնելու ճանապարհին մեզ միշտ խանգարել և խանգարելու են թե Ռուսաստանը, թե մեր թշնամի Ադրբեջանը:

ՌԴ-ին, քաղաքական շահերից ելնելով, ձեռնտու չէ ՀՀ տնտեսության մեջ իր ամենաազդեցիկ դերի կորուստը, իսկ Ադրբեջանին՝ առհասարակ ՀՀ տնտեսական զարգացումը: Այս առումով բավականին հետաքրքիր է  հետևել  «Լիդիան Արմենիա» ընկերության դեմ ադրբեջանական ԶԼՄ-ներում պարբերաբար տեղ գտած նյութերին՝ մասնավորապես News.az կայքը վերջերս մանրամասն անդրադարձել էր «Լիդիան Արմենիա» ընկերությանը՝ նշելով, թե իբր դրա գործունեությունը տարածաշրջանի համար  բնապահպանական ռիսկեր է պարունակում: Զարմանալին այն է, որ մեջբերվել էին հայ բնապահպան ակտիվիստների ելույթները, հրապարակումները և հոդվածները: Բնական է, ծիծաղելի է մտածել, թե նավթ արդյունահանող  Բաքվում ինչ-որ մեկը մտահոգվում է բնապահպանական խնդիրներով, այդ դեպքում հարց է առաջանում՝ որո՞նք  են  «Լիդիան Արմենիա» ընկերության հետ կապված ադրբեջանական ԶԼՄ-ների և որոշ հայ  բնապահպան-ակտիվիստների մտահոգության իրական պատճառները: Նախ մի քանի փաստ որոշ հայ բնապահպանների հիմնական մտահոգությունների մասին.

Թթվային ապարների դրենաժի բացասական ազդեցության մասին

Global Resource Engineering ընկերության փորձագետ, կանադական օրենսդրության համապատասխան որակավորված մասնագետ (QP) Լարրի Բրեքենրիջը  մանրամասն խոսել է այս մասին՝ ասելով, որ  ժամանակակից տեխնոլոգիաները շատ արդյունավետ կարողանում են թթվային դրենաժը կանխարգելել և կառավարել: Նշել է նաև, որ «Լիդիան» ընկերությունն ընտրել է հենց այս մոտեցումը՝ օգտվել նոր գիտական մեթոդներից և ժամանակակից տեխնոլոգիաներից:

Եթե նույնիսկ համարենք, որ ակտիվիստ բնապահպաններին չի բավարարում վերոնշյալ փորձագետի մեկնաբանությունը, ապա հարց է առաջանում, թե ինչու հունվարի 12-ին ՀՀ Բնապահպանության նախարարությունում   կայացած մասնագիտական հանդիպում-քննարկմանը այդ բնապահպանները չէին մասնակցել և սա այն դեպքում, երբ հրավիրվել էին  հենց «Լիդիան» ընկերության կողմից իրենց մտահոգությունները քննարկելու համար: «Լիդիան» ընկերության պաշտոնական կայքում կարդում ենք՝ չնայած նախնական համաձայնությանը, հրաժարվել են   մասնակցել մասնագիտական քննարկմանը: Հանդիպմանը ծրագրի քննադատներից ներկայացել էր միայն Էկոլոգոնոոսֆերային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Արմեն Սաղաթելյանը, որը սակայն լքեց դահլիճը հանդիպման  սկզբից՝ առանց տեսակետ հայտնելու:

Այնուհետև տեղեկանում ենք, որ Ամուլսարի բնապահպանական ազդեցության վերաբերյալ զեկույցների հեղինակները հրաժարվել են մասնակցել մասնագիտական քննարկմանը, որն ի դեպ, ՀՀ Բնապահպանության նախարարությունը նախաձեռնել էր հենց մտահոգ բնապահպանների խնդրանքով:

Հիմնվելով վերոնշյալի վրա՝ կարելի է փաստել, որ «Լիդիան» ընկերության հետ կապված  ոչ այնքան անհանգստացնում է  բնապահպանական խնդիրները, այլ կարելի է ենթադրել, որ  ոչ ռուսական կապիտալով ընկերության դիրքերի ամրապնդմանը խանգարելու փորձ է արվում: Հաշվի առնելով այն փաստը, որ «Լիդիան» ընկերությունը դեռ չի սկսել ոսկու կորզումը, բայց արդեն իսկ 2017-ի խոշոր հարկատուների ցանկում 16-րդ տեղն է զբաղեցնում, կարող ենք պատկերացնել, թե քանի հորիզոնականով վերև կբարձրանա, եթե 2018-ին սկսի ոսկու կորզումը և արտահանումը: Ամերիկյան կապիտալով այս ընկերության դիրքերի բարելավումը Հայաստանում կնշանակի նոր ներդրումներ, նոր ընկերություններ, նոր աշխատատեղեր և իհարկե տնտեսության անկախացում, թեկուզ մասնակի, Ռուսաստանից: Սա էլ իր հերթին կնշանակի, որ ՌԴ-ն այլևս չի կարող Հայաստանի քաղաքական կյանքի վրա ունենալ այնքան ազդեցություն, որքան ունի այսօր, քանի որ տնտեսական լծակներն արդեն միայն իր մենաշնորհը չեն լինի:

Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա, բնական է, որ Բաքուն չի ցանկանում Հայաստանում տեսնել ամերիկյան կամ եվրոպական կապիտալ՝ այն էլ հարյուրավոր միլիոնների հասնող դոլարների և նորագույն տեխնոլոգիաների կիրառման ձևաչափով: Բավարար է միայն նշել, որ Lydian International-ը պարտավորվել է ՀՀ-ում կատարել 325 մլն դոլարի ներդրումներ, իսկ  ծրագրի ֆինանսավորմանը մասնակցող Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի  շնորհիվ էլ ներդրումների ընդհանուր ծավալը կհասնի 460-480 մլն դոլարի, պարզ կդառնա թե ադրբեջանական, թե ռուսական կողմի մտահոգությունների հիմնական առիթը:

Նշենք նաև, որ  2017 թվականի վերջին ամիսներին ՀՀ տնտեսական ցուցանիշները զգալիորեն բարելավվեցին՝  հունվար-դեկտեմբերին գրանցվեց վերջին տարիների համար աննախադեպ՝ 7,7% տնտեսական ակտիվության աճ։ Ի սկզբանե նախատեսված 3,2%-ից  վերանայվեց և դարձավ  4,3% և պարզ դարձավ, որ 2017 թվականի տնտեսական աճը կլինի 7%-ի սահմաններում։ ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանն էլ  Արմենպրեսի հետ զրույցում պատասխանելով այն հարցին, թե ո՞ր գործոններն են նպաստել կանխատեսվածից բարձր աճին, պատասխանեց. «Առաջին պատճառն այն է, որ նոյեմբեր-դեկտեմբերին Ազգային վիճակագրական ծառայությունը որոշակի ճշգրտումներ կատարեց թե ներմուծման, թե կապիտալ շինարարության ցուցանիշի մեջ: Օրինակ, կապիտալ շինարարության մեջ Ամուլսարի հանքավայրի ներդրումները ներառված չէին, դա էական ճշգրտման հանգեցրեց: Եթե մենք կանխատեսում էինք, որ պետք է ունենանք հերթական անկումը կապիտալ շինարարության բնագավառում, այդ ճշգրտումն իրավիճակը փոխեց»: Վերոնշյալով փաստվում է, թե ինչ լուրջ ազդեցություն ունի «Լիդիան Արմենիա» ընկերությունը ՀՀ տնտեսական ցուցանիշների վրա և սա այն դեպքում, երբ ոսկու կորզումը դեռ չի սկսվել:

Միակ հարցն այն է մնում, թե ինչու են հայ ակտիվիստները և որոշ ԶԼՄ-ներ երբեմն պարարտ հող ստեղծում ադրբեջանական և ռուսական ցանկությունների իրագործման համար: Պատճառները կարող են շատ լինել՝ սկսած ոչ բավարար չափով տեղեկացված լինելուց վերջացրած անձնական սուբյեկտիվ կարծիքն արտահայտելու բուռն ցանկությամբ: Բացառում ենք, որ այդ մարդիկ  ի օգուտ Ադրբեջանի գործելու որևէ մտադրություն ունեն: Չենք էլ ցանկանում ենթադրել, թե այդ մարդիկ կարող են ինչ-որ կերպ վճարվել կամ մոտիվացվել ռուսական որևէ ընկերության կողմից նման ծառայություններ մատուցելու համար, ուստի  կարծում ենք՝ տվյալ մարդկանց նման գործելաոճն ուղակի պայմանավորված է բնապահպանական, տնտեսական և քաղաքական խորքային գիտելիքների պակասությամբ, ինչի պատճառով հաճախ առանց գիտակցելու իրենց սուբյեկտիվ ամբիցիաներն են արտահայտում՝  արդյունքում վնասելով ՀՀ շահերին:

«Անալիտիկ» վերլուծական թիմ

 

 

Նույն շարքից