Գլխավոր Հարցազրույց Միջազգային Քաղաքականություն 

Հակառուսական սանկցիաների խորացումը Հայաստանի համար լուրջ խնդիրներ է առաջացնելու. Սուրեն Սարգսյանը՝ մի շարք կարևոր հարցերի մասին

analitik.am

ԱՄՆ պատժամիջոցների, ԱՄՆ-ՌԴ հարաբերությունների և մի շարք այլ հարցերի շուրջ Analitik.am-ը զրուցել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանի հետ:

Պարոն Սարգսյան, վերջին շրջանում բավականին քննարկվեց ԱՄՆ կողմից ՌԴ նկատմամբ կիրառվող պատժամիջոցները: Նախ մի փոքր անդրադառնանք ԱՄՆ կողմից ներկայացված գանձապետական դեպարտամենտի հաշվետվությանը, որը շատերը շփոթում են պատժացուցակի հետ: Ի՞նչ է իրենից ներկայացնում այդ հաշվետվությունը և ի՞նչ ազդեցություն է ունենալու ՌԴ-ի և միջնորդավորված նաև Հայաստանի վրա:

Ճիշտ եք նկատում՝  Գանձապետական դեպարտամենտի՝ այսպես կոչված «Կրեմլի» ցուցակը պարզապես տեղեկություն էր, որը ԱՄՆ Կոնգրեսը պահանջել էր իրեն ներկայացնել։ Քանի որ պատժամիջոցների քաղաքականության ղեկը Կոնգրեսը նախագահի ձեռքից խլել է, հենց նա էլ կորոշի, թե ինչ անել այդ ցուցակի հետ։ Քիչ հավանական եմ համարում, որ այդ ցուցակն ամբողջապես վերածվի սանկցիոն ցուցակի, մանավանդ, որ այնտեղ կան մարդկանց անուններ, ովքեր արդեն սանկցիաների տակ են։ Ընդհանրապես ռուս-ամերիկյան հարաբերությունների լարումը  կամ ընդհանրապես սանկցիաները Հայաստանի վրա կթողնեն իրենց ազդեցությունը։ Նախ՝ երկու պետություններն էլ մեզ համար բարեկամ երկրներ են, երկրորդ՝ մենք ռուս-ամերիկյան հակասությունների վրա խաղալ չենք կարող, երրորդ՝ մեր տնտեսությունը ՌԴ-ի հետ խիստ փոխկապակցված է և ցանկացած տնտեսական ցնցում, ակտիվացում, կամ անկում մենք մեր վրա զգում ենք՝ ռուբլու կուրսի տատանումից սկսած վերջացրած նավթի արժեզրկմամբ: Այնպես որ, թե՛ երկարաժամկետ, և թե՛ կարճաժամկետ կտրվածքով մեզ համար կարևոր է, որ այս երկու գերտերությունների հարաբերությունները կարգավորվեն։

Մինչ վերոնշյալ հաշվետվության ներկայացումը ԱՄՆ-ում ընդունվել էր CAATSA օրենքը, որով, որոշ բացառություններով, պատժամիջոցներ են սահմանված նաև այն երկրների համար, որոնք ՌԴ-ից ռազմամթերք են գնում: Ինչպե՞ս սա կարող է անդրադառնալ Հայաստանի և մեր հակառակորդներ Ադրբեջանի և Թուրքիայի վրա:

ԱՄՆ-ում փորձում են այնպես անել, որ ՌԴ-ի դեմ պատժամիջոցներն անուղակի հարված չդառնան բարեկամ պետությունների համար։ Կարծում եմ՝ այստեղ ամերիկացիներն աչք կփակեն այնպես, ինչպես 25 տարի աչքերը փակում են հայ-իրանական խորացող հարաբերությունների վրա։ Նրանք հասկանում են իրականությունը և մեր առջև  երբեք այդպիսի նախապայման չեն դրել։

Միջազգային մամուլը բավականին քննադատեց ԱՄՆ գանձապետարանի ներկայացրած հաշվետվությունը, նույնիսկ մեղադրանքներ ու կարծիքներ հնչեցին, որ Թրամփի վարչակազմից ինչ-որ պաշտոնյա չի ընդունել փորձագետների կողմից կազմված հաշվետվության նախնական ձևը՝ ասելով, որ օգտագործվեն Ֆորբս ամսագրի ներկայացրած ռեյտինգի տվյալները, ի՞նչ կասեք այս մասին: Հնարավո՞ր է, որ ԱՄՆ-ում ինչ-որ բարձրաստիճան պաշտոնյա նման ազդեցություն կարողանա ունենալ:

Կարծում եմ՝  ցուցակն օբյեկտիվ է։ Նայենք ինքներս. Ռուսաստանի ամենաազդեցիկ բիզնեսմեններն են և ամենաազդեցիկ քաղաքական գործիչները։ Եթե մենք կազմեինք այդ ցուցակը, մենք էլ հենց նույն կերպ կկազմեինք։ Իսկ ցուցակի վրա աշխատել են հարյուրավոր մարդիկ և տասնյակ հիմնարկներ։

ՌԴ նկատմամբ կիրառվող պատժամիջոցների քաղաքականությունը ոչ միանշանակ է ընդունվում ԱՄՆ դաշնակից Եվրոպայի կողմից: Դժգոհություններ կան նաև Թրամփի որդեգրած քաղաքականությունից: Ի՞նչ կասեք այս մասով, հնարավո՞ր է կոնֆլիկտների սրացում ԱՄՆ-Եվրոպա հարաբերություններում և դա ի՞նչ կերպ կանդրադառնա մեր տարածաշրջանի վրա:

Որքան էլ հարաբերությունների լարում լինի, ԵՄ-ԱՄՆ և ԱՄՆ-ԵՄ պետություններ ձևաչափերով հարաբերությունները չեն կարող խաթարվել։ Դրանք ռազմավարական հարաբերություններ են։ Օբամայի վարչակազմի հետ էլ կային հակասություններ, վերջիվերջո Օբաման էր, որ Մերկելի հեռախոսները «լսում էր»։ Բուշի քաղաքականությունն էլ էին համարում ագրեսիվ՝ մանավանդ սեպտեմբերի 11-ից հետո։ Քլինթոնի հետ էլ անհամաձայնություն կար Հարավսլավիայի վերաբերյալ, Թրամփն էլ բացառություն չէ։ Պարզապես Թրամփն ասում է այն, ինչ իրենից առաջ անում էին, բայց չեին բարձրաձայնում։ Իսկ Թրամփը բացեիբաց հայտարարեց՝ «America First»։

Միջազգային մամուլը վերջին շրջանում վերհիշեց ԱՄՆ ընտրություններին ի օգուտ Թրամփի ՌԴ միջամտության մասին լուրերը, և հնչեցին նույնիսկ տեսակետներ, որ ներկայացված հաշվետվությունն ի օգուտ Ռուսաստանի է, և Թրամփն այդ կերպ փորձում է օգնել Պուտինին ԱՄՆ-ում դեմոկրատիայի քայքայման հարցում, ի՞նչ կասեք այս մասին:

Թրամփին փորձում են ամեն ինչում մեղադրել։ Դա քաղաքական պայքարի յուրահատուկ մարտավարություն է, որ որդեգրել է ընդդիմությունը։ Այն շատ հաճախ օբյեկտիվ է, առավել հաճախ՝ շինծու։ Պետք չէ հավատալ այն ամենին, ինչ կարդում ենք, մանավանդ Թրամփի մասին, մանավանդ ընդդիմադիր մամուլում։

Եվ վերջում՝ հաշվետվության մեջ կային հայազգի գործարարներ, որոնք Հայաստանում նույնպես բիզնես գործունեություն են ծավալում, պատժամիջոցների կիրառման դեպքում այս ֆակտորը կազդի՞ ՀՀ տնտեսության վրա, եթե այո, ապա ի՞նչ կերպ:

Քանի դեռ ցուցակը պարզապես ցուցակ է, դրա մասին ոչինչ ասել չենք կարող։ Չեմ կարծում, որ մեր մեծահարուստները հայտնվեն սանկցիոն ցուցակներում։ Չեմ էլ կարծում, որ դա ազդի Հայաստանի տնտեսության վրա՝ հենց այդ առումով։ Միայն կարող ենք փաստել, որ ԱՄՆ-ՌԴ հարաբերությունների շուտափույթ կարգավորումը բխում է մեր շահերից և հակառուսական սանկցիաների խորացումը մեզ համար լուրջ խնդիրներ է առաջացնելու։

Նույն շարքից