Բարի օր Քաղաքականություն 

«Ամաչկոտ» նախարարներն ու անկաշկանդ պատգամավորները

analitik.am

Փետրվարի 1-ին ՀՀ կառավարությունը հավանության արժանացրեց օրենքի նախագիծ, որով առաջարկվում է կառավարության նիստերը դռնփակ ռեժիմով անցկացնել: Ինչպես նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը, սա դեռ չի նշանակում, որ նիստերը լինելու են ոչ թափանցիկ, քանի որ վարչապետի որոշմամբ դրանց մի մասը կարող են այսօր դեռ գոյություն ունեցող կարգի համաձայն բաց լինել: Բացի դրանից, նույն վարչապետի որոշմամբ, նախարարները կարող են նիստից հետո խոսել լրագրողների հետ ու պատասխանել այն հարցերին, որոնց մասով ունեն վարչապետի թույլատվությունը:

Եթե օրենսդրական նախաձեռնության հեղինակների պնդմամբ, այս փոփոխությունը թույլ է տալու նախարարներին ավելի անկաշկանդ գործելու, շատ փորձագետների և քաղաքագետների կարծիքով նման խնդիր պետք է որ չլինի, քանի որ առնվազն տարօրինակ է, որ պետական պաշտոնյան ամաչում է կամ կաշկանդված է զգում քննարկումների մասնակցելիս: Նույն փորձագետներից և քաղաքագետներից ոմանք էլ պնդում են, որ շարքային քաղաքացու գրպանից աշխատավարձ ստացող պետական պաշտոնյաները, մասնավորապես կառավարության անդամները, պետք է մաքսիմալ թափանցիկ գործեն:

Եթե փոփոխություններ նախաձեռնողները պնդում են, որ շատ ժողովրդավարական երկրներում կառավարության նիստերը փակ են ընթանում՝ օրինակ բերելով Գերմանիան կամ Մեծ Բրիտանիան, ապա կան նաև պնդումներ, որ վերոնշյալ դեմոկրատական երկրներում գոյություն ունեն շատ այլ մեխանիզմներ, որոնցով կառավարությունը հաշվետու է հանրությանը, սակայն դրանք չկան Հայաստանում: Օրինակ լրագրողները որևէ նախարարությունից ինֆորմացիա ստանալու համար շատ հաճախ ստիպված են լինում օրերով սպասել: Վերջապես պետք չէ հերքել, որ նույն Գերմանիան կամ Մեծ Բրիտանիան կայացած ժողովրդավարություն ունեցող երկրներ են, իսկ Հայաստանը դեռ շատ հեռու է այդ փուլից:

Եթե Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը կառավարության նիստերը դռնփակ անցկացնելու մասին խոսում է կառավարությունը համեմատելով ընտանիքի հետ, որտեղ ամուսիններն ավելի անկաշկանդ են պարզում իրենց հարցերը, երբ չկան երրորդ զույգ աչքերը, կա նաև պնդում, որ դիցուք ընտանիքը մեր հարկերով չի ապրում, կամ այդ ընտանիքից կախված չեն մեր կյանքի պայմանները:

Ի վերջո, եթե դիտարկենք կաշկանդվածության գործոնը, որը կարծես թե միակ հիմնավորումն է վիճահարույց օրինագծի համար, ապա հեռու չէ նաև այն օրը, երբ դռնփակ կլինեն նաև ԱԺ նիստերը, քանի որ խորհրդարանում «պակաս լավ տղաներ» չկան, ովքեր վաղը կարող են կաշկանդված զգալ:

Առնվազն տարօրինակ կլինի ընդառաջել ամաչկոտ նախարարներին, ովքեր չգիտես ինչու չեն ամաչում վատ ցուցանիշերից, բայց դա չանել ամաչկոտ պատգամավորների դեպքում, մանավանդ հաշվի առնելով այն, որ մենք խորհրդարանական երկիր ենք դառնալու մի քանի ամսից:

Իսկ մինչ այդ մենք դեռ կարող ենք վայելել անկաշկանդ պատգամավորների «գեղեցիկ խոսքը»:

 

Արթուր Մնացականյան

Նույն շարքից