Հասարակություն Մշակույթ 

Ինչո՞ւ պետք է հրաժարվել էլեկտրոնային գրքերից ի օգուտ տպագիր գրքերի

analitik.am

1932 թվականին «Կույրերի ամերիկյան հիմնադրամը» թողարկեց առաջին «խոսող գրքեր»-ը, որոնք անվճար տարածվեցին և այդ օրվանից լուրջ փոփոխություն առաջացրեցին հասարակության այն շերտի մոտ, ովքեր ժամանակ չունենալու պատճառով չէին կարողանում ընթերցանությամբ զբաղվել: Կա իհարկե մարդկանց մի շերտ, որը նախընտրում է տպագիր գրքերը, բայց օրինակ բրիտանացի աշակերտները նախընտրում են էլեկտրոնային գրքեր կարդալ:

ԱՄՆ ազգային հիմնադրամի ուսումնասիրողները հարցում են անցկացրել 8-16 տարեկան 35 հազար կամավորների շրջանում և պարզել, որ նրանց մեծամասնությունը նախընտրում է տպագիր գրքեր կարդալ, իսկ դեռահասների 39 տոկոսը՝ էլեկտրոնային: «Ամազոն» համաշխարհային հայտնի կայքում էլեկտրոնային գրականության վաճառքն արդեն հավասարվում է տպագիր գրքերի վաճառքին, ինչը նշանակում է, որ էլեկտրոնային գրքերն արդեն իսկ տպագիր գրքերի մրցակիցն են դառնում: Հայալեզու էլեկտրոնային գրականությունը մեր օրերում բավականին մեծ ընտրանի ունի և վստահ կարող ենք ասել, որ նույնիսկ այն մարդիկ, ովքեր տարբեր պատճառներով չեն կարող ժամանակ տրամադրել տպագիր գրքերի ընթերցման վրա, այս կերպ կարող են լրացնել իրենց կրթական և մտավոր պաշարները: Էլեկտրոնային գրքերը, ճիշտ է, հարմար են խիստ զբաղվածություն ունեցող մարդկանց համար, բայց քիչ չեն այն մարդիկ, ովքեր գերադասում են թղթե տարբերակ և չեն փոխարինի տպագիր գրքերի բույրն ու շոշափելի զգայնությունն էլեկտրոնային անշունչ էկրանացված տառերի հետ, ուստի տպագիր գրականությունը դժվար թե վերանալու վտանգի առջև կանգնի:

Վերջերս պարզվել է, որ էլեկտրոնային գրքեր կարդալը այնքան էլ օգտակար չէ, որքան տպագիր տարբերակները:Մասնագետները ներկայացնում են էլեկտրոնային գրքերից ի օգուտ տպագիր գրքերի հրաժարվելու երեք կարևոր պատճառ.

1.Դուք բաց եք թողնում կարևոր տեղեկատվություն։ Ստավանգերի համալսարանի (Նորվեգիա) 2014 թ. իրականացված հետազոտությունը ցույց է տվել, որ էլեկտրոնային գրքեր կարդացող մարդիկ շատ հաճախ են բաց թողնում կարևոր մանրամասներ և հազվադեպ են կարողանում ճիշտ վերարտադրել վերջերս ընթերցած գրքի բովանդակությունը,իսկ տպագիր գրքերում պարունակվող տեղեկատվությունը մարդիկ շատ ավելի հեշտ են հիշում:

2.Էլեկտրոնային գրքերը խանգարում են քնելուն։ Հարվարդի համալսարանի կողմից վերջերս իրականացված հետազոտությունը ցույց է տվել, որ քնելուց առաջ էլեկտրոնային գրքերի ընթերցումը զգալիորեն նվազեցնում է քնի որակը, քանի որ օրգանիզմն ավելի քիչ է լավ քնի համար անհրաժեշտ մելատոնին հորմոնն արտադրում: Հետազոտության հեղինակ Չարլզ Չեյսլերը մարդկանց հիշեցնում է, որ քնի պակասը բարձրացնում է սրտանոթային հիվանդությունների, շաքարախտի և նույնիսկ քաղցկեղի զարգացման հավանականությունը: Ի դեպ, տպագիր գրքերի ընթերցանությունը հակառակ ազդեցությունն ունի, և, ինչքան էլ տարօրինակ լինի, նպաստում է առողջ, խորը քնին:

3.Էկրանները սթրեսի պատճառ են։ Տպագիր գրքերի ընթերցումն օգնում է հաղթահարել սթրեսը ճիշտ այնպես, ինչպես զբոսանքը կամ լավ երաժշտությունը: Մասնագետները պնդում են, որ 6 րոպե տևողությամբ ընթերցանությունը բավական է, որպեսզի մարդու մկանները թուլանան: էլեկտրոնային գրքերն այս հատկությամբ օժտված չեն, նույնիսկ հակառակը՝ դրանք կարող են օրգանիզմի համար սթրեսի պատճառ դառնալ:

Այդուհանդերձ, մեր իրականության մեջ և էլեկտրոնային և տպագիր գրականությունը պակաս օգուտ չեն տալիս հասարակությանը,քանի որ գոհ են և զբաղված մարդիկ,և նրանք,ովքեր ազատ ժամանակ դեմ չեն մի լավ գիրք վերցնել, հարմար տեղավորվել և ընթերցել։

 

Հեղինակ՝ Յանա Մարտիրոսյան

 

Նույն շարքից