Ամենաընթերցվածներ Գլխավոր Վերլուծական Քաղաքականություն 

Սոցցանցային պատերազմի նոր զենքերը. Պենտագոնն արհեստական բանականություն է գործի դնում

analitik.am

ԱՄՆ ռազմական գերատեսչությունը հրապարակել է «white paper request» -ը, որն իրենից ներկայացնում է նախատենդերային ուսումնասիրությունների նպատակով անցկացվող հետազոտությունների և առաջարկների հավաքագրում: Պահանջվող ուսումնասիրությունները պետք է մանրամասն ներկայացնեն տեխնոլոգիաներ, որոնք Պենտագոնին թույլ կտան արհեստական բանականության կիրառմամբ տեղեկատվական պատերազմ վարել: Համենայն դեպս, հենց այդպես է նշված հրապարակված տեքստում:

Ինֆորմացիոն դարում տեղեկատվական պատերազմները վաղուց գաղտնիք չեն, սակայն սա, թերևս, առաջին փաստացի արձանագրումն է, ըստ որի հաստատվում է, որ գերտերությունների ռազմական գերատեսչությունները տեղեկատվական փոխհրաձգությունների ժամանակ պլանավորում են արհեստական բանականություն կիրառել։ Պենտագոնին պետք է մի համակարգ, որը կկարողանա սոցիալական ցանցերում բովանդակություն թարգմանել, բարբառներ ճանաչել և նույնիսկ հասկանալ բովանդակության էմոցիոնալ ֆոնը: Սրան զուգահեռ, համակարգը պետք է կարողանա համապատասխան բովանդակությամբ ազդել սոցցանցերի օգտատերերի տրամադրության վրա: Այս ամենը հստակ ֆիքսված է հրապարակված պահանջներում:

Սա, անշուշտ, առաջին փորձը չէ, երբ սոցցանցերի միջոցով ազդում են զանգվածների տրամադրությունների վրա. Հայտնի է, որ «Արաբական գարուն» և բազմաթիվ այլ հանրային շարժումների տարածմանը մեծապես օգնել են հենց սոցցանցերը՝ մասնավորապես այդ ցանցերում գործող գործակալները: Ուկրաինական «Մայդան»-ի ժամանակ բացահայտվեց Սանկտ Պետերբուրգում գործող «տռոլերի ֆաբրիկան», որը նպաստում էր Ուկարաինայում ՌԴ-ի համար անհրաժեշտ տեղեկատվական ֆոնի ստեղծմանը:

Ամերիկյան կիբեր-անվտանգության մասնագետները փաստում են, որ ՌԴ հատուկ ծառայությունները հենց սոցցանցերի միջոցով են ազդել ԱՄՆ նախագահական ընտրությունների արդյունքների վրա: Իրանի իշխանություններն էլ ուղղակիորեն մեղադրել են Իսրայելի հատուկ ծառայություններին՝ Իրանում անկարգություններ հրահրելու և դրանց մասին կեղծ լուրեր տարածելու մեջ: Ամերիկյան փորձագետները նույնիսկ մշակել էին, այսպես կոչված, «բոտերի» բացահայտման ձեռնարկ, որը կոչ էր անում ուշադրություն դարձնել թերի անգլերենով ու խիստ հուզական, երբեմն նույնիսկ հիստերիկ բովանդակությամբ գրառումներին:

Նմանատիպ տեղեկատվական գրոհի թիրախ դարձավ նաև Հայաստանը՝ թե՛ ապրիլյան պատերազմի ժամանակ , թե՛ դրանից ամիսներ հետո Երևանում ՊՊԾ գնդի գրավման օրերին: Մեր դեպքում գրառումներն առանձնանում էին նույն գերհուզականությամբ, սակայն դրանց մեծ մասի քերականական թերությունները հաջողվում էր քողարկել լատինատառ կամ կիրիլատառ գրելով: Այսինքն, շարքային հայ օգտատերերը չէին կարող հասկանալ, որ «դիմացինը» հայ չէ, քանի որ վերջինիս գրառումները և կոչերը հայերենով էին, բայց հայատառ չէին:

Ժամանակակից սոցցանցային էթիկան պահանջում է, որ իրեն հարգող օգտատերը մի քանի քայլով բացահայտի «բոտերին», ենթադրաբար մոտ ապագայում կպահանջվի արդեն արհեստական բանականության բացահայտման համար անհրաժեշտ գիտելիքներ: Այս համատեքստում էլ ավելի արդիական պետք է դառնա պետական հաստատությունների կողմից վերահսկողության ավելացումը սոցիալական ցանցերի նկատմամբ։ Սա կարևոր է օգտատերերին տեղեկատվական վտանգավոր հոսքերից պաշտպանելու և սոցցանցային տիրույթն ավելի պաշտպանված դարձնելու համար։ Պետք է հաշվի առնել նաև այն, որ այսօր սոցցանցերի մշտական օգտատերեր են նաև դեռահասները, որոնց վրա համապատասխան էմոցիոնալ բովանդակությամբ ազդելը շատ հեշտ է, ինչն էլ իր հերթին վտանգավոր է դառնում, եթե զանգվածային բնույթ է կրում։ Սա կարող է խախտել թե մարդու անձնական անվտանգության տիրույթը, թե պետության անվտանգության հիմքերը, ուստի պետությունը պետք է վերահսկի սոցցանցային տիրույթը՝ գոնե օգտատերերի նույնականացման հարցում:

 

Հեղինակ՝ Արթուր Դանիելյան

Նույն շարքից