Բարի օր Իրավական Հասարակություն Հարցազրույց 

Փաստաբանների համար տուգանք սահմանելու պատճառով Հայաստանը ՄԻԵԴ-ում հերթական պարտություններն է կրելու. Հայկ Ալումյան

analitik.am

Այսօր՝ փետրվարի 7-ին, Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջութամբ ընդունեց դատական օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախագիծը, որով ի թիվս այլ փոփոխությունների 100 հազար դրամի չափով տուգանք է սահմանվում փաստաբանների համար: Սա, ըստ փաստաբան Հայկ Ալումյանի կարող է հանգեցնել նրան, որ Հայաստանը ՄԻԵԴ-ում հերթական գործը պարտվի:

Analitik.am-ի հետ զրույցում պարոն Ալումյանն ասաց, որ ինքն անձամբ միանալու է բոլոր այն նախաձեռնություններին, որոնք  այս փոփոխության դեմ են և  ելակետային դիրքին վերադառնալու նպատակ են հետապնդում:

Մեր այն հարցին, թե կան արդյոք փաստաբաններ, որոնք գոնե ձեռնպահ են այս փոփոխությունների մասով, Ալումյանը նշեց, որ բոլոր նրանք, ում հետ ինքը զրուցել է այս թեմայով, դեմ են այս փոփոխություններին, որոնք փաստաբանին կախման մեջ են դնելու դատավորից:

Ինչ վերաբերում է նրան, թե արդյոք Փաստաբանական պալատը, որը հաճախ համախմբվածություն չի դրսևորում, այս հարցի մասով գոնե համախմբվա՞ծ է, կա՞ միասնական կարծիք, մեր զրուցակիցը նշեց, որ բոլորի վերաբերմունքը նույնն է, սակայն կա մոտեցումների տարբերություն՝ կապված հետագա քայլերի ձեռնարկման հետ:

Պարոն Ալումյանը խոսեց նաև նրա մասին, թե ինչ կլինի, եթե իշխանությունը հրաժարվի ետ կանգնել փոփոխություններից: Նա ասաց, որ  պայքարը կշարունակվի Սահմանադրական դատարանում, իսկ եթե կարիք լինի՝ նաև ՄԻԵԴ-ում, որտեղ Հայաստանը հերթական պարտությունը կկրի:

Հիշեցնենք, որ այսօր Փաստաբանների պալատը մեկօրյա բողոքի ակցիա է նախաձեռնել, ինչի արդյունքում դատական նիստեր են հետաձգվել: Փաստաբանների պալատում տեղի ունեցած քննարկման ժամանակ նաև կարծիքներ հնչեցին, որ պետք է այս ակցիաները շարունակել և չսահմանափակվել մեկօրյա գործադուլներով:

Նույն շարքից