Գլխավոր Հայաստան Վերլուծական Քաղաքականություն 

«Անգլիական թագուհիներ» Բաղրամյան 26-ու՞մ. Որքանո՞վ է իրատեսական այս ձևակերպումը

analitik.am

Քաղաքական համակարգ և Անգլիայի, իսկ ավելի ճիշտ կլինի ասել Միացյալ թագավորության թագուհի։ Այս երկու արտահայտությունները կամ գուցե ձևակերպումներն այնքան վերացական են, որ դժվար է գտնել որևէ տրամաբանական կամ թեկուզ անտրամաբանական կապ։ Սակայն արի ու տես, որ արդեն շաբաթներ շարունակ հայաստանյան մեդիադաշտում ամենաշատ կիրառվող եզրույթները վերոհիշյալներն են։

Թերևս, հարկ չկա շեշտել, որ երկու արտահայտություններն էլ արվում է ՀՀ նախագահի չորրորդ հավանական թեկնածու Արմեն Սարգսյանի կապակցությամբ։ Արմեն Սարգսյանի անվան շուրջ հայաստանյան մեդիահարթակում կատարվող անցուդարձերին՝ իրենց հետաքրքրականությամբ հանդերձ, գուցե անդրադառնանք ավելի ուշ։ Շեշտենք միայն, որ ՀՀ չորրորդ նախագահի մասին հնչող կարծիքների, մեկնաբանությունների կամ բացատրությունների գերակշիռ մասը հանգում էր հետևյալ մտքին՝ «ՀՀ չորրորդ նախագահը Անգլիայի թագուհի է աշխատելու Սերժ Սարգսյանի մոտ, ՀՀ չորրորդ նախագահն Անգլիայի թագուհի է աշխատելու ՀՀԿ-ի մոտ և վերջապես ՀՀ չորրորդ նախագահը Անգլիայի թագուհի է աշխատելու ՝պարզապես»։

Այս «ֆունդամենտալ գաղափարներին» անդրադարձը թողնելով առավել բարի ժամանակներին, փորձենք մի պահ, շատ սուբյեկտիվ դիտանկյունից հետհայացք գցել հայաստանյան քաղաքական համակարգի քառորդդարյա պատմությանը։ Նախ և առաջ սկսենք նրանից, որ ՀՀ-ն «մտավ անկախություն» ՀԽՍՀ-ի իներցիայով՝ որպես պառլամենտական կառավարման համակարգ ունեցող պետական միավոր կամ կազմավորում (կարծում եմ՝ 1990-1992 թվականներին անիմաստ էր խոսել պետության մասին)։ 1991 թվականի հոկտեմբերին տեղի ունեցած նախագահական ընտրություններում հաղթեց Լևոն Տեր-Պետրոսյանը՝ դառնալով փաստացի երկրի առաջին դեմքը, սակայն քանի որ չկար նոր Սահմանադրություն կամ որևէ այլ հիմնարար օրենք, ապա զուտ տեսական առումով դժվար է ասել, թե 1991 թվականի հոկտեմբերից մինչև 1995 թվականի հուլիսի 5-ը՝ Սահմանադրական հանրաքվեն, ինչ կառավարման մոդել ուներ Հայաստանը։

Ի դեպ, խոսքը միայն տեսական սկզբունքների մասին է, քանի որ հիշյալ ժամանակաշրջանում որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ Արցախյան պատերազմը, սոցիալ-տնտեսական ճգնաժամը և հարակից առկա իրողությունների պարագայում ամենաքիչ արդիականությունն ունեին տեսական բնույթի հարցադրումները։ 1995 թվականի հուլիսի 5-ին ՀՀ-ն ստացավ Սահմանադրություն, որով երկիրը դարձավ հստակորեն ամրագրված նախագահական հանրապետություն՝ ֆրանսիական օրինակով։ Սակայն, ինչպես ասում են, յուրաքանչյուր «բայց» ունի իր արմատական հետևանքները։ Արդյոք ՀՀ Սահմանդրությամբ ձևավորվեց կամ ամրագրվեց ՀՀ քաղաքական համակարգ։

Սա հարց է, որի շուրջ գրեթե չկան խորքային ու բազմակողմանի հետազոտություններ, կարծիքներ ու տեսություններ։ Ըստ էության, մինչ Սահմանադրության ընդունումը՝ 1994 թվականի դեկտեմբերին Տեր-Պետրոսյանի հրամանագրով կասեցվեց ՀՅ Դաշնակցության գործունեությունը։ Կուսակցության պարագլուխները հայտնվեցին բանտերում՝ շինծու մեղադրանքներով։ Այլ կերպ ասած, 1995 թվականի Սահմանադրական հանրաքվեին և որ առավել կարևոր է խորհրդարանական ընտրություններին ընդառաջ հայաստանյան քաղաքական համակարգը ձևախեղվեց կամ գուցե կորցրեց բառիս բովանդակային իմաստով քաղաքական համակարգ դառնալու հեռանկարը։ Արդյունքը եղավ շատ տարօրինակ մի իրավիճակ։ Անշուշտ, Տեր-Պետրոսյանն այսօր հայաստանյան քաղաքական դաշտի ամենախարիզմատիկ գործիչներից մեկն է, նա այդպիսին էր նաև 1991-ին, երբ ընտրվեց ՀՀ առաջին նախագահ, այդպիսին էր նաև 2008 թվականին, երբ վերադարձավ քաղաքականություն։ Սակայն արդյոք 1992-ին, 94-ին կամ 95ին՝ ՀՀ Սահմանադրության ընդունումից հետո, Տեր-Պետրոսյանը երկրի անվերապահ ղեկավարն էր, նախագահը բառիս լայն և բովանդակային իմաստով։

Թերևս այստեղ հարկ է անդրադառնալ մի շարք հանգամանքների։ Նախևառաջ՝ 1991 թվականին Տեր-Պետրոսյանն ընտրվեց ՀՀ նախագահ որպես թիմի անդամ, թիմի խորհրդանիշ, թիմը հասկանալի է, որ Ղարաբաղ կոմիտեն էր։ Սա ինքնին նշանակում է, որ ընտրված նախագահը չէր կարող տիրապետել բացարձակ կառավարական լծակների և իշխանության. Ժամանակաշրջանը, պատերազմը և ԽՍՀՄ փլուզումից հետո առաջ եկած արմատական փոփոխությունները ստիպում էին, որպեսզի չլիներ ո՛չ նախագահի, ո՛չ էլ որևէ մեկի բացարձակ իշխանության վիճակ։ Իրադրությունը, սակայն , բոլորովին այլ էր 1996 թվականի նախագահական ընտրություների ընթացքում, դրանցից հետո և միգուցե նաև առաջ։ Բուն ընտրությունների օրվա մասին Վանո Սիրադեղյանի հայտնի ու հասանելի հարցազրույցը լիովին լույս է սփռում իրավիճակի վրա։ Իսկ իրավիճակը հետևյալն էր ՝Տեր-Պետրոսյանը պատրաստ չէր անգամ դառնալ երկրի նախագահ և դարձավ միայն Սիրադեղյանի և Վազգեն Սարգսյանի անմիջական միջամտության արդյունքում։ Այստեղ հարց է՝ արդյոք 1996 թվականի սեպտեմբերից հետո Լևոն Տեր-Պետրոսյանը չհայտնվեց ներկայումս չափազանց շատ շահարկվող անգլիական թագուհու դերում։ Կարծես թե՛իրավիճակը, թե՛ հետագա զարգացումները հենց այս մասին են վկայում, քանի որ արդեն 1998-ին Տեր-Պետրոսյանը հրաժարական տվեց՝ «հայտնի ուժերի ճնշման ներքո»։ Անշուշտ այս ժամանակաշրջանը քննության խիստ կարիք ունի և ներկայումս դաշտում առկա վարկածները, բացատրություններն ու մեկնաբանություննները պարզապես բավարար չեն։

Այս ժամանակաշրջանը մենք քննարկման առարկա կդարձնենք մեկ այլ տեսանկյունից. Արդյոք 1991-96 թ․թ․ և 1996-98 թթ ՀՀ նախագահը չի եղել դե յուրե երկրի բացարձակ առաջին դեմք և դե ֆակտո անգլիական թագուհի։ Իհարկե, հասկանալի է նաև, որ նման ընդգծված հակադրությունը ոչ գիտական է, ոչ էլ հասարակագիտական, սակայն քանի դեռ մենք այս հարցը չենք պարզել կամ գոնե փորձել վերլուծել, բոլոր խոսակցությունները ՀՀ չորրորդ նախագայի դերի, գործառույթների և դիրքի մասին հասարակ պոպուլիզմ և դատարկաբանություն են։

Նախագահի ինստիտուտի և քաղաքական համակարգի համար ուշադրության արժանի հաջորդ ժամանակաշրջանը 1998-99 թվականներն են։ Ըստ էության, նույն 1995 թվականի Սահմանադրությամբ հաստատված նախագահական կառավարման մոդելի շրջանակներում ՀՀ երկրորդ նախագահ դարձավ Ռոբերտ Քոչարյանը։ Սակայն, թերևս պետք է նշենք, որ Քոչարյանը ոչ պակաս անգլիական թագուհու կարգավիճակում էր մինչ 1999 թվականի հոկտեմբերի 27-ը։ Այս հատվածում որևէ մեկի համար գաղտնիք չէր, որ երկրում իշխանության իրականացման գլխավոր լծակները գտնվում էին Վազգեն Սարգսյանի և նրա թիմի ձեռքում, անշուշտ, փորձ է արվում նաև մինչ օրս Քոչարյանին ներկայացնել նույն թիմի անդամ, բայց այս հարցը բազում քննարկումների կարիք ունի։ Այս ժամանակահատվածը թերևս Հայաստանի երրորդ Հանրապետության համար առանցքային էր կամ գոնե պետք է լիներ այդպիսին, քանի որ այն քաղաքական համակարգը, որը ձևավորվեց 1999 թվականի հոկտեմբերի 27-ից հետո, պայմանավորեց մեծ հաշվով 2008 թվականի մարտի մեկը։

Պետք է շեշտել, որ խոսքը միայն բռնության մասին չէ, այլ համակարգի տրանսֆորմացիայի կամ գուցե թե ասենք Քոչարյանի օրոք ստեղծված համակարգի՝ տրանսֆորմացվելու ունակության բացակայության։ Սակայն, սա այլ քննարկման թեմա է, ուստի վերադառնալով մեր խնդիրն նշենք, որ ՀՀ նախագահներից երկուսը իրենց նախագահական ժամկետների առնվազն ինչ-որ փուլերում եղել են, այսպես ասած, անգլիական թագուհու կարգավիճակում։

Ընդ որում, եղել են այդ կարգավիճակում՝ ունենալով Սահմանադրական չափազանց լայն լիազորություններ, բայց այդ լիազորություններն առ ոչինչ են քաղաքական իրականության ու ռացիոնալության տեսանկյունից։ Ուստի վերադառնալով մեր օրեր՝ ընդամենը կարող ենք քննարկման դաշտ մտցնել նոր քաղաքական իրականության և նոր Սահմանադրական նորմերի առկայության պարագայում հայաստանյան քաղաքական համակարգի և, այս թվում, նաև նախագահի ինստիտուտի ու դերակատարության տեսլականի մասին քննախոսության թեմաներ, որոնք հիմնված կլինեն, այսպես ասած, առկա փորձի ու վերլուծության վրա և ոչ թե կարտահայտեն այս կամ այն խմբի ամբոխավարական կամ ամբիցիոզ շահերն ու քարոզչությունը։

Հ․Գ․ Հասկանալի է նաև, որ վերոհիշյալ անդրադարձը չափազանց համառոտ է և թերի՝ հաշվի առնելով ժամանակաշրջանն ու քաղաքական և ոչ միայն քաղաքական անցուդարձերի բազմաշերտությունն ու ընդգրկունությունը։ Սակայն մեր խնդիրը ոչ թե այս կամ այն ժամանակաշրջանի մասին սպառիչ վերլուծություն, հետազոտություն կամ ճշմարտությունը հայտնելն է, այլ ռեալ և սթափ քննարկման հարթակի ստեղծումը։

Շարունակելի

Մաս 2

Հեղինակ՝ Աղասի Մարգարյան

Նույն շարքից