Իրավական Հասարակություն Հարցազրույց 

Օրենքը մշակողների համար ավելի կարևոր է լռեցնել փաստաբաններին. Փաստաբան Արա Զաքարյան

analitik.am

Փաստաբանների համար 100 հազար տուգանք սահմանելու մասին օրենքի նախագիծն իր մեջ շատ լուրջ վտանգներ է պարունակում: Այսօր՝ փետրվարի 7-ին, Analitik.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Արա Զաքարյան՝ նշելով, որ այն նպատակ ունի լռեցնելու փաստաբաններին:

Պարոն Զաքարյանը վստահություն հայտնեց, որ այս օրենքի նախագիծը մշակվել է Սասնա ծռերի գործի և այլ քաղաքական գործերի պատճառով, որպեսզի դատավորները կարողանան անհրաժեշտության դեպքում ազդել փաստաբանների վրա և, օրինակ, տուգանել նիստերի դահլիճը լքելու համար: Մեր զրուցակցի խոսքերով, փաստաբանները երբեք որևէ ինքնանպատակ քայլ չեն անում նիստերի ժամանակ և արված բոլոր արտահայտություններն իրենց պատճառներն ունեն:

Մեր այն հարցին, թե կան արդյոք հստակ ձևակերպումներ, թե ինչ քայլի համար փաստաբանը կարող է տուգանվել, Զաքարյանն ասաց, որ ամեն ինչ կախած է դատավորից և ամեն ինչ թողնվում է դատավորի հայեցողությանը: Մասնավորապես, նիստերի դահլիճը լքելու համար դատավորը կարող է մեկին տուգանել, մյուսին՝ ոչ:

Զաքարյանը նաև հայտնեց, որ այս հարցում փաստաբանները պետք է միասնական դիրքորոշում ցուցաբերեն և համատեղ պայքարեն օրենքի դեմ:

Մեր հարցին, թե պատրաստ է արդյոք ինքը միանալ Փաստաբանների պալատի նախաձեռնություններին՝ կապված վերոնշալ օրենքի դեմ անցկացվող միջոցառումների հետ, պարոն Զաքարյանն ասաց, որ անձամբ ինքը երկու ձեռքով կողմ է ձեռնարկվող քայլերին:

Պարոն Զաքարյանը նաև վստահություն հայտնեց, որ Հայաստանը հերթական պարտություններն է կրելու ՄԻԵԴ-ում, եթե հանկարծ օրենքը մնա ուժի մեջ և հասնի ՄԻԵԴ:

Այն դիտարկմանը՝ մի՞թե օրենքը մշակողները չունեն այդքան իրավաբանական գիտելիքներ օրենքի հեևանքները գիտակցելու համար, Զաքարյանն ասաց, որ նրանք լավ էլ հասկանում են, սակայն ավելի կարևորում են հարկ եղած դեպքում փաստաբաններին լռեցնելը, քան՝ ՄԻԵԴ-ում պարտություն կրելը:

Մեր զրուցակիցը բարձրացրեց նաև դատավորների պատասխանատվության հարցը՝ նշելով, որ վերջիններս օրենքները խախտելու համար պատասխանատվության չեն ենթարկվում, և նույնիսկ այդ հարցը չի բարձրացվում, իսկ դրա փոխարեն միշտ խոսվում է փաստաբաններին պատասխանատվության ենթարկելու մասին:

Նույն շարքից