Ամենաընթերցվածներ Գլխավոր Վերլուծական Քաղաքականություն 

«Սասնա Ծռեր» խմբի գործով փաստաբանը գովաբանում է կաշառքի գործով կալանավորված Լոռվա քննիչներին. Ցանցը ավելի բացահայտ է սկսում գործել

analitik.am

Սույն թվականի հունվարի 18-ին ՀՀ Դատախազությունը հայտարարություն տարածեց, որում նշված էր, որ բացահայտվել է 2017-ի հունիսին Ալավերդի քաղաքում կատարված սպանությունը՝ ավելացնելով, որ ձերբակալվել է հանցավոր խմբի պարագլուխը: Խոսքը վերաբերում է հայտնի «Ալավերդյան վենդետաներ»-ին, որին անդրադարձել էինք մեր հոդվածում: Նույն օրը «Սասնա Ծռեր»-ի գործով փաստաբաններ Լուսինե Սահակյանը և Երվանդ Վարոսյանը հայտարարություն տարածեցին, որում կատարված աշխատանքի համար գովաբանեցին դատախազության, ԱԱԾ ու, ինչքան էլ տարօրինակ է, Քննչական Կոմիտեի աշխատակիցներին: Այո, սա խմբագրական վրիպակ չէ, «Սասնա Ծռեր»-ի գործով փաստաբաններն իրոք դա արել են, մասնավորապես նշելով՝ «կարող ենք փաստել, որ գործով նման զարգացումը հնարավոր էր միայն ՀՀ գլխավոր դատախազության, ՀՀ ԱԱԾ և Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության համագործակցված արհեստավարժ աշխատանքի արդյունքում»:

Կրկնում եմ՝ սա ուղղակի մեջբերում է: Քննիչներին գովաբանելուց զատ, փաստաբանները նշում են նաև, որ «ակնհայտ անբավարար էր ոստիկանության կողմից իրականացվող աշխատանքի որակը, որի պարագայում ակնհայտ էր, որ հանցագործությունը այդպես էլ լիարժեք չէր բացահայտվելու»: Ընդ որում, չի նշվում, թե կոնկրետ ո՞ր բացթողման համար է ոստիկանությունը զրկվում իր բաժին գովքից:

Այս հայտարարություններին հետևած մամուլի արտահոսքերը և Քննչական Կոմիտեի իրարամերժ հերքումների շարանը թույլ է տալիս որոշ տրամաբանական շղթա կառուցել: Այսպես, օրեր անց «Ժամանակ» օրաթերթը հայտնում է իր ընթերցողներին, որ Լոռվա վարչությունում բացահայտված խախտումների հետևանքով 6 քննիչ ազատվելու է աշխատանքից: Քննչական Կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը հերքում է այս լուրը նշելով. «Դա ապատեղեկատվություն է, ոչ մի քննիչ աշխատանքից ազատման դիմում չի ներկայացրել և ոչ էլ աշխատանքից ազատվել է»: Երկու օր անց Քննչական Կոմիտեն հաստատում է, որ մեկ քննիչ կազատվի աշխատանքից, որից մի քանի օր անց էլ հաստատվում է մնացած հինգի հեռացման լուրը: Ընդ որում, հեռացվածների ու կալանավորվածների թվում է նաև Լոռվա քննչական վարչության պետը, ում ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանը մի ամիս առաջ պարգևատրել էր «Հավատարմության համար» շքանշանով:

Ավելին, պարզվում է, որ վերոհիշյալ ԱԱԾ-ի ու Դատախազության համատեղ աշխատանքի շնորհիվ բացահայտվել է հանցավոր համագործակցության մի ամբողջ ցանց՝ քրեածին էլեմենտների և քննիչների միջև: Մինչդեռ, «Ժամանակ» օրաթերթը շարունակում է արտահոսքերը՝ պնդելով, որ հանցավոր խումբն անձամբ ղեկավարել է Լոռու մարզպետը: Ի դեպ, ոչ պաշտոնական, ոչ էլ ոչ պաշտոնական լրահոսում ոստիկանությունը չի հիշատակվում: Միակ հիշատակումը, թերևս, վերոհիշյալ փաստաբանների հայտարարության մեջ էր:

Ընկնելով ծուղակի մեջ` «Սասնա Ծռեր» խմբի գործով փաստաբան Լուսինե Սահակյանը հերթական չհաշվարկված քայլն է անում՝ տարածում է լուր, որտեղ ասվում է, թե Ոստիկանապետի եղբայրը հանցավոր խմբի ղեկավարի մտերիմն է, անգամ այցելել է «Նուբարաշեն» ՔԿՀ: Այս լուրը միանգամից հերքվում է, իսկ փաստաբանը հեռացնում է իր համապատասխան գրառումը սեփական ՖԲ էջից: Այն նույն փաստաբանը, որը երկու շաբաթ առաջ փորձում էր կանխարգելել Աղվան Հովսեփյանի ամրոցի ուղղությամբ շարժվող աղետը՝ գովաբանելով քննիչներին, որոնց բռնել էին կաշառք վերցնելիս: Ի դեպ, կաշառք, որը ստացել էին Վահագն Աբգարյանին արդարադատության առջև կանգնելուց զերծ պահելու համար, այն նույն Վահագն Աբգարյանին, որն իբր Ոստիկանապետի եղբոր մտերիմն է: Մնում է հասկանալ՝ ինչու է Ոստիկանապետի եղբոր մտերիմն իր հարցերը լուծում Ոստիկանապետի թշնամի կառույցի հետ ու ամեն կերպ սատարում «Գազպրոմ»-յան սինդիկատի ողջ բուրգին: Էլ ավելի հետաքրքիր կլիներ իմանալ՝ ինչով էին մտածում «Սասնա Ծռեր» խմբի գործով փաստաբանները, երբ նման ինքնազոհողության էին գնում: Մի՞թե նրանց հավաստիացրել էին, որ լավ PR-ի դեպքում քննիչները կխուսափեն պատժից, արդյո"ք նրանց վստահեցրել էին, որ հերթական անգամ մեդիա մանիպուլյացիայի միջոցով հարցը կհաջողվի լուծել:

Այս միջադեպը տարվա սկզբից թափ հավաքած ալիքի ընդամենը մեկ դրվագն է: Քննչական Կոմիտեի կաշառակերներին գովաբանող «Սասնա Ծռեր»-ի գործով փաստաբանն ընդամենը շարունակում է այն աշխատանքը, որը սկսել էին «Սասնա Ծռեր»-ի «խոսնակ» Սյուզան Սիմոնյանը՝ արդարացնել փորձելով վարչապետ Կարապետյանին Ճվճվ Արոյի որդիների հետ կապված գործում, վարչապետի օգնական Մհեր Տերտերյանը, միանգամից որոշելով, որ Ճվճվ Արոյի որդիների մասնակցությամբ տեղի ունեցած վթարում մեղավոր են ոստիկանները, «Ազատություն» ռադիոկայանի լրագրողը՝ փորձելով համոզել հանրությանը, որ Ճվճվ Արոյի որդիներին ոստիկանությունն է բաց թողել, այլ ոչ թե քննիչները:

Տրամաբանական կլինի ենթադրել, որ ապրիլյան իշխանական վերադասավորումների մոտենալուն պես շատանալու են Հայաստանի իրական քրեաօլիգարխիկ բուրգերի հետ կապված բացահայտումները: Ըստ ամենայնի, իր մասին վավերագրական ֆիլմ նկարահանող Հովիկ Աբրահամյանն ու Վիգեն Սարգսյանի դեմ արշավ սկսած Սեյրան Օհանյանն էլ են զգում, որ հարվածները դեռ առջևում են, զգում են և փորձում նախապատրաստվել:

Հեղինակ՝ Արթուր Դանիելյան

Նույն շարքից