Հասարակություն Տնտեսություն 

Երևան քաղաքի 2017-ի բյուջեն կատարվել է հավելուրդով. Քաղաքապետարանը հաշվետվություն է ներկայացրել

analitik.am

Ներկայացվել է Երևան քաղաքի 2017 թ.-ի  բյուջեի կատարման վերաբերյալ  հաշվետվությունը, որի համաձայն ծրագրված 910 210  ՀՀ դրամ պակասուրդի փոխարեն բյուջեն փաստացի կատարվել է 1 488 882 ՀՀ դրամ հավելուրդով:

Նշված է նաև, որ բյուջետային ավարտին պարտքեր չեն թողնվել և փաստացի կատարողականի սահմաններում բոլոր ստանձնած պարտականությունները կատարվել են:  Ամփոփ ներկայացնում ենք Երևան քաղաքի 2017 թ.-ի  բյուջեի կատարման վերաբերյալ հաշվետվության մեջ ներկայացված  փաստացի եկամուտներն ու ծախսերը:

Եկամուտներ

Փաստացի եկամուտների   20.7%-ը ձևավորվել է հարկային եկամուտների և տուրքերի հաշվին, որից 6.9%-ը` գույքային հարկեր անշարժ գույքից, 8.4%-ը` գույքային հարկեր այլ գույքից, 4.7%-ը` ապրանքների օգտագործման կամ գործունեության իրականացման թույլտվության վճարներից, 0.6%-ը` ապրանքների մատակարարումից և ծառայությունների մատուցումից այլ պարտադիր վճարներից։

Հաշվետու ժամանակահատվածում փաստացի եկամուտների 30.0%-ը ձևավորվել է պաշտոնական դրամաշնորհների հաշվին, 49.2%-ը՝ այլ եկամուտների հաշվին, որից 0.2%-ը` շահաբաժիններից, 1.4%-ը` գույքի վարձակալության դիմաց եկամուտներից, 42.1%-ը` համայնքի բյուջեի եկամուտներ ապրանքների մատակարարումից և ծառայությունների մատուցումից և 4.7%-ը` վարչական գանձումներից։

Հարկային եկամուտների գծով ապահովվել է  ընդհանուր ծրագրային ցուցանիշների կատարումը, իսկ որոշ դեպքերում նաև դրանց գերակատարումը։  Տեղական տուրքերի կազմում 36.2% տասակարար կշիռ է ապահովել  արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար 1,256,964.0 հազար դրամի չափով փաստացի հավաքագրված տուրքը։ Ոգելից խմիչքների ու ծխախոտի արտադրանքի վաճառքի համար տուրքերի մասով մուտքերը կազմել են 493,829.9 հազար դրամ ծրագրված 435,324.0 հազար դրամի նկատմամբ: Ավտոկայանատեղի համար տուրքերի գծով ծրագրված 920,000.0 հազար դրամ ցուցանիշի դիմաց փաստացի մուտքերը կազմել են 997,046.5 հազար դրամ, որից 56,408.0 հազար դրամը՝ ծառայողական ավտոկայանատեղի կազմակերպման համար:

Այսպիսով՝ հարկային եկամուտների և տուրքերի մասով 2017 թվականի փաստացի կատարման ցուցանիշները գերակատարվել է 411,767.4 հազար դրամով, ինչ իր հերթին ավել է 2016 թվականի փաստացի կատարողականից 790,596.0 հազար դրամով կամ 5.6%-ով:

Պաշտոնական դրամաշնորհների մասով մուտքերը կազմել են 21,776,238.1 հազար դրամ, որը կատարվել է 100.0%:   Երևան քաղաքի 2017 թվականի բյուջեով այլ եկամուտների գծով նախատեսված էր 35,914,260.2 հազար դրամի մուտքեր, որի դիմաց փաստացի հավաքագրվել է 35,691,976.9 հազար դրամ, որից:

Ծախսեր

Երևան քաղաքի 2017 թվականի բյուջեի միջոցների հաշվին կատարվել է 70,990,187.0 հազար դրամի ծախսեր, ծրագրված (ճշտված) 73,199,819.0 հազար դրամի դիմաց կամ ծրագրվածի 97.0%-ը։ Փաստացի կատարված ծախսերը եկամուտների տեսակարար կշռում կազմում են 98,0%։

Ընդամենը փաստացի ծախսերից 70,490,782.7 հազար դրամը կամ 99.3%-ը ուղղվել են ընթացիկ ծախսերին (վարչական բյուջե), իսկ 881,404.3 հազար դրամը կամ 1.2%-ը` կապիտալ բնույթի զուտ ծախսերին (ֆոնդային բյուջե), ինչպես նաև 3,602,509.9 հազար դրամի ծախսեր իրականացվել են ոչ ֆինանսական ակտիվների օտարումից մուտքերի հաշվին։

Երևան քաղաքի 2017 թվականի բյուջեի ծախսերի ծավալներում գերակշիռ են սոցիալական բնագավառի (կրթություն, առողջապահություն, սոցիալական ապահովություն) ծախսերը, որոնց տեսակարար կշիռը ընդհանուր ծախսերի մեջ կազմում է 42.1%, տրանսպորտի բնագավառին վերաբերող ծախսերինը՝ 16.2%, շրջակա միջավայրի պաշտպանությանն ուղղված ծախսերինը՝ 10.6%։

Նույն շարքից