Իրավական Քաղաքականություն 

ԱԺ 4 խմբակցություններից 3-ը դեմ են փաստաբանների նկատմամբ տուգանք սահմանելուն

analitik.am

ԱԺ-ն այսօր երկրորդ ընթերցմամբ քննարկեց «Քաղաքացիական դատավարության օրենսգիրքը» և կից ներկայացված օրենքների փաթեթը: Նախագծով առաջարկվում է 100 հազար ՀՀ դրամի չափով տուգանք սահմանել փաստաբանների համար, ինչը կիրառվելու է դատավորի հայեցողությամբ և ենթակա չի լինելու բողոքարկման:

Սա, ըստ ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանի, մեծացնելու է ՄԻԵԴ-ում Հայաստանի պարտությունների թիվը:  Բացի դրանից, պատգամավորի խոսքերով, դրույթը հակասահմանադրական է: ԵԼՔ-ի պատգամավորը պնդում է, որ սա ուղղակի զսպաշապիկ է լինելու փաստաբանների համար, այսինքն՝ դրանով լռեցնելու են փաստաբաններին:

ԵԼՔ խմբակցության մեկ այլ պատգամավոր Էդմոն Մարուքյանը բարձրացրեց նաև այն հարցը, որ ուսումնասիրություններ չեն ներկայացվել, թե ինչու են անհրաժեշտ նման կարգավորումները: Մարուքյանի համար անընդունել է նաև այն, որ դատավորի որոշումը բողոքարկման ենթակա չի լինելու:

Ծառուկյան խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հայտնեց, որ հանդիպում է ունեցել Փաստաբանների պալատի նախագահի հետ և լսել պալատի մտահոգությունները: Ըստ Զոհրաբյանի, կարգավորումը փաստաբանների անկախության հետ կապված խնդիրներ է ստեղծելու, քանի որ  դատավորը չի կարող սանկցիա կիրառել՝ լինելով դատական պրոցեսի կողմ և փաստաբանի անկախությունը սահմանափակել: Ծառուկյան խմբակցության պատգամավորը կոչ արեց փոփոխությունը չդարձնել «պրինցիպի հարց» և նորից քննարկումներ կազմակերպել շահագրգիռ կողմերի հետ:

Փաստաբաններին տուգանելու մասին կարգավորմանը դեմ արտահայտվեց նաև ՀՀԿ-ի կոալիցիոն գործընկեր ՀՅԴ-ն: Մասնավորապես Արմեն Ռուստամյանը հայտարարեց, որ հրատապության կարիք չկա: ՀՅԴ-ական պատգամավորն էլ վստահություն հայտնեց, որ օրենքի ընդունումից հետո խնդիրներ են լինելու միջազգային ատյաններում, և պետք չէ լարվածություն ստեղծել:

Նույն շարքից