Գիտություն Հասարակություն Մշակույթ 

Տեխնոլոգիաները ժամանակակից մարդուն դարձնում են ալարկո՞տ

Մի քանի տեխնոլոգիական նորարարություններ ոգևորության ալիք են բարձրացրել աշխարհի տարբեր անկյուններում։ Տեխնոլոգիաները, որոնց մասին նախկինում կարող էինք միայն երազել, արդեն հասանելի են: Ներկայացնում ենք դրանցից մի քանիսը.

1.Առանց վարորդի բեռնատարներ։ Ինքնակառավարվող բեռնատարները նպատակ ունեն նվազեցնել վթարները, որոնց մեծ մասում կա մարդկային գործոն: Այժմ ամենատարածված բեռնատարը Semi-ն է: Այն ներկայացնում է Tesla ընկերությունը:

2.Մեխանիկական էկզոկմախք։ Ֆանտաստիկ ֆիլմերի ամենատարածված ատրիբուտն արդեն իսկ իրականություն է: Կան մի շարք նախագծեր, որոնք հենց էկզոկմախքներ ստեղծելու համար են: ReWalk-ը դրանցից մեկն է:Այս էկզոկմախքն օգնում է պարալիզացված մարդկանց նորից ոտքի կանգնել և ինքնուրույն անել որոշ շարժումներ:

3.Սննդի 3D արտատպում։ Սննդի 3D արտատպումն ունի մեծ պոտենցիալ և ապագայում թույլ կտա ստեղծել սննդի մեծ պաշարներ՝ առանց ավելորդ ջանքերի: ByFlow սննդային պրինտերն արդեն այսօր պատրաստում է կերակուր՝ օգտագործելով բանջարեղենային, մրգային և անգամ մսային հիմքեր:

4.Տրանսֆորմերներ. Տրանսֆորմերների մասին դեռ ֆիլմեր են նկարահանվում, իսկ դրանք արդեն իրականություն են: Ուսումնասիրություններ են կատարվում Մասաչուսեթսի համալսարանում: M blocks ծրագիրը մշակում է ռոբոտների մոդելներ, որոնք կարողանում են փոխել իրենց կառուցվածքը: Ուսումնասիրությունները դեռ սկզբնական փուլում են, սակայն կան արդեն հաջողված օրինակներ:

5.Կենսաչափության վրա հիմնված վճարումներ։ Կենսաչափությունը մաթեմատիկական ստատիստիկայի մեթոդներով մշակում և պլանավորում է կենսաբանական օբյեկտների ուսումնասիրություններից ստացվող արդյունքները։Նման կենսաչափական տեխնոլոգիաներով կատարված վճարումներով արդեն շատ քչերին կարելի է զարմացնել: Այս ոլորտը գնալով ավելի ու ավելի է զարգանում:

6.Ռոբոտացված ավտոկայանատեղի ։ Գերմանիայի Դյուսելդորֆ քաղաքի օդանավակայանի այցելուներն այժմ կարող են օգտվել հատուկ ռոբոտացված ավտոկայանատեղից, երբ ավտոմեքենայի սեփականատերը վերադառնում է, ռոբոտն այն վերադարձնում է կայանման գոտի: Անպայման նշել է պետք, որ կայանատեղի արժեքը չի տարբերվում սովորական կայանատեղի արժեքից, որտեղ աշխատում են մարդիկ, կամ օրինակ ռոբոտ ճամպրուկը , որն ինքնուրույն հետևում է տիրոջը:

Այն Bluetooth–ի միջոցով միանում է սեփականատիրոջ սմարտֆոնին, արձագանքում է հատուկ ծրագրի հրահանգներին և միշտ գիտի, թե որ ուղղությամբ գնա իր տիրոջ մոտ: Մտահաղացման հեղինակն իսպանացի գյուտարար Ռոդրիգո Գարսիա Գոնսալեսն է: Էլեկտրոնային ճամպրուկի վրա կա երեք Bluetooth մոդուլ, որոնց միջոցով որոշվում է սմարտֆոնի դիրքը, իսկ միկրոպրոցեսորը պարզում է տիրոջ ուղղությունը և հեռավորությունը: Համաձայն այս տվյալների, ճամպրուկը գնում է մարդու ետևից, նրանք շարժվում են սեղմված օդի միջոցով և երբ ազդանշանը կորչում է, ճամպրուկը փակվում է և տեղում քարանում,իսկ հեռախոսը սկսում է ազդանշան տալ:

Հարց է առաջանում՝ նոր տեխնոլոգիաները ժամանակակից մարդուն դարձնում են ալարկո՞տ և ստիպում հրաժարվել ինքնուրույն աշխատանքի՞ց, թե՞ այս ամենը պետք է դիտվի որպես նշանակալից առաջխաղացում։ Չենք հերքի, որ մենք սովորել ենք մեկ շարժումով անել նվազագույնը երեք գործողություն, ստեղծել ենք առանց վարորդ մեքենաներ և քայլող ճամպրուկներ , սակայն առաջանում է հարց՝ ո՞վ պետք է մտածի վայրի պայմաններում թակարդներ լարելու, ջուրը ֆիլտրացնելու կամ վայրի բույսերի օգտակարության մասին , քանի որ հնարավոր կլիմայական շեղումների դեպքում մենք պրակտիկորեն չենք կարողանա գոյություն պահպանել։

Ռոբոտացված իրականությունը տարիների հետ զրկել է մեզ նույնիսկ լավ հիշողությունից, մենք հասարակ տաս տողը հիշել ու արտաբերել դժվարանում ենք, քաղաքական գործիչների մեծամասնությունը դուրս է գալիս ելույթների թուղթը ձեռքում, իսկ վատագույն դեպքում՝ նմանատիպ տեքստերն իրենց փոխարեն գրում է, օրինակ, համեստ աշխատասեղանի շուրջ նստած մեկը, ում այդպես էլ ոչ մեկ չի ճանաչի:

Մենք ալարկոտ չենք, պարզապես ստեղծված նոր տեխնոլոգիաները ստիպել են հնարավորինս քիչ ծանրաբեռնվել ու փոխարենը շատ վաստակել ։ Վտանգ կա միայն, որ մարդը՝ զարգացնելով տեխնոլոգիաները՝ այդ թվում արհեստական բանականությունը, ինչ-որ մի օր կարող է գերի դառնալ իր իսկ կողմից ստեղծած ռոբոտների ձեռքում ճիշտ այնպես, ինչպես նկարագրվում է մի շարք ֆանտաստիկ ֆիլմերում:

Հեղինակ՝ Յանա Մարտիրոսյան

 

  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Նմանատիպ նյութեր