Գիտություն Հասարակություն Մշակույթ 

Արգելված գրքեր

Դժվար է պատկերացնել , որ ժամանակին եղել են և կան գրքեր , որոնց ընթերցանությունն  արգելվել է ։ Սակայն, արգելված լինելը դրանց ճանաչվածության ու ընթերցանության ցուցանիշների վրա բոլորովին չի ազդել , հակառակը , հավելյալ հետաքրքրասիրության ալիք է բարձրացրել նմանատիպ գրականության շուրջ ։

Ներկայացնում ենք 5 արգելված գրքեր

1․ Ջորջ Օրուել  «1984»

«1984»-ը հակաուտոպիսական վեպ է , որտեղ ամբողջատիրական  համակարգը կործանում է մարդուն ։ Ամեն ինչ վերահսկվում է , սիրել չի կարելի , կապվել չի կարելի , ոչ ոքի հավատալ չի կարելի ։ Ծառայել միայն համակարգին , իշխանությանը , ջնջել սեփական «ես»-ը , հոգևոր և մտավոր ինքնուրույնության հետ միասին , ծառայել ու ծառայել, անվերապահորեն ծառայել ։

Ուինսթոն Սմիթն աշխատում է «Ճշմարտության նախարարությունում» ։ Մի օր նա որոշում է ըմբոստանալ և ազատվել հսկողությունից , բայց բնակարաններում կամ հասարակական վայրերում տեղադրված են սարքեր՝ «հեռէկրաններ» ։ Մտքի ոստիկանությունը հսկում է մարդկանց մտքերը ։

Վեպը երկար տարիներ արգելված է եղել ԽՍՀՄ տարածքում , եվրոպական շատ երկրներում և ԱՄՆ -ում ։ Այսօր  այն համարվում է  20-րդ դարի լավագույն վեպերից մեկը։

2․ Հենրի Միլլեր «Խեցգետնի արևադարձը»

«Խեցգետնի արևադարձը» պատմում է ամերիկացի վիպասան Հենրի Միլլերի Փարիզում անցկացրած տարիների, նրա սեքսուալ արկածների մասին ։ Այն տպագրվել է 1934 թվականին 1000 տպաքանակով և 30 – ականների համար բավականին թանկ գնով՝50 ֆրանկով, է վաճառվել ։ Այդ տարիներին Ֆրանսիայում թույլատրվում էր «անբարո» բովանդակությամբ գրքեր հրատարակել , եթե դրանք ֆրանսերեն չէին ։ Հենրի Միլլերի վեպն անգլերեն էր , այդ իսկ պատճառով չտպագրելու պատճառ չկար ։ Սակայն, հրատարակիչ Ջեք Կագանը գրախանութներին պատվիրել էր թաքուն վաճառել այն ։ Գրքի բովանդակային ծանոթագրության մեջ նա գրել է. «Այս գիրքը ցուցափեղկերում չդնել» ։

Գրքի մի քանի օրինակներ հայտնվում են ԱՄՆ -ում , Անգլիայում և միանգամից արգելվում ։Միլլերի հայրենիքում՝ ԱՄՆ-ում,  «Խեցգետնի արևադարձ»-ն իր անպարկեշտ բովանդակության և բառապաշարի համար 30 տարի արգելված էր ։ ԱՄՆ-ում  տպագրելու թույլտվություն ստացվեց  միայն երկար դատավարություններից հետո՝ 1960-ականներին ։

3․ Վլադիմիր Նաբոկով  «Լոլիտա»

Վեպը մեծահասակ տղամարդու՝ դեռատի աղջկա հանդեպ ունեցած կրքի մասին է ։ Մարդկային մեղքի , երևակայության , ցանկությունների և հնարավորությունների , կյանքի իմաստների և անիմաստության գիտակցության  մասին է ։ Գիտակցելով , որ հասուն տղամարդու և դեռատի աղջկա միջև սիրային կապի մասին պտտվող վեպը կարող է քննադատվել , Նաբոկովն ուզում էր այն կեղծանունով տպագրել ։ Այնուամենայնիվ , վեպը տպագրվում է 1955 թվականին Վլադիմիր Նաբոկովի անունով , ֆրանսիական  «Օլիմիպիա Պրեսս» հրատարակչության կողմից ։ Վեպը լուրջ  քննադատությունների և միաժամանակ հիացմունքի ալիք բարձրացրեց ։  «Քամուց քշվածներից» հետո , այն 2 -րդ գիրքն էր , որ ԱՄՆ -ում առաջին 20 օրերի ընթացքում վաճառվեց 100 000-ից ավել օրինակով ։ Սակայն , « Լոլիտան» երկար տարիներ տարբեր երկրներում արգելված է եղել ։ 1962 թվականին Սթենլի Կուբրիկը որոշում է գրքի հիման վրա ֆիլմ նկարել ։ Նա նաև Օսկար ստացավ  «լավագույն ադապտացված սցենար» անվանակարգում ։

4․ Էլիֆ Շաֆաք  «Ստամբուլի բիճը»

«Ստամբուլի բիճը» թրքուհի վիպասան Էլիֆ Շաֆաքի 6 – րդ վեպն է և 2 – րդը անգլերենով ։ Թուրքիայում այն արգելված է «ազգային ինքնությունը վիրավորող» բովանդակության համար ։ Հենց այս մեղադրանքով թուրք ազգայնականները սկսեցին հետապնդել հեղինակին ։ Թուրքիայում հայտնի 301 հոդվածով նրա դեմ դատավարություն սկսվեց ։ Հայրենիքում վտանգներն այնքան շատ էին , որ Էլիֆ Շաֆաթը հեռացավ այնտեղից և այժմ ապրում է Լոնդոնում ։ Վեպը պատմում է երկու թուրք և ամերիկահայ ընտանիքների , նրանց փոխհարաբերությունների , գաղտնիքների , մեղքի և դրանից ազատվել չկարողանալու մասին ։ Վեպում թուրք Մուստաֆան մեղք է գործում քրոջ հանդեպ  և այդ աններելի մեղքը զուգահեռվում ու  համեմատվում է հայերի հանդեպ թուրքերի գործած մեղքի հետ ։ Վեպը թարգմանվել է 30-ից ավել լեզուներով , այդ թվում, հայերենով։

5. Սալման Ռուշդի «Սատանայական բանաստեղծություններ»

Գիրքը ժամանակին մեծ աղմուկ բարձրացրեց միջազգային մամուլում : Այն  հնդիկ ներգաղթյալի մասին է : Ավիավթարից հետո նա փորձում է նոր կյանք սկսել Անգլիայում : Դրան զուգահեռ` Սալադին Չամչիի կյանքում ամեն ինչ փշուր-փշուր է լինում մահմեդական ճնշող բարքերի ներքո :

Հրատարակվելուց մի քանի ամիս անց Իրանի ղեկավար Խոմեյնին Ռուշդիին մահվան դատապարտեց աստվածանարգության համար և նրա հետքերով ուղարկեց վարձու մարդասպանների : Վերջերս , երբ Անգլիայի թագուհին Ռուշդիին ասպետի կոչում շնորհեց , իսլամական աշխարհում սկսեցին այրել Եղիսաբեթ երկրորդի խրտվիլակները : Ծայրահեղականները 150000 դոլար են խոստացել՝ գրողին կյանքից զրկելու համար :

Վենեսուելայում այս գիրքը կարդալու համար  15 ամսվա ազատազրկում է նախատեսվում,  Ճապոնիայում՝ օրենքով  սահմանված կարգով տուգանում են գիրքը վաճառողներին, ԱՄՆ-ոմ մի քանի հայտնի գրախանութներ անանուն սպառնալիքների տարափի ներքո ստիպված  հրաժարվեցին  վաճառել Ռուշդիի գիրքը :

Հեղինակ՝ Յանա Մարտիրոսյան 

  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Նմանատիպ նյութեր