Տնտեսություն 

ՀՀ-ում գնաճը կազմել է ոչ թե 2,6 տոկոս, այլ առնվազն 21,9 տոկոս. Փաշինյան

analitik.am

«ՀՀ-ում գնաճը, որը քաղաքացին իր ուսերի վրա զգում է, կազմել է ոչ թե 2,6 տոկոս, այլ առնվազն 21,9 տոկոս»,-այսօր ԱԺ արտահերթ նիստում Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու համար հարցի քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:

Ապա Փաշինյանը հիշեցրեց, որ օրեր առաջ խորհրդարանում թանկացումների մասին լսումների ժամանակ ցուցակ էր հրապարակվել, որում նշվել էին 20 անուն թանկացած և 20 անուն էժանացած ապրանքներ. «Մենք, ավելի ուսումնասիրելով այդ ցուցակը, տեսնում ենք, որ կարագը թանկացել է 41 տոկոսով, իսկ խառը կանաչին էժանացել 48,5 տոկոսով և այդպես շարունակ:

Այսինքն՝ ստացվում է, որ թանկացել են այն ապրանքները, որոնք ամենաշատն են օգտագործվում, և դրա փոխարեն էժանացել են այն ապրանքները, որոնք համեմատաբար ավելի քիչ են օգտագործվում և առաջին անհրաժեշտության ապրանքներ չեն»:

Իսկ ինչպես է ստացվել, որ գնաճը կազմել է  2,6 տոկոս: ԵԼՔ պատգամավորի խոսքերով, օրինակ, ինչ-որ թանկարժեք ավտոմեքենայի պահեստամասեր են էժանացրել: Դա մտցվում է  ընդհանուր ֆորմուլայի մեջ, ինչն էլ ազդում է գների վրա և գնաճի պատկերն այլ է լինում:

ԵԼՔ-ն իրավիճակից դուրս գալու համար առաջարկում է ակցիզային հարկի, եկամտահարկի և ավելացված հարկի փոփոխություններով ստացվող35-40 միլիարդ դրամը թողնել քաղաքացիների մոտ, որովհետև, հակառակ դեպքում, ՀՀ-ում գոյություն ունեցող սոցիալական ճգնաժամն ավելի է խորանալու: Փաշինյանի խոսքերով, պետք է վերադառնալ նախկին կարգին և հանգիստ քննարկել հարցը:

Նույն շարքից