Հայաստան Քաղաքականություն 

Ինչի՞ մասին է ԼՀԿ-ի ընդունած մանիֆեստը և ովքեր էին կուսակցության համագումարի հյուրերը

analitik.am

Այսօր՝ փետրվարի 17-ին, տեղի ունեցավ Լուսավոր Հայաստան կուսակցության 2-րդ համագումարը:

Համագումարի հյուրերի թվում էին Եվրոպայի ազատականների և ժողովրդավարների դաշինք կուսակցության (ADLE) փոխնախագահ Հենրիկ Բախ Մորթենսենը, Ֆրիդրիխ Նաուման հիմնադրամի Հարավային Կովկասի գրասենյակի ղեկավար Պետեր-Անդրեաս Բոխմանը, ԱԺ ԵԼՔ խմբակցության ղեկավար, ԵԼՔ դաշինքի մաս կազմող Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը, ԵԼՔ խմբակցության պատգամավոր, Հանրապետություն կուսակցության քաղխորհրդի նախագահ Արամ Սարգսյանը:

Իր խոսքում ԼՀԿ խորհրդի նախագահ Էդմոն Մարուքյանը, ամփոփելով երկու տարվա գործունեությունը, նշեց, որ կուսակցությունը մասնակցել է Վանաձորի ընտրություններին, ԵԼՔ դաշինքի կազմում՝ խորհրդարանական և Երևանի ավագանու ընտրություններին:

Մարուքյանը ներկայացրեց նաև «Իրավունքի գերակայության մանիֆեստ» անունով փաստաթուղթը, որն ավելի ուշ ընդունվեց:

Մարուքյանը նշեց, որ մանիֆեստն ընդունելով կուսակցությունը ևս մեկ անգամ վերահաստատում է, որ Հայաստանի զարգացման երկարաժամկետ անվտանգության և համընդհանուր բարօրրության գլխավոր երաշխավորը եվրոպական մոդելի պետության կառուցումն է:

Իր հերթին ADLE-ի փոխնախագահ Հենրիկ Բախ Մորթենսենը կարևորեց Հայաստանում ժողովրդավարության կառուցումը՝ նշելով, որ դա 1-2 տարվա գործ չէ: Պարոն Մորթենսենը պատրաստակամություն հայտնեց օգնել  Լուսավոր Հայաստանին և առհասարակ Հայաստանին՝  ժողովրդավարության հաստատման ճանապարհին: Համագումարի հյուրը հայտարարեց, որ ցանկանում է, որ Հայաստանն ապրի եվրոպական արժեքներով՝ ավելի խորացնելով համագործակցությունը Եվրամիության հետ:

Նիկոլ Փաշինյանը էլ նշեց, որ ուրախ է Լուսավոր Հայաստանի համագումարների 50 տոկոսին մասնակցելու համար՝ վստահություն հայտնելով, որ այդ տոկոսը հետագայում կհասնի 99,99 տոկոսի: Փաշինյանը նաև հույս հայտնեց, որ ԵԼՔ դաշինքը շուտով հանդես կգա իր համագումարով:

Հանրապետություն կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն էլ ողջունեց այն, որ ԵԼՔ դաշինքում կան տարբեր տարիքի և մասնագիտության ներկայացուցիչներ, ինչն օգնում է արդյունավետ աշխատելուն:

Լուսավոր Հայաստան կուսակցության խորհրդի քարտուղար Մանե Թանդիլյանն իր հերթին ներկայացրեց կուսակցության ֆինանսնական հաշվետվությունը:

Ավելի ուշ ԼՀԿ կառավարման խորհրդի անդամները նաև հանդես եկան ճեպազրույցով:

Լրագրողների հետ զրույցի ժամանակ ԼՀԿ նախագահ վերընտրված Մարուքյանն ասաց, որ համագումարի ժամանակ նոր մարմին է ստեղծվել՝ քաղաքական խորհուրդ, որը ներկայացուցչական մարմին է: Այդ նոր մարմնի մեջ ընդգրկվում են տարածքային կառույցների ղեկավարները և նրանք, ովքեր կհամարվեն ընտրված քաղաքական խորհրդի կողմից, նաև՝ կառավարման խորհուրդը:

ԼՀԿ նախագահն անդրադարձավ նաև վերոնշյալ մանիֆեստին, որն, ինչպես նշեցինք, ընդունվեց համագումարի ժամանակ: Մարուքյանի խոսքերով, Իրավունքի գերակայության մանիֆեստը ԼՀԿ-ի կողմից երկու տարի առաջ ընդունված ծրագրի մասն է: Մանիֆեստում խոսվում է այն մասին, թե ինչպիսի մոդելով Հայաստանը պետք է կառավարվի և  որ պետք է լինի իրավունքի գերակայությանը:

ԼՀԿ ղեկավարը խոսեց նաև ԵԼՔ դաշինքում տարաձայնությունների մասին՝ կապված Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարի հետ: Մարուքյանը նշեց, որ դաշինքի անդամ կուսակցությունների ղեկավարները տարբեր ճանապարհներ անցած մարդիկ են և հարստացնում են միմյանց, իսկ ինչ վերաբերում է կոնկրետ վարչապետի մասով տարբեր հայտարարություններին, ապա Մարուքյանն ասաց, որ թեմայի շուրջ իրենք տարբեր մեկնաբանություններ են արել և պետք չէ կոնտեքստից կտրած մտքերից ինչ-որ ենթադրություններ անել:

 

 

Նույն շարքից