Հայաստան Քաղաքականություն 

Հույս չունենաք, ԵԼՔ-ում տարաձայնություններ չկան. Արամ Սարգսյան

analitik.am

Ինչպես առանձին վերցված կուսակցությունում կան տարբեր մտածելակերպ ունեցող մարդիկ և կա առողջ բանավեճ, այնպես էլ ԵԼՔ դաշինքում կա առողջ բանավեճ: Analitik.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԵԼՔ դաշինքի մաս կազմող Հանրապետություն կուսակցության քաղխորհրդի նախագահ, ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը՝ անդրադառնալով մամուլում շրջանառվող այն խոսակցություններին, թե Սերժ Սարգսյանի հնարավոր վարչապետությունը ԵԼՔ դաշինքում դարձել է բուռն բանավեճի թեմա: Մի մասը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, կարծում է, որ պետք է պայքարել այդ գործընթացի դեմ, մյուս մասն էլ՝ ի դեմս Էդմոն Մարուքյանի, հակադարձում է, որ, այսպես կոչված՝ «ինստիտուցիոնալ» հակասության խնդիր կա։

Պարոն Սարգսյանը նշեց, որ տարաձայնությունների մասին խոսք չկա. «Տարաձայնություններ Հանրապետական կուսակցության մեջ կան, կարող եք այդ հարցն իրենց տալ: Մեր մեջ տարաձայնություններ չկան, հույս չունենաք: ԵԼՔ դաշինքը կա ու մնալու է»:

Մեր այն հարցին, թե ինչի մասին էր Փաշինյանը խոսում համագումարի ժամանակ, երբ հույս հայտնեց ԵԼՔ-ի համագումարի մասով, Սարգսյանն ասաց, որ խոսքը վերաբերում է մեկ կուսակցություն ստեղծելուն, ինչի մասին ասված է ԵԼՔ դաշինքի ստորագրած փաստաթղթում. «Այո, մենք ստորագրել ենք փաստաթուղթ, որում գրված է, որ հետագայում ԵԼՔ դաշինքը կարող է դառնալ նաև մեկ կուսակցություն»:

Հարցին, թե կա արդյոք շոշափելի առաջընթաց այդ մասով, Հանրապետություն կուսակցության քաղխորհրդի նախագահը պատասխանեց՝ իհարկե կա, ԱԺ-ում բոլոր նախաձեռնությունները, երթերը, միտինգները միասնական են եղել. «էդմոն Մարուքյանին ԱԺ նախագահի թեկնածու առաջադրելուն կողմ է եղել  թե Քաղաքացիական պայմանագիրը, թե Հանրապետությունը: Նույնը կարող եմ ասել նաև Արտակ Զեյնալյանի թեկնածությունը նախագահի պաշտոնի համար առաջադրելու մասին: Այդ միասնականությունն է վերջում հանգեցնում մեկ կուսակցություն ստեղծելուն»:

 

Նույն շարքից