Անցած շաբաթ Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանն իր համաձայնությունը տվեց դառնալ ՀՀԿ-ի նախագահի թեկնածուն՝ ընդունելով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկը: Ի՞նչ է պահանջվում խորհրդարանական Հայաստանի նախագահից և արդյոք Արմեն Սարգսյանը նախագահի թեկնածուի լավագույն տարբերակն է: Այս և այլ հարցերի շուրջ Analitik.am-ի թղթակիցը զրուցել է «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Թևան Պողոսյանի հետ.
Պարոն Պողոսյան, նախորդ շաբաթվա վերջում Արմեն Սարգսյանն իր հանդիպումների շարքից հետո հայտարարեց, որ ընդունում է ՀՀԿ-ի նախագահի թեկնածու դառնալու ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկը: Որքանո՞վ էր այս որոշումն անակնկալ և ի՞նչ շանսեր ունի նա նախագահ դառնալու հարցում:
-Շանսերի մասով կասեմ հետևյալը՝ Սարգսյանն Ազգային ժողովում որևէ խնդիր չի ունենալու: Եթե նա նույնիսկ առաջին փուլով չանցնի, երկրորդ փուլով կոալիցիոն համագործակցության շնորհիվ ընտրությունը տեղի կունենա, և այստեղ որևէ օրենքի խախտում չի լինի, չի լինելու լեգալության խնդիր: Իսկ ինչ վերաբերում է լեգտիմության հարցին, ապա կարող է վիճարկվել միայն Սարգսյանի քաղաքացիության հարցը՝ կապված ժամանակների հետ: Արմեն Սարգսյանի ընտրվելու հարցը կարող ենք համարել լուծված, մնում է իմանալ, թե որ օրն է դա տեղի ունենալու:
Ինչ վերաբերում է անակնկալին, ապա հանդիպումներից հետո Սարգսյանի հայտարարություններից ավելի ու ավելի պարզ էր դառնում, որ նա զգում է իր ունակությունները: Բայց սրա հետ մեկտեղ պետք է հասկանալ, որ որևէ բան օդից չի լինում: Այն, որ նա Մեծ Բրիտանիայից եկավ, արդեն խոսում է այն մասին, որ նա 60-70 տոկոսով որոշում կայացրել էր, իսկ մնացած տոկոսները լրացվեցին արդեն առաջարկը պաշտոնապես ստանալուց հետո մեկնարկած հանդիպումների արդյունքում: Այդ հանդիպումներն օգնեցին վերջնական և ծանրակշիռ որոշում կայացնելու համար: Անակնկալի մասին խոսել երևի թե պետք չէ, քանի որ Սարգսյանը հանդիպումներից յուրաքանչյուրից հետո խոսում էր այս կամ հարցի մասով իր տեսլականի մասին: Հասկանալի էր, որ նա ընդունելու է առաջարկը:
Երբ ՀՀ նախագահը Արմեն Սարգսյանին առաջարկեց դառնալ նախագահի թեկնածու և վերջինս ժամանակ խնդրեց քաղաքական և հասարակական շրջանակների հետ հանդիպումների և վերջնական որոշում կայացնելու համար, կարծիքներ հնչեցին, որ այդ առաջարկը հաստատ անակնկալ չի եղել Սարգսյանի համար, նա իմացել է այդ մասին, հետևաբար ի՞նչ կարիք կար ժամանակ խնդրել և այլն: Ըստ Ձեզ, որքանո՞վ տրամաբանական կլիներ, եթե նա միանգամից հենց այդ օրն ընդուներ առաջարկը:
-Այն, որ նա Լոնդոնից եկել հասել էր Երևան՝ իմանալով, որ եկել է ոչ թե որպես դեսպան ինչ-որ հարցի մասով զեկուցելու, այլ նախագահի առաջարկը լսելու համար, նշանակում է, որ նա արդեն ինչ-որ չափով որոշում ուներ, սակայն վերջնական որոշում կայացնելու համար պետք էր ինչ-որ բան էլ անել: Պետք չէ մոռանալ, որ Արմեն Սարգսյանը կայացած անձնավորություն է: Նա կայացած է ինքն իրենով՝ որպես գիտնական, որպես դիվանագետ, որպես մարդ, ով կարողացել է կայանալ նաև բիզնեսում: Իսկ բիզնեսում կայացած մարդիկ միշտ ցանկանում են ունենալ ավելի հստակ պատկեր՝ որոշում կայացնելու համար: Բիզնեսի աշխարհում կայացած մարդը հարցը մանրակրկիտ է ուսումնասիրում և հիմնավոր որոշում կայացնում:
Այսինքն պետք չէ՞ թերագնահատել հանդիպումները, որոնք ՀՀԿ թեկնածուն ունեցավ:
-Բնականաբար, ոչ: Այս հանդիպումները նաև հստակեցում մտցրեցին հարցում, թե ում հետ ինչպես է աշխատելու Արմեն Սարգսյանը նախագահ ընտրվելուց հետո: Ես շատ դրական եմ համարում այն, որ նա հանդիպեց իրավապաշտպանների հետ: Հանդիպումները հստակ ուրվագծեցին, թե ինչ ուղղություններով է նա աշխատելու: Ողջունելի է նաև նրա այցը Արցախը, ինչը վկայում է, որ նա աշխատելու է Արցախի Հանրապետության իշխանությունների հետ: Աշխատելու է նաև սփյուռքի հետ և այն բոլոր հաստատությունների, ուր այցելեց: Իհարկե, պարզ է, որ նախագահի թեկնածուն չէր հասցնելու լինել այն բոլոր տեղերում, որոնց հետ աշխատելու է, սակայն համագործակցության ուղղություններն արդեն պարզ են:
Դեռ մինչև Արմեն Սարգսյանի անվան հոլովումը, ես միշտ առիթ եմ ունեցել ասելու, որ նոր նախագահն ունի լիազորություններ և պարտականություններ քաղաքական երկխոսության դաշտեր ձևավորելու հարցում: Տեսնենք, թե ինչ կլինի… Ամեն դեպքում, ինձ չի թվում, թե այս հանդիպումները ձևական էին: Դրանք հաստատ դեր խաղացել են վերջնական որոշում կայացնելու գործում:
Արմեն Սարգսյանի մասին մենք կարող ենք երկար խոսել, բայց ի՞նչ կասեք այն մասին, որ նա միայնակ է նախագահի աթոռի համար պայքարում: Ինչպե՞ս եք վերաբերում մեկ թեկնածուով ընտրություններին:
-Ցավում եմ, որ այսպես եղավ: Վստահ եմ, որ նույնիսկ Արմեն Սարգսյանի համար հետաքրքիր կլիներ, եթե այլ թեկնածուներ էլ լինեին: Եթե այդպես լիներ, հանդիպումների ժամանակ կոնկրետ հարցերի շուրջ տաբեր տեսլականներ կլինեին, և թեկնածուներն էլ կհասկանային, թե ինչով կարող են հարստացնել իրենց մոտեցումները: Բայց ունենք այն, ինչ ունենք:
Պարոն Պողոսյան, ի վերջո ինչո՞ւ Արմեն Սարգսյան: Մենք ունե՞նք այլ գործիչներ, ովքեր կկարողանային պայքարել նրա հետ նախագահի աթոռի համար:
-Անփոխարինելի մարդիկ չկան: Պետք չէ մոռանալ, որ մինչև Արմեն Սարգսյանի անվան ի հայտ գալը, մամուլում էլի անուններ շոշափվում էին: Նույնիսկ միայն իշխող թևում տարբեր հնարավոր թեկնածուների անուններ էին հնչում ժամանակ առ ժամանակ: Ամեն դեպքում, ՀՀԿ-ի հնարավոր թեկնածուների թվում, Արմեն Սարգսյանի թեկնածությունը, երևի թե, լավագույնն է: Բայց վստահ եմ, որ հանրապետությունում էլի արժանի թեկնածուներ կան:
Բայց ես այլ բանի մասին եմ ուզում խոսել: Իմ կարծիքով, ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերը դեռ նախընտրական շրջանում պետք է հրապարակեն այն մարդկանց անունները, ովքեր զբաղեցնելու են այս կամ այն պաշտոնները: Օրինակ, թե ով է լինելու վարչապետը, եթե իրենք ընտրվեն, կամ ովքեր են լինելու քաղաքական ոլորտների պատասխանատուները, ինչպես նաև նախընտրական ծրագրի քայլ առ քայլ կյանքի կոչելու մեխանիզմները: Ես դրա մասին վաղուց եմ խոսել: Ես նաև այցելել եմ Արցախ՝ կոչ անելով ընտրություններին մասնակցող ուժերին այցելել Արցախ: Պետք է գնան Արցախ, խոսեն իրենց նախընտրական ծրագրերի մասին, որպեսզի արցախցիներն էլ իմանան, թե ինչ է անելու տվյալ ուժը Արցախի հարցի մասով, եթե իշխանության գա: Շատ հնարավոր է, որ այդ հանդիպումների արդյունքում նախընտրական ծրագրերում ինչ-որ բաներ փոխվեն: Այս մասով ես շատ ուրախ եմ, որ Արմեն Սարգսյանն այցելեց Արցախ:
Մենք պետք է մեր քաղաքական մշակույթում հասնենք այն բանին, որ ընտրություններին մասնակցող ուժերը նախընտրական փուլում ներկայացնեն իրենց թեկնածուների անունները: Դա կարևոր է, քանի որ հանրությանը կարող է դուր գալ այս կամ այն ուժը, սակայն միայն այն, որ այդ ուժի՝ նախագահի կամ վարչապետի թեկնածուն լինելու է կոնկրետ մարդը, ազդի մարդկանց ընտրության վրա, կամ՝ հակառակը:
Դե, նման դեպքերում միշտ բացատրվում է նրանով, որ պետք չէ ամեն ինչ պայմանավորել անձով:
-Խնդիրն անձով պայմանավորելը չէ: Լավ, հասկացանք, որ անձով պայմանավորված չէ, բայց պետք է ներկայացնել սեփական թեկնածուին, պետք է ներկայացնել քաղաքական ոլորտների պատասխանատուներին: Մարդիկ պետք է իմանան, թե ով է լինելու այս կամ այն պաշտոնում, եթե կոնկրետ ուժն ընտրվի: Չկա պահանջ, որ հստակ անուններ հնչեն, բայց եթե կոնկրետ ուժի մեջ կոնկրետ ներկայացուցիչը խոսի, օրինակ, կրթության ոլորտում եղած խնդիրների մասին, ես կհասկանամ, որ հենց նա է լինելու այդ ոլորտի պատասխանատուն և այդպես շարունակ: Մենք պետք է հստակ տեսնենք թիմ, որը պատասխանատու է լինելու, եթե տվյալ ուժը գա իշխանության: Իշխող ուժի մասով դա հասկանալի էր…
Իմ կարծիքով, այսօր նախագահի առնվազն 4 թեկնածու պետք է լիներ՝ ՀՀԿ-ից, ՀՅԴ-ից, Ծառուկյան դաշնիքից և ԵԼՔ-ից: Պետք է այսպես լիներ նույնիսկ այս դեպքում, երբ մենք գիտենք, որ ՀՀԿ-ի թեկնածուն է ընտրվելու: Մենք նաև կոնսուլտացիա չտեսանք ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի միջև: Եթե նախագահի թեկնածուի հարցի քննարկման համատեղ նիստ լիներ, միգուցե այլ բան մտածեինք: Իսկ եղավ այն, որ ՀՀԿ-ն թեկնածու առաջադրեց, որը հետո նաև հանդիպեց ՀՅԴ-ի հետ:
Պարոն Պողոսյան, այսօր մենք տեսնում ենք, որ խորհրդարանական Հայաստանում վարչապետի լիազորություններն ավելի են շատանում: Նույնիսկ կարծիք կա, որ վաղվա վարչապետն ավելի ուժեղ է լինելու, քան այսօրվա նախագահը: Ի՞նչ է անելու վաղվա Հայաստանում նախագահը:
-Այն, ինչ գրված է թղթի վրա, իրականության մեջ այդպես չէ: Ի վերջո, պետք չէ մոռանալ, որ վարչապետը և կառավարության ցանկացած անդամ հաշվետու են Ազգային ժողովին: ԱԺ-ն ունի բոլոր լծակները վարչապետին ամեն օր խորհրդարան կանչելու և ինչ-որ հարցեր քննարկելու համար: ԱԺ-ն կարող է պահանջներ ներկայացնել, վերահսկողություն իրականացնել: Եթե այդպես լինի, մենք չենք ասի սուպերվարչապետական: Այստեղ խնդիրն այլ է. Մենք բոլորս ֆիքսվել ենք, որ վարչապետը կոնկրետ այս մարդն է լինելու, և ինչպես կարող է ԱԺ-ն ռիսկ անի այդ մարդուն կանչի, պահանջներ ներկայացնի: Իսկ եթե այդ մարդը չեղավ, այդ ժամանակ ի՞նչ ենք ասելու: Այսօր առաջին անգամ սեղանին դրված է կաբինետային կառավարման մեխանիզմ և քաղաքական կուսակցության պատասխանատվության խնդիր: Խնդիրն այն է, թե արդյո՞ք հանրապետականները կառավարությունում գտնվող իրենց հանրապետականներին կկանչեն հարցեր բարձրացնելու համար, կկարողանա արդյո՞ք ոլորտային հանձնաժողովը կոնկրետ նախարարի պաշտոնանկության հարց բարձրացնել: Այդ լիազորություններն այսօր կան, մնում է հասկանալ, կիրագործվեն, թե՝ ոչ:
Իսկ նախագահն ի՞նչ է անելու:
-Ես կարող եմ խոսել Գերմանիայի օրինակի մասին: Մենք մինչև Հայոց ցեղասպանության մասին խոսակցությունները, գիտեի՞նք, թե ով էր այդ երկրի նախագահը: Բայց հենց նախագահի մեսիջից հետո Գերմանիայի խորհրդարանը փոխեց դիրքորոշումը հարցի շուրջ: Այսինքն՝ կարելի է առաջնորդել քաղաքական խոսքով, կառավարել, ուղղություն ցույց տալ: Նախագահը բանակցային դաշտ ձևավորելու լիազորություններ ունի: Նախագահը կարող է բանակցային դաշտ ստեղծել առճակատման դուրս եկած տարբեր ինստիտուտների միջև: Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչ կանի Արմեն Սարգսյանը որպես նախագահ, կարո՞ղ է առաջնորդ դառնալ, ունա՞կ է: Նա դրա համար անհրաժեշտ պոտենցիալն ունի, ունակ է, գիտակ է, տեսնենք, թե ինչ կլինի: Արդյունքում, նա կարող է շատ ավելի մեծ հարցեր լուծել, քանի մենք պատկերացնում ենք:
Այսինքն, այն պնդումները, որոնցով նախագահի պաշտոնը թերագնահատվում են, հող չունեն իրենց տակ:
-Պետք չէ մոռանալ, որ այսօր աշխարհում շատ հարցել լուծվում են բանակցություններով: Այդ մասով ես արդեն ասացի, որ նախագահը բանակցային դաշտ ստեղծելու լիազորություններ է ունենալու և հնարավորություն է ունենալու լուծել տարբեր շրջանակների միջև գոյություն ունեցող խնդիրները: Ես չգիտեմ, թե գործընթացն ինչպիսին է լինելու, բայց մի բան հստակ գիտեմ՝ պարոն Սարգսյանը՝ իր պոտենցիալով, տեսլականներով, հմտություններով, ունակ մարդ է և կարող է առաջնորդել: Ամեն դեպքում կյանքը ցույց կտա, թե ինչ կլինի:
Պարոն Պողոսյան, Հայաստանը շուտով կդառնա լիարժեք խորհրդարանական երկիր: Ի վերջո սա լավագո՞ւն որոշումն էր, եթե համեմատելու լինենք խորհրդարանական և նախագահական կառավարման ձևերը: Այսպես ավելի արդյունավե՞տ է լինելու:
- Արդյունավետություն կլինի, եթե յուրաքանչյուր ինստիտուտ գիտակցի իր պարտականություններն ու դերը, ստանձնի դրանք: Խորհրդարանական կառավարման համակարգում խորհրդարանը պետք է ստանձնի թափանցիկության, պահանջատիրության, հաշվետվողականության, վերահսկողության ֆունկցիաները: Խորհրդարանը կզգա՞ իր իշխանությունը: Ինձ համար այլևս նշանակություն չի ունենալու, թե ով է մշակել կոնկրետ օրենքը: Այն պահից, երբ այն հայտնվելու է հանձնժողովում, հենց հանձնաժողովն է դառնալու դրա տերը: Ես, օրինակ, երբ ԱՄՆ-ում Արցախի ներկայացուցիչն էի, տեսել եմ, թե ինչպես է Կոնգրեսի հանձնաժողովի նախագահը կարողանում իշխանություններին կոնկրետ հարցը տեղից շարժել, և սա նախագահական ԱՄՆ-ում: Հայաստանում էլ դա կարող է լինել, եթե ԱԺ-ում հասկանան, որ վերահսկողությունն ընդդիմության գործառույթը չէ: Հենց մեծամասնությունը պետք է գիտակցի դա, քանի որ հենց մեծամասնությունն է քվե ստացել, մեծամասնությունը պետք է անի այնպես, որ կառավարությունում գտնվող ներկայացուցիչը կատարի իրենից կախված ամեն ինչ կուսակցության նախընտրական ծրագիրը կյանքի կոչելու համար: Օրինակ՝ օրենքով գրված է, որ 6 ամիսը մեկը, այսպես կոչված, սուպերվարչապետը պետք է լինի ԱԺ-ում: Բայց սրան զուգահեռ խորհրդարանն իրավունք ունի հանձնաժողովներ ստեղծել և կոնկրետ ոլորտների պատասխանատուներին կանչել խորհրդարան, և որևէ մեկն իրավունք չունի չգնալ: Սա վերաբերում է նաև Ոստիկանությանը, ԱԱԾ-ին: Այս կառույցների փոխարեն որևէ նախարար չի կարող գնալ ԱԺ, հենց նրանք պետք է գնան, եթե խորհրդարանից կանչեն: Ամեն օր կարող են կանչել նրանց: Այսպես կոչված, սուպերվարչապետը կառավարության հետ հարց ու պատասխանների ժամանակ խորհրդարանում է լինելու, թող սուպերհարցեր տան:
Պետք է մի բան գիտակցել. Եթե չխոսենք կոնկրետ անհատի մասին և եթե դիտարկենք, որ Սերժ Սարգսյանը չի լինելու վարչապետ, սուպերվարչապետության մասին չեն խոսի: Այստեղ անհատի հարցն է, և հենց դրա մասին եմ խոսում, երբ ասում եմ, որ նախընտրական փուլում հասարակությունը պետք է իմանա, թե ով է լինելու այս կամ այն ուժի թեկնածուն այս կամ այն պաշտոնում:
Եթե վերադառնալու լինենք խորհրդարանական երկրի նախագահի պաշտոնին, ապա նախագահն ունի մեխանիզմներ: Չէի ասի, որ դրանք շատ են, բայց դրանք կան և դրանց օգնությամբ նախագահը կարող է ստանձնել իր երևացող դերը, այլ ոչ թե կորի գնա:
Մեր խնդիրներից մեկն էլ այն է, թե ինչպես ենք ապահովելու անկախ դատական համակարգը, որին մենք կհավատանք: Կարևորն այն է, թե ինչ կլինի իրականում, այլ ոչ թե այն, ինչ գրված է թղթի վրա:
Արթուր Մնացականյան