Հասարակություն Մշակույթ 

Հայ ժամանակակից գրողների գրքեր, որոնք պետք է կարդալ

analitik.am

Հայ ժամանակակից գրողները կերտում են 21-րդ դարի հայ գրականությունը։ Նրանք ապրում ու ստեղծագործում են մեր կողքին , սակայն շատերս  չենք ճանաչում ժամանակակից հայ գրողներին և նրանց ստեղծագործությունները։

Analitik.am-ն այսուհետ ներկայացնելու է  հայ ժամանակակից գրողներին  և նրանց ստեղծագործությունները:

Ստորև ներկայացնում ենք այն գրքերը, որոնք, կարծում ենք՝ պետք է կարդալ:

Նարինե Աբգարյան  «Մանյունյա»

Նարինե Աբգարյան՝ հայ ժամանակակից  գրող , բլոգեր ։ Ավարտել է Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանը ։ Ապրում է Մոսկվայում ։ Հայտնի է դարձել ինքնակենսագրական գրքի՝ «Մանյունյա»-ի , հրատարակումից հետո ։ Այդ գրքով դարձել է Ռուսաստանի ազգային գրական մրցանակի՝ «Տարվա ձեռագրի»  դափնեկիր  «Լեզու»  անվանակարգում ։

Նարինե Աբգարյանի «Մանյունյա»-ն  ներկայացվեց հայերեն՝ Նարինե Գիժլարյանի թարգմանությամբ : Վիպակի գլխավոր հերոսուհիներն են Նարինեն , Մանյունյան ու նրա տատիկ Տայը , ովքեր ընթերցողին են ներկայանում զավեշտալի ու,հեղինակի խոսքով, շիլաշփոթ իրավիճակներում ։ Հեղինակի՝ Նարինե Աբգարյանի խոսքով , գիրքը հասցեագրված է 0-ից 100 տարեկան չափահաս մանուկներին և պատմում է այն հերոսական մարդկանց մասին , ովքեր մեծացել են առանց համացանցի ու համակարգչային խաղերի :

«Ինձ համար վիպակը Հայաստանի մասին է , մեր մանկության , մեր ինքնության ,  սակայն շատերից եմ կարծիքներ լսել , նամակներ եմ ստացել հետխորհրդային երկրների գրողներից  ու ընթերցողներից , որտեղ ասում են՝ այն նաև իրենց մանկության մասին է , միասին ունեցած անցյալից է պատմում » ,- իր հարցազրույցներից մեկում ասել է  Նարինե Աբգարյանը ։ Նա նաև նշել է, որ գրքի վաճառքից ստացված հասույթն ուղղվելու է Տավուշի սահմանամերձ համայնքի երեխաներին ։

Նարեկ Մալյան   «Զրոյական կետ»

Նարեկ Մալյան՝ արձակագիր , միջազգային իրավունքի և հանրային կառավարման ոլորտում երկու մագիստրոսի աստիճան ստացած դասախոս, PR  մասնագետ:  Երևանի պետական ​​համալսարանի Սոցիոլոգիայի ամբիոնի,  Ոստիկանության կրթության համալիրի՝  ռազմավարական PR-ի և հաղորդակցման էթիկա առարկաների դասախոս: 2011- 2017 թթ. աշխատել է ՀՀ ոստիկանությունում՝ ՀՀ ոստիկանապետի  խորհրդականի պաշտոնում: 2017-ին Մալյանը դուրս եկավ աշխատանքից՝ ասելով, որ պետական համակարգում աշխատանքը խանգարում է իր ստեղծագործական և գիտական աշխատանքներին: Մալյանի առաջին գիրքը՝ Սոդոմի PR-ը (Пиар Содома ) լույս տեսավ ռուսերենով և չնայած հագեցած սյուժեին որակավորվեց ավելի շատ որպես  ձեռնարկ՝  PR ոլորտում մասնագիտանալ ցանկացող անձանց համար:

Նարեկ Մալյանը ծնվել է քահանայի ընտանիքում  և մանկությունն անցկացրել   Սբ. Գեղարդի վանքում , ինչն էլ, ըստ իր խոսքերի, մեծապես ազդել է իր ստեղծագործական կյանքի  վրա:

Նարեկ Մալյանը   «Զրոյական կետ»  գրավիչ գեղարվեստական վեպով աշխարհին է ներկայացնում քաղաքակրթության «զրոյական կետերն» ու ասում ,  որ ահաբեկչությունը չունի ոչ ազգային , ոչ էլ կրոնական պատկանելություն : Ինչպես նաև մատնանշում է , որ աշխարհի հզորները հաճախ են օգտագործել հավատի ուժը՝ իրենց իշխանությունն ամրապնդելու և բարիքները բազմապատկելու նպատակով : Նարեկ Մալյանն իր գրքում զուգահեռներ է անցկացրել քրիստոնեական և մահմեդական աշխարհների պատմական դեպքերի միջև , և վեպն ավարտել մեր օրերում տեղի ունեցած ահաբեկչություններից մեկով :  Գիրքը սկսվում ու ավարտվում է պատարագով, ինչի միջոցով փորձ է արվել նուրբ համեմատական գիծ տանել ժամանակակից աշխարհի ու միջնադարյան կրոնական ֆանատիզմի միջև :

«Գրքում ոչ թե մի , այլ մի քանի զրոյական կետեր են , դրանք թվով չորսն են և դրանք քաղաքակրթական զրոյական կետերն են : Այսինքն՝ այն կետերն են , որոնցից հետո քաղաքակրթության ընթացքը փոխվեց , և միանշանակ փոխվեց դեպի վատը» ,-  ասել է Մալյանը իր հարցազրույցներից մեկում ։

Մալյանի «Զրոյական կետ»  վեպով հետաքրքրված են մի շարք արտասահմանյան հրատարակչություններ, գիրքն արդեն թարգմանվել է անգլերեն և արաբերեն: «Ալ Արաբի» հրատարակչությունն էլ ձեռք է բերել «Զրոյական կետ»-ի հեղինակային իրավունքները:

Հովհաննես Թեքգյոզյան «Փախչող քաղաք»

Հովհաննես Թեքգյոզյան՝  դերասան, արձակագիր, դրամատուրգ ։ Սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում, աշխատում է Երևանի Հ.Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնում` որպես դերասան: Հեղինակել է բազմաթիվ պատմվածքներ, վիպակներ, պիեսներ, էսսեներ, սցենարներ, մեկ վեպ և չորս գիրք ։ Բազմաթիվ մանկական պիեսների հեղինակ է, որոնցից շատերը բեմադրվել է Երևանի դրամատիկական թատրոնում ։ Նրա ստեղծագործությունները թարգմանվել են անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն, պարսկերեն: Թարգմանել է շուրջ երկու տասնյակ պիես:  Հայաստանի թատերական գործիչների միության դրամատուրգիայի գծով քարտուղարն է, Երևանի Հ.Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի թատերախմբի վարիչը:

Հովհաննես Թեքգյոզյանի  «Փախչող քաղաքը» վիրտուալ կինովիպակ է, կիսով` աբսուրդային, կիսով` հուզիչ մի պատմություն երկու ընկերների մասին, որոնք հայտնվել են փախչող քաղաքում: Մի վայր, ուր ամեն ինչ` ներառյալ շենքերն ու մարդիկ, փախչում են: Վիրտուալ կինովիպակը գրված է ինքնատիպ ոճով, որտեղ միահյուսված են միստիկան ու քաղաքային տիպավորումները, գրոտեսկն ու հումորային զուսպ անցումները:Հերոսների յուրօրինակ վարքագծերը բացահայտվում են հոգեբանական հարցազրույցի, կինոդրամատուրգիայի հնարների, միֆապատումի և SMS հաղորդագրությունների միջոցով: Սահուն անցումները, համացանցային կայքերի նման, հաջորդում են միմյանց՝  կինովիպակին հաղորդելով խելահեղություն հիշեցնող ռիթմ ու արագություն:

Գրիգ «Հիսուսի կատուն»

Գրիգ ՝արդի հայ արձակագիր։ Հայաստանի գրողների միության անդամ։Ծնվել է  Երևանում, նկարչի ընտանիքում։ «Հիսուսի կատուն» պատմվածքների համար երեք տարի անընդմեջ արժանացել է «Գրեթերթ»-ի՝ «Տարվա լավագույն պատմվածք» մրցանակին։ 2016 թվականին Գրիգին շնորհվել է Հայաստանի Հանրապետության Նախագահի երիտասարդական մրցանակ՝ «Հիսուսի կատուն» պատմվածքների ժողովածուի համար ։

Գրիգի «Հիսուսի կատուն» երիտասարդ արձակագրի առաջին գիրքն է, որում մեկտեղված պատմվածքները երևան են բերում մի կողմից` գրողական ինքնատիպ ոճ, մյուս կողմից` աշխարհին ու մարդկանց նայելու յուրօրինակ դիտակետ։ Դրանց համադրությամբ` Գրիգի ստեղծագործական տարածության մեջ գոյավորվում են կերպարներ, որոնք օգնում են բացահայտել կյանքի ևս մեկ անտեսանելի կողմ։ «Հիսուսի կատուն» ընտրվել է որպես վերնագիր, քանի որ Գրիգի պատմվածքներից միակն է, որ լուսավոր ավարտ ունի ։

Յանա Մարտիրոսյան

Նույն շարքից