Հասարակություն Հարցազրույց Մշակույթ 

Չեմ կասկածում, որ ժամանակակից հայ գրողները կլինեն հայ մեծ գրականության շարունակողները.Մհեր Շահնազարյան

analitik.am

Փետրվարի 19-ը հայ մեծանուն բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է , և այդ օրը Հայաստանում նշվում է որպես գիրք նվիրելու օր: Գիրք նվիրելու տոնը հիշեցնում է մեզ, որ պետք է ճանաչենք գրքի արժեքը, ընթերցենք ու եթե ոչ հաճախ, ապա տարվա մեջ գոնե մեկ օր մեկական գիրք նվիրենք մեր մտերիմներին ու հարազատներին: Գիրքը միտք է ու հոգի, այն մեզ նվիրում է վայելքի անմոռաց րոպեներ ու ժամեր:

Analitik.am - ի զրուցակիցն է արձակագիր  Մհեր Շահնազարյանը: Քննարկեցինք մեր երկրում տիրող գրքամոլության աստիճանն ու հայ գրականության մեջ որոշակի դեր ունեցող մի շարք հանգամանքներ ։ Հարցազրույցն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև:

Խորհրդային տարիներին ընթերցանությունը համատարած երևույթ էր, եթե մարդիկ չէին կարդում, գոնե հպարտանում էին իրենց անձնական հարուստ գրադարաններով : Ձեր կարծիքով , ի՞նչն է պակասում այսօր մեր գրական դաշտում: Ընթերցողների թիվը գնալով շատանո՞ւմ է, թե քչանո՞ւմ ։ Արդյոք կարող ենք ասել , որ գրքեր ընթերցելու և գիրք նվիրելու մշակույթը վերադառնում է մեր կյանք ։ 

Այս ամենի հիմքում ընկած է տեխնիկայի գործոնը, որը բուռն զարգացում է ապրում հատկապես Խորհրդային Միության փլուզումից հետո։ Այսօր մարդու հետաքրքրությունների բավարարարման համար անհամեմատ ավելի շատ առաջարկներ կան, քան նախկինում էր, բայց ես կարծում եմ, որ միևնույն է, կարդացողը միշտ էլ կարդում է։ Գիրք ընթերցելու մշակույթը, ես կասեի, ոչ թե վերադառնում է, այլ որոշակիորեն փոխում է իր ձևը՝ ժամանակի պահանջներին համընթաց, իսկ գիրք նվիրելը դա պարզապես գեղեցիկ երևույթ է, որ միշտ պահպանել է պետք և երբեք չի կորցնի իր արժեքը։

Հայաստանում էլեկտրոնային գրականությունը, կարծես, հասանելիության առումով գերազանցում է տպագիր գրքերին , մի՞թե հարկավոր է շեշտը դնել այս օրինաչափության վրա և քչացնել տպագիր գրքերի քանակը ։ Ո՞ր տարբերակն է ավելի հարազատ և ո՞ր գիրքն է ձեզ համար լավագույնը։

Նախկինում մարդիկ ունեցել են գիրք ընթերցելու մեկ հնարավորություն՝ հանձինս տպագիր գրքերի, իսկ այժմ առաջարկվող տարբերակներն ավելի շատ են՝ համակարգչով, հեռախոսով և այլն, և մարդիկ կարող են կարդալ՝ ելնելով ոչ միայն իրենց ճաշակից, այլև ժամանակից, տեղից և այլ հանգամանքներից։ Ամեն դեպքում, գրքի ամբողջական հաճույքը հենց այն ձեռքը վերցնելու, թերթելու և ընթերցելու մեջ է, այդ պատճառով ավելի լավ է՝ տպագիր գրքերի քանակը ոչ թե քչացնել, այլ հնարավորինս շատացնել։ Սա իմ սուբյեկտիվ կարծիքն է։

 Այսօր գիրք նվիրելու տոնի կապակցությամբ մեր քաղաքում բազմաթիվ գրքասերներ նվիրում են միմյանց սիրելի կամ նախընտրած գրքեր ։ Հայ ժամանակակիցներից ո՞ր գիրքը կցանկանայիք նվեր ստանալ և ո՞րը նվիրել ։

Այո, ունենք ժամանակակից տաղանդաշատ գրողներ, և չեմ կասկածում, որ նրանք կլինեն հայ մեծ գրականության շարունակողները։ Դա, իհարկե, ցույց կտա ժամանակը, քանի  որ պատմությունը բազմիցս փաստել է, որ մշակութային կյանքի մեջ կա մի այսպիսի տխրեցնող իրողություն․Ոչ մի արվեստագետ՝ լինի գրող, նկարիչ թե երգահան, իր կենդանության օրոք ըստ արժանվույն չի գնահատվել այնպես, ինչպես մահից հետո, և այստեղ թերևս համամարդկային խիղճն է խոսում։ Ժամանակակից հայ գրողներից առավել տպավորված եմ Արամ Պաչյանի գործերից, իսկ նվեր ստանալու կամ նվիրելու համար կնախընտրեի նրա գրքերից որևէ մեկը։

5 տարի առաջ գրախանութներում 80 տոկոսը ռուսալեզու գրականություն էր և միայն 20 տոկոսը՝ հայերեն, պետք է չհերքել այն փաստը , որ հիմա պատկերը մասնակի փոխվել է ։ Այսպիսով , ըստ Ձեզ , հրատարակչությունների դե՞րն է ազդել այս առաջխաղացմանը , թե պարզապես մեր հասարակությունը վաղուց էր սպասում լայնածավալ հայերեն թարգմանության տարբերակով գրքերին ։

Ես գրքերը միշտ կարդացել եմ հայերենով։ Թե ինչու էր գրքերի ընդգծված մեծամասնությունը ռուսալեզու, դա հավանաբար Խորհրդային Միության մարող հետքերից մեկն էր։ Ամեն դեպքում, գրախանութներում միշտ պետք է լինեն նաև օտարալեզու գրքեր, իհարկե, ոչ այդպես համատարած, քանի որ մենք հայ ենք։ Իսկ թե ինչու պետք է լինեն օտարալեզու գրքեր, դա արդեն զուտ մասնագիտական նկատառումներ ունի։

Կարծիքներ կան , որ ընթերցողն ինչ-որ կերպ ազդում է գրականության վրա,ինչպես նաև այն վայրը ,որտեղ ապրում է գրողը : Կնկարագրե՞ք ձեր պատկերացրած ընթերցողին ,ինչքանո՞վ եք կարևորում այդ ազդեցությունը ձեր կողմից ստեղծելիք գրականության վրա և մի՞թե գրողի բնակության վայրը կարող է ազդել գրչի վրա ։

Պետք է, նախ և առաջ, սիրվել ընթերցողի կողմից։ Այն, թե ինչ կարող ես սպասել ընթերցողից, կամ թե նա որքանով կազդի գրչիդ վրա, կախված է նրանից, թե դու ինչ կարող ես տալ ընթերցողին։ Բնակության վայրը, իհարկե, կարող է ազդել գրչի վրա, ասեմ այսպես․Իմ ծննդավայրը Տավուշի մարզի սահմանամերձ գյուղ Բերդավանն է, և տպավորությունները՝ կապված թե հարազատ գյուղի և թե Տավուշի չքնաղ բնության հետ, ինձ միշտ ոգեշնչել է, ինչպես նաև վատ հիշողությունները, երբ թշնամին կրակում էր մեր գյուղի վրա, երբ ես դեռ երեխա էի։ Այդ բոլոր տպավորություններն ու հիշողությունները ինչ-որ կերպ տեղ են գտնում իմ գրվածքներում և այլ կերպ լինել չի կարող։

Մեզ հայտնի է որ ունեք երեք հրապարակած գիրք , որոնք արձակ ոճի մեջ են, շուտով կտապգրվի ևս մեկ գիրք ։ Ի՞նչ արձագանքների են արժանացել Ձեր հրապարակած գրքերը ,ի՞նչ սպասումներ ունեք և ինչի՞ վրա եք աշխատում հիմա ։

Այո, ունեմ 3 հրատարակված գիրք՝ «Երեք տարի անց՝ նույն օրը», «Սատանան՝ խաչի հետևում» և «Վարդը» , ունեմ նաև հեքիաթների, ինչպես նաև բանաստեղծությունների, մտորումների և հիշողությունների ժողովածուներ, որոնք դեռևս հրատարակված չեն։  Արձագանքը ընթերցողի կողմից, ընդհանուր առմամբ, ջերմ է, իսկ ներկայումս մտադիր եմ վեպ գրել, որը նույնպես կկարդա և կգնահատի ընթերցողը։

Մի քիչ ավելի կոնկրետ խոսենք ձեր գործերի մասին: Ձեր առաջին գրքի և վերջին շրջանի գործերի միջև էական տարբերություն տեսնո՞ւմ եք արդյոք և, ըստ Ձեզ՝ ո՞րն է այդ տարբերության հիմքը:

Նախ ասեմ, որ մտքերս սկսել եմ թղթին հանձնել 20 տարեկանից հետո։ Երբ առաջին գիրքս («Երեք տարի անց՝ նույն օրը») հրատարակվեց, 26 տարեկան էի, իսկ վերջերս իմ նախաձեռնությամբ այն վերամշակեցի և այն վերահրատարակվեց։ Թեկուզ հենց այդ գրքի մասով բավականին տարբերություն եմ տեսնում, և դա մի բան է, որ թելադրում է և՛ աշխարհընկալումդ, որ անընդհատ փոխվում է, և՛ ժամանակի թելադրանքը, և՛ ընթերցողի պահանջը։

Այսօր ժամանակակից մարդը կարդում է ժամանակակից գրականություն և հաճախ չի ընկալում: Համաձա՞յն եք այս տեսակետի հետ:  Ըստ ձեզ , ո՞րն է ընկալման բացակայության պատճառը և պատահել է արդյոք ,որ փորձեք պոեզիան ու նկարչությունը համադրել :

Առհասարակ այդպես չեմ կարծում, թե ժամանակակից ընթերցողը չի ընկալում ժամանակակից գրականությունը։ Իսկ եթե կա այդպիսի իրականություն, ապա պատճառը կարող է առանձին լինել, ասենք, երբ տվյալ մարդը պատրաստ չէ տվյալ գրականությանը, որ կարող է բխել առաջին հերթին իր պահանջներից։Ես այնպես եմ հասկանում, որ նկարչությունն ու գրականությունն իրար հետ չհամադրելը պարզապես անհնար է, դա հենց ի վերուստ է արվում՝ մեր կամքից անկախ։ Հետաքրքիր է՝ ինչպես կարող էր ստեղծագործել գրողը, եթե իր երևակայության մեջ չնկարեր տեսարաններն ու պատկերները, կերպարները և փիլիսոփայական ուժ չհաղորդեր դրանց․ Չէ՞ որ նկարիչները նաև լավ փիլիսոփաներ են։

Որո՞նք են ժամանակակից գրականության հիմնախնդիրները : 20-րդ դարի առաջադրած գրական լայնածավալ գրելաոճերից ո՞րն է առավել արդիական և նպատակահարմար և մեր օրերում ստեղծագործական խնդիրներից հատկապես ո՞րն եք կարևորում։

Թե ժամանակակից, և թե բոլոր ժամանակների համար գրականության կարևորագույն հիմնախնդիրներն են բնականը, կիրառականությունը և ուսուցանելիությունը ։ Եթե դու նույնիսկ հեքիաթ ես գրում, ապա այն պետք է լինի անիրական, բայց ոչ արհեստական։

Եվ վերջում, որքանո՞վ է նպաստում գրաքննադատությունը գրական դաշտի ձևավորման վրա և որքանո՞վ է բարձր գրաքննադատության արձագանքն այսօր ։

Այսպես կասեմ, ոչ մի լուրջ գրաքննադատ չի արձագանքի ինչ-որ անիմաստ գրվածքի։ Եթե քեզ քննադատում են, ուրեմն դու կարևոր բան ես գրել։ Պարզապես գրաքննադատությունը պետք է լինի գրական դաշտին համարժեք։

Յանա Մարտիրոսյան 

Նույն շարքից