Հայաստան Քաղաքականություն 

«Արսենալը» 32 տարով ավելի մեծ է Ադրբեջան պետությունից. Էդուարդ Շարմազանով

analitik.am

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը փետրվարի 19-ին հանդիպել է Երեւանի պետական, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանների եւ ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ուսանողների հետ, ովքեր ուսումնական պրակտիկա են անցնում ՀՀ Ազգային ժողովում:

Հանդիպման ընթացքում տեսակետներ են ներկայացվել երկրի արտաքին եւ ներքին քաղաքական գործընթացների առնչությամբ, ՀՀ ԱԺ նախագահի տեղակալին ուղղվել են բազմաթիվ հարցեր, մասնավորապես արտագաղթի կանխման, իշխանություն-ընդդիմություն փոխհարաբերությունների, զբոսաշրջության զարգացմանն ուղղված ծրագրերի, միջազգային հարթակներում մեր երկրի իրականացրած դիվանագիտական քայլերի, Հայաստան-Սփյուռք համագործակցության վերաբերյալ:

Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին եւ հայ-թուրքական հարաբերություններին առնչվող հարցերին անդրադառնալով՝ Էդուարդ Շարմազանովն ընդգծել է, որ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը Մյունխենի անվտանգության համաժողովում հստակ նշեց, որ Հայաստանը նախաձեռնել էր հայ-թուրքական արձանագրությունների գործընթացն առանց նախապայմանների, մինչդեռ Թուրքիայի իշխանությունները գնացին ժխտողականության եւ նախապայմանների ճանապարհով:

«Մենք ցանկանում ենք ապրել խաղաղ եւ կայուն տարածաշրջանում, բայց երբեք թույլ չենք տա, որ որեւէ պետություն մեզ հետ խոսի նախապայմանների լեզվով: Մենք շարունակելու ենք Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը եւ թուրքական ժխտողականության դեմ պայքարը»,-ասել է Էդուարդ Շարմազանովը:

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալն ընդգծել է, որ Արցախը երբեւէ չի լինելու Ադրբեջանի կազմում, քանի որ արցախցիները պատրաստ են մինչեւ վերջ պայքարելու հանուն անկախության եւ ազատության: ՀՀ ԱԺ փոխխոսնակի համոզմամբ՝ Ադրբեջանը չի կարող պատմական հողերի մասին խոսել, քանի որ նախ եւ առաջ պետք է պատմություն ունենալ: «Լոնդոնի «Արսենալը» 32 տարով ավելի մեծ է Ադրբեջան պետությունից»,-ասել է նա:

Հանդիպման ավարտին ՀՀ ԱԺ նախագահի տեղակալը նշել է, որ զարգացող աշխարհում երիտասարդների համար ստեղծված են լավագույն պայմանները, եւ նրանք պետք է մրցունակ լինեն, հարստացնեն գիտելիքները, ապրեն, արարեն ու շենացնեն իրենց հայրենիքը:

Նույն շարքից