Ամենաընթերցվածներ Գլխավոր Վերլուծական Քաղաքականություն 

Ովքե՞ր են Ադրբեջանի իրական հովանավորները

analitik.am

Դեռ 2016 թվականին Ռազմինֆո կայքն իր հոդվածներից մեկում հաշվարկել էր ԱՄՆ ռազմական օգնությունն Ադրբեջանին և Հայաստանին: Վերոնշյալ կայքի հրապարակած 2000-2017 թթ. տվյալների հանրագումարները վկայում են այն մասին , որ ԱՄՆ ՊՆ-ն Հայաստանին տրամադրել է 13 միլիոն ԱՄՆ դոլարի օգնություն, մինչդեռ, Ադրբեջանը նույն գերատեսչությունից ստացել է 126 միլիոն ԱՄՆ դոլար:

Ադրբեջանին աջակցություն ցուցաբերելն ԱՄՆ-ի կառավարությանը թույլ չի տալիս 1997-ին ընդունված 907 բանաձևը, սակայն, 2001-ին ընդունված փոփոխությունները թույլ տվեցին ԱՄն նախագահին շրջանցել այդ արգելքը:

Սակայն, Ադրբեջանի հիմնական ռազմական գործընկերը, մեծ հաշվով ԱՄՆ հաշվին գոյատևող Իսրայելն է: Վերջին տարիներին Իսրայելն ավելի քան մեկ ու կես միլիարդ դոլարի սպառազինություն է մատակարարել Ադրբեջանին: Իսրայելական հակատանկային և ԱԹՍ համակարգերն ապրիլյան պատերազմի օրերին Արցախի պաշտպանական ուժերում ցավալի կորուստների հանգեցրեցին: Առաջնագծում ծառայող մեր զինվորները նշում են նաև, որ ավելի ու ավելի հաճախ է հակառակորդի խրամատներից լսվում եբրայերեն խոսք:

Այս գործարքները հնարավոր չէին լինի, եթե Իսրայելին չհովանավորեր ԱՄՆ կառավարությունը, որը միայն անհատույց օգնության շրջանակներում տարեկան 3 միլիարդ ԱՄՆ դոլար է տրամադրում Իսրայելին, իսկ 2016-ին կնքված պայմանագրի համաձայն, միայն այդ օգնությունը 2019-ից սկսած տարեկան կկազմի արդեն 3.8 միլիարդ ԱՄՆ դոլար: Մոտ 6 միլիարդ ԱՄՆ դոլարի հասնող արտաքին առևտրի բացասական սալդոն, ըստ էության, նշանակում է, որ Իսրայելն ընդամենն ԱՄՆ-ի՝ աշխարհում ամենամեծ ռազմական բազան է, որն ուղղակիորեն «նստած» է ԱՄՆ բյուջեի դոտացիաների վրա: Բազա, որը հետևողականորեն ամրապնդում է Ադրբեջանի հարձակողական կարողությունները:

Բավարար է հիշել, որ Ապրիլյան քառօրյա պատերազմի մեկնարկի նախորդ օրն իսրայելական հակատանկային միջոցները ժամանեցին Ադրբեջան, իսկ բուն պատերազմի օրերին հենց իսրայելցիներն էին կառավարում մահաբեր ԱԹՍ-ները: Մինչդեռ, սույն թվականի փետրվարի սկզբին հայտնի դարձավ, որ Իսրայելն Ադրբեջանին է մատակարարում ոչ միայն ամերիկյան տեխնոլոգիաներով արտադրված զինատեսակներ, այլ նաև միջնորդ է հանդիսանում այլ երկրներից մատակարարումներ կազմակերպելու հարցում:

Նմանօրինակ գործարք էր կնքվել, երբ իսրայելական ընկերությունները, խախտելով իրենց իսկ ստանձնած պարտավորությունները, չեխական և սլովակական զինատեսակներ գնեցին արտադրողից և վաճառեցին Ադրբեջանին: Համաձայն չեխական հանրային հեռուստաընկերության ռեպորտաժի, սլովակյան MSM Martin-ը հրետանին առանձին վաճառել էր իսրայելական Elbit Systems-ին։ Մինչդեռ, Սլովակիայի էկոնոմիկայի նախարարության մամուլի խոսնակ Մարոշ Ստանոն հայտարարեց, որ սլովակյան կողմը հրեական պետության կառավարությունից հստակ գրավոր հավաստիացում և երաշխիք է ստացել, որ վերը նշված զենքը երրորդ երկրի չի վաճառվելու:

Հեղինակ՝ Արթուր Դանիելյան

Նույն շարքից