Ամենաընթերցվածներ Գլխավոր Վերլուծական Քաղաքականություն 

Սուննիական ահաբեկչությունը և դրա իսրայելական արմատները. Ալիքը հասնում է Հայաստան

analitik.am

2010 թվականի նոյեմբերի 30-ին «Վիկիլիքս» կայքը հրապարակեց Իսրայելի Մոսսադի ղեկավար Մեյր Դագանի և ԱՄՆ պետքարտուղարության ենթաքարտուղար Նիկոլաս Բըրնսի 2007-ի օգոստոսին տեղի ունեցած զրույցի մանրամասները: Թեպետ, զրույցի բովանդակությունը, ի թիվս այլ տեղեկությունների, նաև բացահայտեց, որ Իսրայելն ու ԱՄՆ-ն շահագրգռված են Իրանի դեմ պայքարի շրջանակներում օգտագործել էթնիկ և կրոնական փոքրամասնություններին, այս նորությունն անակնկալի չբերեց թեմայից քիչ, թե շատ տեղյակ մարդկանց:

Մերձավոր Արևելքի խնդիրներով զբաղվող մասնագետներն առանց այդ էլ քաջատեղյակ էին, որ Իրանի դեմ պայքարում ԱՄՆ-Իսրայել տանդեմի ռազմավարական հիմնական գործիքակազմը հիմնված է սուննի-շիա հակասությունների վրա, իսկ որպես մարտավարական ուղի էլ ընտրված է ահաբեկչությունը: Թե՛ «Վիկիլիքս»-ի հրապարակումից առաջ, թե՛ դրանից հետո նույնիսկ արևմտյան ամենահեղինակավոր լրատվականների էջերում տարիներ շարունակ հայտնվում էին նյութեր, որոնք մերկացնում էին վերոհիշյալ մոտեցումները: Իրանական Քուրդիստանում ապստամբության հետևում Իսրայելի ականջների մասին գրեց ամերիկյան առաջատար West Point ռազմական ուսումնարանը։ Նմանատիպ անդրադարձեր արել է նաև ոչ պակաս հեղինակավոր National Interest-ը: Հոդվածներ են տպվել New Yorker-ում և Le Figaro-ում:

Դեռ անցած դարի 50-ականներին Իսրայելի վարչապետ Դավիթ Բեն Գուրիոնն առաջ քաշեց «Alliance of the periphery» կոչված դոկտրինը, որը թարգմանաբար նշանակում է շրջագծային դաշինք և կոչված էր նրա համար, որ Իսրայելի շուրջ գտնվող ոչ արաբական երկրները դաշինք կազմեն՝ ի օգուտ Իսրայելի։ Այդ դաշինքի հիմնասյուներն էին Թուրքիան և Իրանը: Վերջինը Եգիպտոսի դեմ պատերազմի ժամանակ նույնիսկ Իսրայելի վառելիքի հիմնական մատակարարն էր։ 1979-ի Իրանում տեղի ունեցած հեղաշրջումը և 2000-ականներին Թուրքիայում իսլամիստների աճը վերոհիշյալ դոկտրինն ի չիք դարձրեցին։ Իսրայելի հանդեպ թշնամաբար տրամադրված սուննի արաբական աշխարհը համալրվեց շիիթական Իրանով և սուննիական Թուրքիայով: Հարաբերությունները կտրուկ վատթարացան գրեթե բոլոր մահմեդական երկրների հետ՝ բացառությամբ Արևմուտքի հաշվին գոյատևող Հորդանանի ու նախկին սովետական միության մահմեդական երկրների, որոնցից գլխավորը Ադրբեջանն է։ Ընդ որում, եթե ԱՄՆ-ի հետ առևտրային համագործակցության շնորհիվ հնարավոր էր լինում նավթով հարուստ արաբական երկրներից եկող վտանգը զսպել, ապա թուրքական ու իրանական կայսերական ամբիցիաների պարագայում դա անհնար էր, ուստի դրանք դառնում էին լուրջ սպառնալիք: «Շրաջագծային» դոկտրինում մնաց Ադրբեջանը, որը չափազանց հարմար տարբերակ էր՝ Թուրքիայի հետ կրոնական հակասություններով, իսկ Իրանի հետ էլ՝ տարածքային պոտենցիալ վեճով:

Հիմք ընդունելով փոխվող իրավիճակը՝ Իսրայելը շեշտը դրեց ներիսլամական հակասությունների և էթնիկ փոքրամասնությունների ամբիցիաների վրա: Այս առումով շատ հարմար էր սուննի-շիա հակասությունը և բազմամիլիոնանոց քրդական բնակչության պետականազերծ կարգավիճակը: Հիշյալ Դագան-Բըրնս զրույցից ընդամենը երեք տարի անց ամբողջ արաբական աշխարհը ցնցվեց անախորժությունների ալիքներից, իսկ քրդերով բնակեցված տարածաշրջանում էլ առաջացավ իսլամական ինտերնացիոնալ հատվածից բաղկացած ծայրահեղ խմբավորում, որն իրեն հռչակեց Իսլամական Պետություն, իսկ այդ «պետության» վախճանից գոյացած վակումը հիմա լցնում են անկախ Քուրդիստանի հարցով:

2016-ի ապրիլին արդեն Արցախի Հանրապետության և Ադրբեջանի սահմանին հիշյալ մահմեդական ինտերնացիոնալն իր խոսքն է ասում՝ մարտի դաշտում թողնելով հարյուրավոր «նվիրյալների»: Ապրիլյան պատերազմից երկու տարի անց հայկական մամուլում հայտնվում են լուրեր Հայաստան ներթափանցած իսլամական ահաբեկիչների խմբավորման մասին: Այն, ինչ նրանք չկարողացան անել 2016-ի ապրիլին, փորձելու են անել 2018-ի գարնանը: Ընդ որում, «նրանք» շատ լավ հասկացել են, որ ապրիլյան պատերազմի ժամանակ հայոց մարտունակության հիմնական գրավականը բնակչության համախմբումն էր։ Ըստ այդմ, այս անգամ հարվածը հենց թիկունքից պետք է սկսվի և վերջին շաբաթների մեդիա հարձակումները բանակի ուղղությումբ վկայում են այն մասին, որ գրոհը սկսված է, այն շարունակվելու է քաղաքական սրացումով, փողոցային անկարգություններով և, ըստ ամենայնի, կուլմինացիային է հասնելու նորից Արցախում:

 

Հեղինակ՝ Արթուր Դանիելյան

Նույն շարքից