Միջազգային Քաղաքականություն 

Հակաամերիկյան ֆիլմից մինչև «օգտակար ապուշներ».Միջազգային ԶԼՄ-ների անդրադարձը

analitik.am

Մի քանի օր առաջ  ԱՄՆ նախագահական ընտրությունների ժամանակ Ռուսաստանի միջամտության հարցի հետաքննության շրջանակներում ԱՄՆ հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերը  13 ռուսների մեղադրանք է առաջադրել: Այս հարցին անդրադարձել են մի շարք ԶԼՄ-ներ: Այսպես՝  The Washington Post-ը գրում է՝ ռուսական դիկտատորը Թրամփի կողմնակիցներին դարձրել է XXI դարի օգտակար ապուշներ:

«Օգտակար ապուշներ» արտահայտությունը հաճախ վերագրվում է Վլադիմիր անունով մեկ այլ ղեկավարի, ով այդպես էր վերաբերվում Արևմուտքի բնակիչներին, որոնք հաջողությամբ մանիպուլյացիայի էին ենթարկվում սովետական քարոզչական մեքենայի կողմից:

Հրապարակման մեջ նշվում է, որ Facebook-ում գրանցված խմբերի միջոցով ռուսները հաջողացրել են իրենց շուրջը  համախմբել Թրամփի թիմակիցներին՝ ներկայանալով որպես հանրապետական կուսակցության անդամներ, շուրջ  100  հազար  հետևորդ ունենալ, որոնց էլ փող են վճարել, որպեսզի նրանք վանդակ սարքեն և Քլինթոնի կաստյումով այնտեղ նստեն, վճարել են նախընտրական գովազդների համար, որտեղ բացի ամեն ինչից, կային  նաև Քլինթոնին՝ որպես  սատանա պատկերող նկարներ:

Ըստ հրապարակման, այժմ ամեն ինչ բացահայտված է, բայց ոչինչ տեղի չի ունենա, քանի որ ամենաօգտակար ապուշը, պարզվեց, ԱՄՆ նախագահն է, ում հետաքրքրում է միայն իր անձը:

The Wall Street Journal-ն էլ գրում է, որ դեռևս 2014 և 2015 թվականներին  ռուս ֆեյք օգտատերերը ապատեղեկատվություն էին տարածում ԱՄՆ-ում թունավորված  խմելու ջրերի, քիմիական գործարանի պայթյունի և այլնի մասին: Մինչ ԱՄՆ նախագահական  ընտրություններն արդեն իսկ ՌԴ-ն պատրաստվում էր, փորձարկում էր պանիկա տարածելու մեթոդները: Այս մասին պարբերականին ասել է Լոնդոնի Chatham House վերլուծական կենտրոնի ռուսական տեղեկատվական պատերազմների գծով փորձագետ  Քեյլ Ջայլսյան:

Արգելափակված օգտատերերի 221641 թվիթներում էլ, որոնք WSJ-ին հաջողվել է հայտնաբերել, մինչև ընտրական շրջանի ակտիվությունը քարոզվել է քաոս, վախ և պանիկա:

Թերթի անցկացրած հետաքննությունը ցույց է տվել, որ 2710 օգտատերերը գործել են միայնակ, բայց ժամանակ առ ժամանակ համախմբվել են որևէ գրառման շուրջ և փորձել ընդհանուր կարծիքը շեղել:

Bloomberg-ն էլ գրում է, որ  2013-ին Մոսկվայից ԱՄՆ են ժամանել երեք ռուս քաղտեխնոլոգներ:

Նրանց ղեկավարել է Եվգենի Պրիգոժինը, ով Պուտինի օգնականն է: Մյուլլերի մեղադրական եզրակացության մեջ անդրադարձ կա նաև Պրիգոժինին և մյուս քաղտեխնոլոգներին: Այնտեղ ասվում է, որ 2014-ին մի քանի ռուսաստանցիներ այցելել են ԱՄՆ՝ նշելով կեղծ նպատակ, իրականում այցի նպատակը եղել է իրենց միջամտության համար հետախուզական տվյալների հավաքագրումը:

Հոդվածում նաև նշվում է, որ Մատվեյչեվը հայտնել է, որ Պրիգոժինի այցն ԱՄՆ կատարվել է առանց Պուտինի հրահանգի:

Սակայն, ԱՄՆ հատուկ ծառայությունների նախկին բարձրաստիճան պաշտոնյա Ջոն Սայֆերի խոսքով, նման այցն առանց ՌԴ հետախուզական ծառայությունների միջամտության հնարավոր չէր լինի կազմակերպել: Կրեմլյան նախկին չինովնիկի խոսքով էլ, դեռևս 2011-ին Պրիգոժինը՝ Պուտինի թույլտվությամբ, որոշակի քայլեր է ձեռնարկել ինտերնետ թրոլլինգի ոլորտում:

Մատվեյչևն էլ իր հերթին ասել  է, որ  ԱՄՆ այցի նպատակը եղել է հակաամերիկյան ֆիլմերի շարքի ստեղծումը, ինչը պետք է Ամերիկան ցույց տար անբարենպաստ լույսի ներքո: Այդ այցի ժամանակ նկարահանված տեսանյութերն օգտագործվել են 16 րոպե տևողությամբ փաստագրական ֆիլմի ստեղծման համար, սակայն հետո նախագիծը  չի շարունակվել, քանի որ  Պրիգոժինը կորցրել է հետաքրքրությունը դրա նկատմամբ: Նա նաև նշել է, որ Պրիգոժինը նման նախագծեր իրականացնում է բացառապես Պուտինի նախընտրական քարոզչության արդյունավետության համար:

 

 

 

Նույն շարքից