Հասարակություն Հարցազրույց Մշակույթ 

Պլանավորում եմ անհատական մեկ ցուցահանդես ՄԱԿ - ի Հայաստանյան գրասենյակի սրահում.Դավիթ Դանիելյան

analitik.am

Ժամանակակից իրականության մեջ շատերին թվում է , թե ով երգել գիտի՝  երգիչ է , գրել գիտի ՝գրող, իսկ ուղիղ գիծ քաշողը՝ նկարիչ : Սակայն, ստեղծագործելը տարիներ շարունակ եղել է ընտրված մարդկանց շնորհ։

Analitik.am - ի հետ զրուցակիցն է նկարիչ Դավիթ Դանիելյանը:

Յուրաքանչյուր նկարչի , գոնե մեկ անգամ հարցնում են՝ ինչպե՞ս ճիշտ ներկայացնել իրեն , քանի որ կերպարվեստն ունի բազմաթիվ ճյուղեր , որոնցում առանձնահատուկ մատուցման տաղանդն առաջնային է : Այսպիսով , նկարիչ , դիմանկարիչ , թե՞ այլ կերպ , ինչպե՞ս դիմել Ձեզ  ։

Ես գեղանկարիչ եմ , կարող եք ինձ այդպես կոչել , իհարկե ժամանակ առ ժամանակ զբաղվել եմ նաև դիզայներական աշխատանքներով , բայց ինձ համարում եմ գեղանկարիչ ։ Նկարել սկսել եմ 4-5 տարեկան հասակում , քանի որ մանկությանս զգալի ժամանակահատվածն  անցկացրել եմ հայրիկիս արվեստանոցում , բնականաբար, շատ եմ տեսել , թե ինչպես է հայրս աշխատում իր ստեղծագործությունների վրա և այդ ամենից տպավորված սկսեցի նկարել , իսկ  աշխատանքներս աբստրակտ ոճի մեջ են ։

Հայտնի է , որ աշխարհահռչակ նկարիչներից ոմանք չեն ունեցել մասնագիտական կրթություն , այնուամենայնիվ, նրանց աշխատանքները սիրվել և գնահատվել են հանրության կողմից ։ Ձեր կարծիքով՝ նկարչական կրթությունը ի՞նչ դեր ունի ճանաչման ու գնահատման մեջ , և ի՞նչ կրթություն եք ստացել Դուք ։

Նախ՝ մի քանի խոսքով ներկայացնեմ անցածս ճանապարհը ։ Ծնվել եմ քաղաք Կապանում , նկարիչ ՝ Հրանտ Դանիելյանի ընտանիքում , ավարտել եմ Կապանի գեղարվեստի դպրոցը , այնուհետև ընդունվել եմ Երևանի Գեղեցիկ Արվեստների Ազգային Ակադեմիա ։ Առհասարակ, ցանկացած ոլորտում մասնագիտական ուսումը ողջունելի է , սակայն, իմ կարծիքով մշակույթի ոլորտում ոչ բոլոր ստեղծագործողների դեպքում է պարտադիր ունենալ մասնագիտական կրթություն , քանի որ ականատես եմ եղել շատ արվեստագետների ստեղծագործական հաջողություններին , ովքեր ոչ մի հատուկ կրթություն չեն ստացել ։

Մի փոքր համեմատական անցկացնենք՝ ինչպես գրիչը գրողի համար,այնպես էլ գույները նկարչի , առաջինի դեպքում բարձրագույն մտքի թռիչք , մյուսի դեպքում՝ տեսողական գրավչություն ։ Մասնավորապես, Ձեր նկարներում իշխում են վառ գույները , ինչո՞վ է պայմանավորված գույների ընտրությունը և ի՞նչ տեսակ միջավայր է պետք նկարչին ։

Գույների ընտրությունը կապված է նկարչի հոգեվիճակի և տրամադրության հետ , կարծում եմ՝ միշտ չէ , որ միջավայրը համապատասխանում է նկարչի ստեղծագործական ընթացքին , բայց և այնպես , ցանկալի է , որ  ստեղծագործող մարդն աշխատի ավելի հանգիստ միջավայրում , որպեսզի խանգարող հանգամանքներ չլինեն որոշակի նկար ստանալու պրոցեսում ։

Ժամանակը բազմաթիվ նոր մտահաղացումներ և մոտեցումներ է բերել նկարչության  և արվեստի տարբեր ասպարեզներ ։ Ինչպե՞ս եք վերաբերվում այդ նորարարություններին և ի՞նչի մասին են խոսում ձեր նկարած նկարները ։

Արվեստի տարբեր ճյուղեր տարբեր ժամանակներում ապրել  և ապրում են իրենց էվոլյուցիան ։ Շատ երկրներում  ամեն օր  զարգանում է արվեստի որոշակի ոլորտներ , ես ինքս էլ հետևում եմ դրանց զարգացումներին և բավականին լավ եմ վերաբերվում , իսկ իմ նկարած նկարները խոսում են տարբեր թեմաների մասին և  ամեն մի նկար ունի իր պատմությունը ։

Ձեր նկատելի փորձը կերպարվեստում  թույլ է տալիս մտածել , որ այս ասպարեզում բազում ներդրումներ , ինչպես նաև մի շարք անհատական ցուցահանդեսներ եք ունեցել ։ Մի փոքր խոսենք ձեր առաջխաղացումների և առաջիկա ծրագրերի մասին ։

Բազմիցս ունեցել եմ անհատական և խմբակային ցուցահանդեսներ ,առաջիկայում պլանավորում եմ անհատական մեկ ցուցահանդես ՄԱԿ - ի Հայաստանյան գրասենյակի սրահում , այն կկայանա այս տարվա ապրիլ ամսին ։ Իսկ հունիս-հուլիս ամիսներին նախատեսում եմ մասնակցել Եվրոպայում տեղի ունեցող միջազգային ցուցահանդեսներին ։

Դավիթ , անդրադառնանք ձեր մի քանի նկարներին, որոնք արժանացել են բարձր գնահատականի, փորձենք վերծանել դրանց գաղափարախոսությունը : Ի՞նչ է տալիս Ձեզ մարդկանց կողմից գնահատված լինելու փաստը ։

Յուրաքանչյուր նկար մարդն իր ձևով է վերլուծում , ավելի ճիշտ է թողնել այդ վերլուծությունները մարդկանց , որ զգան իրենց ձևով և ստանան նկարից փոխանցվող իրենց սեփական էմոցիաները ։ Ես երջանիկ եմ լինել գնահատված , նախ և առաջ , որպես մարդ տեսակ , հետո նոր՝ արվեստագետ ։ Ցանկացած գնահատական ավելի մեծ պատասխանատվության զգացողություն է առաջացնում և դրդում հասնել պրոֆեսիոնալիզմի և ավելի բարձր հարթակներում ներկայացնել իմ արվեստը ։ Նկարչությունը մասնագիտություն չէ , դա կյանք է, դա մեծ սեր է , առանց որի նկարիչը չի կարող հանգիստ ապրել ։

Ի՞նչ կասեք այն մտքին , որ մեր երկրում արվեստագետներին արժանի տեղ ու գնահատական չեն տալիս , այդ թվում ՝ նկարիչներին  ։ Կարծես թե արվեստը որոշակիորեն ետին պլան է մղվել ։ Որպես նկարիչ ,  որքանո՞վ եք Ձեզ գնահատված ու հասկացված զգում մեր երկրում ։

Ըստ իս ՝ 21-րդ դարը  ցանկացած երկրում ստեղծել է այդպիսի իրականություն , կան թե ընդունված և թե չընդունված նկարիչներ , նույնն է նաև  Հայաստանում ։ Ինչ վերաբերվում է ինձ՝  կարծում եմ՝ ամեն ինչ դեռ առջևում է ։

Յանա Մարիտրոսյան

Նույն շարքից