Ամենաընթերցվածներ Գլխավոր Միջազգային Վերլուծական Քաղաքականություն 

Մոտ հազար զոհ՝ ԱՄՆ և ՌԴ զինված ուժերի միջև բախումների արդյունքում

analitik.am

Անցած շաբաթ միջազգային հիմնական լուրերից մեկը սիրիական Դեր Զորում ԱՄՆ օդուժի կողմից իրականացված գործուղություններն էր, որոնց արդյունքում, տարբեր տվյալներով, 10-ից 400 ռուս զինվոր է զոհվել: ԱՄՆ ռազմաօդային ուժերի հրամանատար, գեներալ լեյտենանտ Ջեֆրի Հարրիգյանի տված ասուլիսից պարզ դարձավ, որ փետրվարի 7-ին ԱՄՆ օդուժը գրոհել և ոչնչացրել է մի գումարտակ, որը հարձակում էր նախաձեռնել նավթով հարուստ սիրիական հատվածի վրա: Ըստ Հարրիգյանի, այդ գումարտակն իրականացրել էր պլանավորված հարձակում՝ նախ հրետանակոծելով պաշտպանության առաջին գիծը, ապա գործի դնելով համազորայիններին:

Ռուսական մամուլն էլ հայտնեց, որ հարձակվողներն, ըստ ամենայնի, ռուսական մասնավոր ռազմական ընկերության վարձկաններին էին, որոնք, ամենայն հավանականության, կոմերցիոն բնույթի գործողություն էին իրականացնում՝ տեղացի մեծահարուստներին նավթային ակտիվները վերաբաշխելու հարցում օգնելու նպատակով։ Այս մասին մոսկովյան «Կոմերսանտ»-ին և «Մոսկվոսկի Կոմսոմիլեց» թերթերին հայտնել են իրենց աղբյուրները: Կորուստների մասին ստույգ տվյալ մինչ օրս չկա, թեպետ, ՌԴ ԱԳՆ-ն ընդունել է ՌԴ քաղաքացիների մահվան փաստը, բայց չի նշել ո՛չ մահվան պատճառները, ո՛չ էլ զոհերի քանակը: Սակայն, այն փաստը որ ԱՄՆ օդուժը կիրառել էր F-15E կործանիչներ, MQ-9 տեսակի ԱԹՍ-ներ, B-52 տեսակի ռազմավարական ռմբակոծիչներ և AH-64 Apache տեսակի ուղղաթիռներ վկայում է այն մասին, որ զոհերի քանակը հարյուրների սահմանում է:

Որոշ ռուսական լրատվամիջոցներ տարածեցին նաև չհաստատված լուրեր առ այն, որ ԱՄՆ օդուժը հարձակում է գործել այն պահից հետո, երբ ՌԴ ուժերի շտաբը հրաժարվել է ընդունել Դեր Զորում սեփական զինված ուժերի ներկայության փաստը, ինչն էլ ամերիկյան հրամանատարությանը թույլ է տվել ցուցադրական պատժիչ գործողություններ իրականացնել: Ուշագրավ է նաև այն փաստը, որ ամերիկյան ուժերը բավականին լոյալ գտնվեցին, երբ թուրքական բանակը ներխուժեց Աֆրին, որը նույնպես վերահսկվում էր ԱՄՆ դաշնակից քրդական ուժերի կողմից: Փաստորեն, ստացվում է, որ ամերիկյան աջակցության վրա կարելի է հույս դնել միայն այն դեպքում, երբ հարցը վերաբերում է նավթահոր պաշտպանելուն:

Դեր Զորի միջադեպից երեք շաբաթ անց համացանցում հայտնվեցին փաստեր առ այն, որ Սիրիայում առկա են ռուսական հինգերորդ սերնդի կործանիչներ: Սիրիայում գտնվող ռուսական ՍՈւ 57-երի արբանյակային պատկերները հրապարակեց նաև իսրայելական Imagesat International (iSi) կազմակերպությունը: Այնուհետև լուրեր տարածվեցին այն մասին, որ իբր ռուսական օդուժը վրեժ է լուծել ամերիկացի «գործընկերներից» և հարվածել Ղուտա քաղաքում տեղակայված ամերիկյան ու իսլամական ուժերին: Թեպետ, տարածված լուրերում շատ մանրամասն տվյալներ ներկայացված՝ ընդհուպ մինչև հարձակման ժամը և վայրերը, ինչպես նաև բազմահազար զոհերի քանակը, այդ լուրերին դեռևս չի անդրադարձել որևէ հեղինակավոր լրատվական: Սակայն, հարկ է նաև նշել, որ ռուս զինվորների մահվան մասին նույնպես սկզբում հայտնեցին դեղին երանգներով լրատվականները: Կարելի է ենթադրել, որ մոտ օրերս ի հայտ կգան նաև որոշ պաշտոնական տվյալներ, որոնք մասամբ կհաստատեն տեղի ունեցածը:

Հեղինակ՝ Արթուր Դանիելյան

Նույն շարքից