Բարի օր Հասարակություն Հարցազրույց Մշակույթ 

Գուցե եղել են հիասթափության պահեր, դա նորմալ է. Բաբկեն Չոբանյան

analitik.am

Կինոյի և թատրոնի առանձնահատկությունների, կատարած դերերի, սեփական հաջողությունների և այլ հետաքրքիր թեմաների շուրջ  Analitik.am-ը զրուցեց Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի դերասան Բաբկեն Չոբանյանի հետ ։

Յուրաքանչյուր դերասան կյանքի որևէ փուլում սկսում է զարգացնել իր ստեղծագործական ճանապարհը ։ Ձեր կյանքի ո՞ր փուլում սկսեցիք զարգացնել այն և, ըստ Ձեզ, ի՞նչն է ամենահաճելին և ի՞նչն ամենասարսափելին դերասանի մասնագիտության մեջ:

Դերասանի կյանքում զարգացումն անընդհատ է տեղի ունենում, միշտ կատարելագործվում ես, փորձառություն ձեռք բերում, հղկվում:Ամենահաճելին այն է, երբ արածդ աշխատանքն ուշադրության է արժանանում, երբ յուրաքանչյուր դեր նոր քայլ է դառնում: Ամենասարսափելին այն է, երբ դերասանը մտածում է, թե այլևս սովորելու բան չունի:

Հարցազրույցներից մեկում նշել եք , որ ակունքը թատրոնն է , որ թատրոնից է սկսվել ամեն ինչ և երբեք ոչ մի բան թատրոնի տեղը չի լրացնի ։ Այսպիսով՝ որպես դերասան ձեզ ավելի լիարժեք եք զգում թատրոնում, թե՞ ֆիլմերում և կա՞ ինչ-որ դեր , որ հատկապես ուզում եք խաղալ:

Թատրոնն ու կինոն շատ են համեմատում, բայց ես խուսափում եմ: Թատրոնում այլ կերպ եմ զգում ինձ, կինոյում՝ այլ: Եվ այդ համեմատությունը որևէ մեկի օգտին չէ: Չկա նման դեր կամ կերպար, որն անպայման ուզում եմ խաղալ:

Ասում են , որ թատրոնում հանդիսատեսի էներգետիկ դաշտը  կարևոր է  ։ Ինչպիսի՞ հանդիսատես է պետք դերասանին և հիմնականում դրական, թե՞ բացասական էներգիա եք զգացել ներկայացումների ժամանակ ։

Այո , թատրոնում հանդիսատեսի էներգիան միշտ զգում ես: Իսկ որքանով է այն դրական կամ բացասական, կախված է դերասանի համոզիչ, հետաքրքիր խաղից; Եթե դա կա, ուրեմն դահլիճի արձագանքը միշտ էլ լավ է։

Բաբկեն , ինչի՞ց եք ամենաշատը վախենում բեմ դուրս գալուց առաջ կամ ֆիլմում դերակատարության ժամանակ  և ի՞նչ եք անում դրանք հաղթահարելու համար ։

Դա վախ չէ, հուզմունք է (և շատ օգտակար), որը միշտ կա  բեմ մտնելուց առաջ,և կապ չունի որերորդ անգամ ես խաղում տվյալ ներկայացումը: Ֆիլմի դեպքում հուզմունքը գալիս է այն ժամանակ, երբ ֆիլմն արդեն էկրան է բարձրանում: Դրա դեմ պայքարել պետք չէ, հակառակը՝ պետք է անհանգստանալ, երբ այդ հուզմունքն այլևս չլինի։

Կարո՞ղ ենք այսօր պարծենալ մեր կինոարտադրության մեջ ունեցած հաջողություններով ։

Պարծենալու համար դեռ շաաատ շուտ է, եթե առհասարակ որևէ բանով պարծենալ պետք է: Այլ հարց է եղածը պահպանելն ու զարգացնելը: Այս առումով անելիքներ շատ կան մշակույթում առհասարակ և կինոյում՝ մասնավորապես:

Բաբկեն , գոնե մեկ անգամ կյանքում առաջացե՞լ է միտք ` թողնել դերասանի մասնագիտությունը և հանուն ինչի՞ եք պատրաստ թողնել այն ։

Գուցե եղել են հիասթափության պահեր, դա նորմալ է, բայց այդ միտքը լրջորեն չեմ ունեցել (դեռ) :

Եվ ամենավերջում՝ ո՞ւմ կցանկանայիք հայտնել ձեր կյանքի ամենամեծ շնորհակալությունը :

Շնորհակալ եմ ծնողներիս, միշտ…Շնորհակալություն :

Յանա Մարտիրոսյան 

Նույն շարքից