Առողջապահություն Բարի օր Հասարակություն 

Ի՞նչ կարծիք ունեն բժիշկները և քաղաքացիները դեղերը դեղատոմսերով բաց թողնելու մասին

analitik.am

Մարտի 1-ից ուժի մեջ մտավ ՀՀ Առողջապահության նախարարության կողմից դեղերը դեղատոմսով բաց թողնելու վերաբերյալ օրենքը : Այս օրենքի պահանջը կգործի հակաբիոտիկների, հորմոնային պրեպարատների և կոդեին պարունակող դեղերի մասով, հուլիսի 1-ից՝ բոլոր ներարկումային և հակաուռուցքային դեղերի, իսկ արդեն հոկտեմբերի 1-ից՝ դեղատոմսով դուրս գրվող մնացած բոլոր դեղերի նկատմամբ :

Analitik.am-ը թեմայի շուրջ զրուցել է բժիշկների և քաղաքացիների հետ՝ հարցնելով նրանց կարծիքը նոր օրենքի վերաբերյալ:

Բժիշկ գաստրոէնտերոլոգ Արմեն Ասոյանի կարծիքով, այս օրենքն ունի ինչպես դրական, այնպես էլ բացասական կողմեր: Դրականն այն է, որ հակաբիոտիկների ոչ տեղին օգտագործում չի լինի, ռեզիստենտականություն չի զարգանա ու հնարավոր կլինի նորմալ բուժել ծանր հիվանդությունները: Մեր զրուցակիցը բացասական կողմերից նշեց մի քանիսը. «Նույնիսկ ամենամոտ կարիքավոր հարազատին տնային պայմաններում չես կարողանա նորմալ բուժում գրել, որովհետև այդ դեղատոմսով հիվանդը չի կարող դեղ վերցնել: Դա հնարավոր կլինի անել միայն հիվանդանոցում, այն էլ՝ պարտադիր 5000 դրամ մուծելու պարտավորվածությամբ (նույնիսկ եթե դիմողը բժշկի ծնողն է կամ հենց ինքը բժիշկը): Բացասական է նաև այն, որ դեղը գնելիս, այն ընտրելու է մոտավորապես 3 տարի քոլեջում սովորած դեղագործը , ով հաստատ չի տեսել այդ դեղերի կլինիկական արդյունքների տարբերությունը ու խորհուրդ կտա կամ ոչ այնքան արդյունավետ դեղ, կամ էլ ամենաթանկը, որը ոչ միշտ է համարվում լավը:

Ստացիոնարում ծանր հիվանդին բուժած բժշկին լիազորություն չի տրվում դուրս գրելուց հետո պահպանողական բուժում նշանակել, դա պետք է անի տարածքային պոլիկլինիկայի բժիշկը, սակայն նրանց մեջ շատ քչերն են, որ կկարողանան ստացիոնար բժշկի բուժումները ճիշտ շարունակել, ինչն էլ պոլիկլինիկայում կսրի առանց այդ էլ կաթվածահար եղած վիճակը՝ հերթեր, բժիշկների ծանրաբեռնված աշխատանք, ինչն էլ չի կարող չազդել հիվանդի բուժման վրա»:

Բժիշկ Դավիթ Գրիգորյանի կարծիքով էլ, այս օրենքում դրական կողմեր չկան, քանի որ թե՛ բժիշկները, թե՛ հիվանդները քաոսային վիճակում են հայտնվելու: Նրա կարծիքով, կոռուպցիոն ռիսկերն այս օրենքի կիրառումից հետո ավելի են շատանալու: Իսկ այն հարցին, թե ինչպես է պատկերացնում այս օրենքի վերահսկողությունը Դ. Գրիգորյանը պատասխանեց. «Ոչ մեկ կոնկրետ ոչինչ չի կարող ասել, քանի որ մենք ապրում ենք Հայաստանում, այստեղ ամեն ինչ հնարավոր է»:

Քաղաքացիներից ոմանց կարծիքով, այս օրենքն ունի շատ դրական կողմեր: Նրանց խոսքերով, մարդիկ կդադարեն ինքնաբուժմամբ զբաղվել. «Գնում են դեղատուն, հարցնում ի՞նչ դեղ կարելի է օգտագործել, և դեղատան աշխատակիցը, կոպիտ ասած, ուղղակի դեղ է վաճառում։ Ո՞վ գիտի, միգուցե այդ դեղը տվյալ մարդուն հակացուցված է»,- ասաց քաղաքացիներից մեկը։

Ոմանց կարծիքով էլ, բարդություններ կլինեն. «Այս դեպքում հասարակ գլխացավի համար հիվանդը պարտավոր է այցելել բժշկին և միայն բժշկի նշանակած դեղատոմսն ունենալուց հետո գնել այդ ցավազրկողը։ Կամ օրինակ, եթե գիշերը հիվանդն ունենում է ցավ որովայնի կամ մարմնի մեկ այլ շրջանում, ստիպված պետք է շտապ օգնություն կանչի։ Իսկ մինչ այս նա ուղղակի կարող էր խմել, օրինակ ՝ Նիմեսիլ , որը մի քանի օր ազատում է անտանելի ցավերից»,- մեզ հետ զրույցում նշեց  մեկ այլ քաղաքացի:

Քաղաքացիներից մեկի խոսքերով էլ, դեղերի հետ կապված նոր օրենքը, անկասկած, նոր օրենքի սկիզբ է լինելու և մյուս քայլը կլինի պարտադիր բժշկական ապահովագրության ներդրումը, ինչը կբացատրվի նրանով, որ ժողովուրդը կսկսի բողոքել ամեն անգամ ստիպված բժշկի գնալու և հավելյալ մուծումներ անելու համար, իսկ ապահովագրման դեպքում ընկերությունը կվճարի նրանց փոխարեն, մտահոգությունն այն է, թե հետագայում որքան կարժենա ապահովագրությունը մեկ անձի համար:

«Փետրվարի 28-ին մինչև ուշ գիշեր մարդիկ դեղատներում հերթերի մեջ էին, որպեսզի գնեն անհրաժեշտ դեղեր: Պետությունն արհեստական կերպով խուճապ է ստեղծում մարդկանց մեջ: Օրենքն, անկասկած, աշխատելու է ի վնաս ժողովրդի, մասնավորապես, միջին և ցածր խավերի մարդկանց շրջանում»,-նշեց մի քաղաքացի:

Այսպիսով, թե՛ բժիշկները, թե՛ քաղաքացիները տարակարծիք են՝ մի մասի համար այս օրենքն իրոք լուրջ մտահոգվելու առիթ է հանդիսանում, մյուս մասի համար՝ դրական փոփոխություն: Այս օրենքի լավ ու վատ կողմերը ցույց կտա ժամանակը, երբ այն կսկսի գործել և գործնականում կհայտնաբերվեն թերություններն ու առավելությունները:

Յանա Մարտիրոսյան

Նույն շարքից