Առողջապահություն 

Դեղը դեղատոմսով բաց թողնվող դեղերի շարքին է դասվում, եթե...Պարզաբանում է ԱՆ-ն

analitik.am

Էլեկտրոնային առանձին լրատվամիջոցներում  տեղեկատվություն է տարածվում, թե իբր դեղատոմսով կամ առանց դեղատոմսի դուրս գրվող ցանկերը պետք է սահմանվեն ՀՀ առողջապահության նախարարի հրամանով։ Դրանով ցանկանում են թյուր կարծիք ձևավորել, թե իբր չկա «Դեղերի մասին» օրենքով ու ՀՀ կառավարության փետրվարի 28-ին ուժի մեջ մտած N 1402-Ն որոշման պահանջները կատարելու գործող իրավական ակտ։

Այս առթիվ նախարարությունը բազմիցս տեղեկացրել է, որ դեղի դեղատոմսով կամ առանց դեղատոմսի իրացվող և (կամ) հսկվող դեղերի խմբերին պատկանելը  որոշվում է գրանցման ժամանակ («Դեղերի մասին» ՀՀ օրենք, հոդված 16, մաս 24): Դեղը դեղատոմսով բաց թողնվող դեղերի շարքին է դասվում, եթե`

1) կարող է ուղղակի կամ անուղղակի վնասել պացիենտի առողջությանը, եթե կիրառվում է առանց բժշկի հսկողության.

2) կարող է վնասել պացիենտների առողջությանը նշանակմանը ոչ համապատասխան կիրառման արդյունքում.

3) պարունակում է այնպիսի դեղանյութեր, որոնց դեղաբանական ակտիվության և (կամ) կողմնակի ազդեցության հետագա ուսումնասիրությունների անհրաժեշտություն կա.

4) ներմուծվում է օրգանիզմ հարմարսողական (պարէնտերալ) ճանապարհով.

5) պարունակում է Լիազոր մարմնի սահմանած քանակներից ավելի թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր.

6) էական վտանգ է ներկայացնում չարաշահելու, կախվածություն առաջացնելու կամ անօրինական նպատակներով կիրառելու տեսանկյունից.

7) պարունակում է նյութեր, որոնք, ելնելով դեղաբանական առանձնահատկություններից, հավասարեցվում են 6-րդ կետում նշված դեղերի շարքին.

8) նախատեսված է միայն հիվանդանոցային պայմաններում կիրառելու համար.

9) կիրառվում է այնպիսի հիվանդությունների բուժման համար, որոնց ախտորոշումը կատարվում է բժշկական հաստատությունում, չնայած դեղաբուժությունը և հետագա հսկողությունը բժշկի կողմից կարող են իրականացվել արտահիվանդանոցային պայմաններում.

10) նախատեսված է արտահիվանդանոցային բուժման համար, սակայն դեղի օգտագործումը կարող է ուղեկցվել լուրջ կողմնակի երևույթներով, որոնք պահանջում են բժշկի հսկողություն ամբողջ բուժման ընթացքում:

Դեղի գրանցումն իրականացնում է Լիազոր մարմինը` ՀՀ առողջապահության նախարարությունը, փորձագիտական եզրակացության հիման վրա, Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով (“Դեղերի մասին” ՀՀ օրենք, հոդված 16, մաս 2):

Դեղի գրանցման ժամկետը 5 տարի է, որը հաշվարկվում է դեղի գրանցման վերաբերյալ Լիազոր մարմնի հրամանն ուժիմեջ մտնելու օրվանից: Գրանցման արդյունքում տրվում է գրանցման հավաստագիր, և գրանցված դեղն ընդգրկվում է գրանցամատյանում: Լիազոր մարմինն ապահովում է գրանցամատյանի հրապարակայնությունը և տեղադրումը Լիազոր մարմնի պաշտոնական կայքում («Դեղերի մասին» ՀՀ օրենք, հոդված 16, մաս 18):

Դեղի` դեղատոմսով կամ առանց դեղատոմսի բաց թողնելու կարգի մասին նշում է կատարվում գրանցամատյանում:  («Դեղերի մասին» ՀՀ օրենք, հոդված 25, մաս 4):

Այպիսով, «Դեղերի մասին» ՀՀ օրենքի համաձայն առողջապահության նախարարությունը իրավական ակտով հաստատում է միայն դեղի գրանցված լինելը: Գրանցված դեղի մասին բոլոր տեղեկությունները, այդ թվում պատկանելիությունը դեղատոմսով կամ առանց դեղատոմսի ցանկերին, ընդգրկվում է գրանցամատյանում: Այնուհետև Լիազոր մարմինն ապահովում է ինչպես ամբողջ գրանցամատյանի, այնպես էլ  այդ  գրանցամատյանից  առանձնացված ցանկերի հրապարակայնությունը և տեղադրումը Լիազոր մարմնի պաշտոնական կայքում: («Դեղերի մասին» ՀՀ օրենք, հոդված 16, մաս 18 և 25):

Հետևաբար, որևէ իրավական հիմք չունեն հայտարարություններն այն մասին, որ անհրաժեշտ է ցանկերը հաստատել առողջապահության նախարարի հրամանով: Դրանք պարբերաբար թարմացվում են` դեղերի գրանցմանը զուգահեռ գրանցամատյանում կատարվող լրացումներին համապատասխան:

Հայտարարություններում հիշատակվող 2005թ և 2007թ ցանկերը հաստատվել են նախկին օրենքի շրջանակներում, որտեղ առկա է եղել նման պահանջ: Այդ ցանկերը կորցրել են իրենց արդիականությունը, քանի որ ավարտվել է դրանցում ընդգրկված դեղերի գրանցումը: Հաշվի առնելով նախորդ ձևաչափով ցանկերի հաստատման  աննպատակահարմարությունը՝  նոր օրենքով նման ցանկեր հաստատելու պահանջ չի սահմանվել:

Ինչ վերաբերում է Լիազոր մարմնի կողմից դեղատոմսով, առանց դեղատոմսի դեղերի խմբերին դեղի պատկանելիության որոշման ու դրա վերանայման կարգին («Դեղերի մասին» ՀՀ օրենք, հոդված 16, մաս  25), ապա պետք է նկատի ունենալ, որ այն բացառապես  գրանցման ընթացակարգի մաս է, քանի որ որոշումն ընդունվում է գրանցման ժամանակ:

Ինչ վերաբերում է Լիազոր մարմնի կողմից դեղատոմսով, առանց դեղատոմսի դեղերի խմբերին դեղի պատկանելիության որոշման կարգին («Դեղերի մասին» ՀՀ օրենք, հոդված 16, մաս 25), ապա ներկայումս գործում է 2006 թվականի փետրվարի 7-ին ՀՀ ԱՆ N 123-Ն հրամանով (հավելված 6) հաստատված կարգը, մինչև նորի հաստատումը։

Ամփոփելով, ևս մեկ անգամ հայտնում ենք, որ գործող իրավական ակտերով առողջապահության նախարարի կողմից նշված ցանկերի հաստատում չի պահանջվում։

Նույն շարքից