Սպորտ 

Պատանի ու երիտասարդ սուսերամարտիկները մրցում են Եվրոպայի առաջնությունում

analitik.am

Մարտի 2-ին Սոչիում մեկնարկել է սուսերամարտի պատանիների և երիտասարդների (Մ 20) Եվրոպայի առաջնությունը:

Պատանիների առաջնությունում Հայաստանը ներկայացրել է 6 սուսերամարտիկ: Նրանցից լավագույն արդյունքը գրանցել է Վահագն Գրիգորյանը (խոցասուսեր)՝ 100 մարզիկի մեջ զբաղեցնելով 27-րդ հորիզոնականը:

Խոցասուսեր տղաների պայքարում Աբրահամ Սարգսյանը 77-րդն էր, Գրիգոր Մնացականյանը դուրս է մնացել առաջին փուլից: Աղջիկների պայքարում Արիանա Մարալյանը նույնպես դուրս է մնացել առաջին փուլից: Այս մասին ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում հայտնեց հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսան Նավասարդյանը:

Ճկասուսեր զենքաձևում Համլետ Մխոյանը զբաղեցրել է 42-րդ տեղը, իսկ Անահիտ Ալոյանին չի հաջողվել շարունակել պայքարն առաջին փուլից:

«Պատանիների արդյունքը բավարար եմ համարում: Վահագն Գրիգորյանը լավ հանդես եկավ: Նա առաջին անգամ էր մասնակցում Եվրոպայի առաջնությանը: Կարող եմ ասել, որ պատանիների մոտ աճ կա»,- ասաց Ալեքսան Նավասարդյանը:

Հայաստանի երիտասարդական հավաքականը Ռուսաստան կմեկնի այսօր: Թիմում ընդգրկված են Արմեն Դալլաքյանը, Պարգև Ստեփանյանը, Հենրիկ Բալիկյանը (բոլորը՝ ճկասուսեր), Էդուարդ Օվիկյանն ու Արման Գրիգորյանը (երկուսն էլ՝ խոցասուսեր):

Հավաքականի մարզչի խոսքով երիտասարդներից ավելի մեծ ակնկալիքներ ունեն:

 

Նույն շարքից