Առողջապահություն Բարի օր Հասարակություն 

Սա պատվիրված է մեծ կլինիկաների կողմից.Ատամնաբույժները մտահոգված են

analitik.am

Երեկ՝ մարտի 5 ին, Շիրակի մարզպետարանի դիմաց  Գյումրիի ատամնաբույժները բողոքի ակցիա անցկացրեցին: Բողոքի պատճառն էլեկտրոնային առողջապահական համակարգն է: Նրանց պնդմամբ, այս համակարգը վտանգներ է պարունակում, և առաջնային խնդիրը համարվում է մարդու անձնական տվյալների գաղտնիության հրապարակային դառնալու վտանգը:

Ըստ տվյալների, էլեկտրոնային առողջապահությունը Հայաստանում, ինչպես նաև ամբողջ աշխարհում, նպատակ ունի զարգացնել առողջապահական համակարգը: Այն նաև հնարավորություն կտա հասարակությանը մատուցել բարձրորակ, հասանելի և մատչելի բժշկական ծառայություններ:

Analitik.am-ն այս մասին զրուցեց ատամնաբույժների  հետ՝  նոր ծրագրի առավելությունների  և հետևանքների վերաբերյալ նրանց կարծիքը  պարզելու համար:

Բժիշկ-ստոմատոլոգ,   «Հայբուսակ»  համալսարանի  դասախոս   Վարդան Թորոսյանի կարծիքով, էլեկտրոնային համակարգն ամբողջ աշխարհում տարածված մեթոդ է և այնպես չէ,  որ մեր մոտ դա լավ չի լինի, պարզապես գներն այնպես են արված, որ ավելի շատանան ծախսերը, այսինքն, այս ծրագրի նպատակը ոչ թե պացիենտների ու բժիշկների խարդախությունները  գրանցելն է և դրանցից խուսափելը, այլ ուղղակի պետական մուծման անվան տակ գումար շորթելը:

«Օրինակ ինձ համար լրիվ անհասկանալի է,  թե ինչ ծառայության դիմաց բժիշկը պետք է ամսական գումար մուծի, իբր թե գրանցման համար, կարելի էր գոնե միանգամյա անել:Կամ օրինակ՝  ի՞նչ է նշանակում հստակ ծառայությունների գումար, երբ  նույն պարզ կարիեսը կարող է 5 գնի չափ  լինի մի պլոմբանյութի դեպքում և կախված ծավալից՝ գինը կտրուկ փոխվի»,-ավելացրեց բժիշկ Վ.Թորոսյանը:

Նրա խոսքով, պարզապես,  ստոմատոլոգիական բազկաթոռների գումարն են ուզում վերցնել, որպեսզի փակվեն շատ կլինիկաներ, փոխարենը՝ նոր բացված կլինիկաներին հարկերից ազատեն կամ բազկաթոռների անիմաստ գումարը վերացնեն:

«Ցավոք, մենք ծառայությունների գներն ենք բարձրացնելու, մեր ցանկությամբ չէ, այլ՝ ստիպված: Կարող եմ նույնիսկ մի քանի կետով հիմնական բացասական կողմերը նշել.

1.Ծառայությունների գների բարձրացում հասարակ դիմող քաղաքացու համար

2.Ստոմկլինիկայի եկամուտների կտրուկ նվազում՝ հավելյալ վճարներ, գումարած աշխատողներից յուրաքանչյուրի համար հարկ և այլն բերելու է հաճախորդների նվազմանը

3.Լրացուցիչ ծախսեր՝ համակարգիչ,  թվային սարքավորումներ,  որոնք պարտադիր են՝ որպես օբյեկտիվ միջոցներ:

Իսկ Analitik.am -ի այն հարցին, թե ինչպես են պատկերացնում այս ծրագրի իրագործումը մարզերում, բժիշկ Վ.Թորոսյանն ասաց. «Մարզերի դեպքում սա ուղղակի ստորություն է,  որովհետև շատ կլինիկաներ ունեն մեկ բժիշկ,  ոչ մենեջեր ունեն,  ոչ էլ բուժքույր՝ հատկապես գյուղական համայնքներում»:

Մենք նաև տեղեկացանք, որ ցանկացած բժիշկ իր ID քարտով կարող է մտնել համակարգ և թե բժիշկների,  թե հաճախորդների մասին իմանալ ամեն ինչ: Բժիշկ Վ. Թորոսյանի կարծիքն այս մասին հետևյալն է. «Մեր ժողովուրդն այդքան չի հետաքրքրվում նրանով,  որ իր տվյալները չտարածվեն»:Իսկ վերջում ավելացրեց, որ նրա կարծիքով, սա պատվիրված է մեծ կլինիկաների կողմից :

Analitik.am-ի թղթակիցը զրուցեց նաև բժիշկ-ստոմատոլոգ Վերա Չաթալյանի հետ: Նրա կարծիքով, այս համակարգն ունի միայն դրական կողմեր: «Նշանակում է, որ բժիշկը կարող է պաշտպանված լինել տարբեր ատյաններում, բայց մենք ապրում ենք Հայաստանում և այստեղ պիտի մտածենք նաև՝ ինչ օգուտ ունի կառավարությունը սրանից,  իսկ կառավարությունն առաջին հերթին մտածում է իր, ոչ թե երկրի կամ քաղաքացու շահերի մասին: Այնուամենայնիվ,  այս համակարգը լավ մշակման կարիք ունի», -  ընդգծեց բժիշկ Վ.Չաթալյանը:

Ծրագրի նպատակը պացիենտներին հնարավորություն տալն է սեփական առողջության վերաբերյալ տվյալներ փնտրել՝ նավազեցնելով ծախսերն ու ժամանակը և բացառելով կրկնակի բուժումները, սակայն ստոմատոլոգներից մեկի կարծիքով՝ այս իբր թե բարեփոխումները ձեռնտու է միայն հարկային համակարգին, որովհետև սա սկզբնական քայլ է, որից հետո կիրականացվի ոչ թե ստոմատոլոգիական աթոռի ֆիքսված հարկի գանձում, այլ այն հետագայում կփոխարինվի մեկ այլ տարբերակով, երբ կախված գործի քանակից,  կգանձվի հավելյալ գումար բժիշկներից,  ինչի  հետևանքով բժիշկները պատշաճ գումար վաստակելու համար կբարձրացնեն առանց այդ էլ մեր սոցիալական  պայմաններին ոչ համահունչ  բուժօգնության բարձր գները, ինչն ավելի ծանր ու ոչ առողջ իրավիճակի մեջ կդնի ինչպես հասարակ քաղաքացիներին, այնպես էլ բժիշկներին:

Ստոմատոլոգներից մեկն էլ ասաց, որ համաձայն է գյումրեցի կոլեգաների հետ, որ այդ նորամուծությունը, ցավոք, կբերի գնաճի, արդյունքում ինչպես միշտ կտուժենք մենք՝ հասարակ ժողովուրդը :

Իսկ բժիշկ-ստոմատոլոգ Դավիթ Մեհրաբյանի խոսքով, այս ծրագիրն անտրամաբանական է և բացի գնաճը, այն նաև իրավունքների ոտնահարում է,  քանի որ մարդիկ կան,  ովքեր  չեն ցանկանա, որպեսզի ինչ որ մեկն իմանա, թե ինչ պրոթեզ են կրում իրենք:

Նա նաև նշեց, որ շատ կոլեգաներ արդեն լքել են երկիրը ու հիմա էլի կլքեն՝ այս փոփոխությունների պատճառով:Նա ասաց, որ դեմ չեն օրինականությանը, բայց  ում է պետք այս նորամուծությունը, երբ ոչ մի դրական բան չի կրում իր մեջ:

Այսպիսով, դեռ պարզ չէ, թե ինչպես կկիրառվի առողջապահական էլեկտրոնային այս նոր ծրագիրը, սակայն մասնագետների կարծիքները վկայում են այն մասին, որ ամեն դեպքում ծրագիրն իր մեջ ներառում է մի շարք խնդիրներ թե բժիշկների,  թե հիվանդների համար,  և լավագույնս մշակված չէ:

Թե ինչպես են արձագանքում ծրագրին ստոմատոլոգի մոտ հաճախող մարդիկ և վերջնական ինչ որոշում են կայացնելու ծրագրի հիմնադիրները,  կներկայացնենք ավելի ուշ:

Յանա Մարտիրոսյան 

Նույն շարքից