Ամենաընթերցվածներ Գլխավոր Միջազգային Վերլուծական Քաղաքականություն 

«Չինական երազը» և Հայաստանը (մաս 1)

analitik.am

Վերջերս շատ է խոսվում այն մասին, որ Հայաստանը պետք է ունենա զարգացած տնտեսություն, բայց մյուս կողմից էլ նշվում է այն մասին, որ մեր երկիրը գտնվում է շրջափակման մեջ: Հայտնի է, որ մեր առևտրաշրջանառության մեծ մասը կատարվում է ԵԱՏՄ, մի մասն էլ ԵՄ անդամ պետությունների հետ։ Տնտեսությունը զարգացնելու այլընտրանք մեզ համար կարող է Չինաստանը լինել, որի հետ առևտրաշրջանառությունն ընդհանուրի մեջ կազմում է 8,2% (հիմնականում ներկրում), ինչը հնարավոր է ավելացնել: Այս հետաքրքիր պետության մասին Analitik.am-ն իր ընթերցողին է ներկայացնում հոդվածաշար։ Նախ ներկայացնելու ենք դրա արդի պատմությունը, ապա հստակեցնելու ենք, թե ինչպես կարող է մեր երկիրը, էլ ավելի սերտ հարաբերություններ հաստատելով այս երկրի հետ, տնտեսապես զարգանալ։

Սկսենք նրանից, որ Չինաստանի տնտեսական զարգացման ուղենիշը դրվեց 1970-ական թվականներից՝ նախագահ Դինկ Սյաոփինկի հեռատես ծրագրով, երբ Չինաստանին անհրաժեշտ էր տնտեսության ուժը գյուղատնտեսական ոլորտից բերել դեպի արդյունաբերական: Այդ ժամանակից Չինաստանի կառավարությունը որդեգրեց պրագմատիկ քաղաքականություն, որը պատմության մեջ մտավ հարմոնիայի քաղաքականություն անվամբ, այսինքն՝ Չինաստանին անհրաժեշտ էր խաղաղություն ներքին և արտաքին քաղաքականության մեջ, երկխոսություն բոլոր երկրների հետ՝ բացառելով առճակատումները և կարևորելով երկկողմանի շահերը:

Այս քաղաքականությունը շարունակվեց մինչ Չինաստանի գործող նախագահ Սի Ջինփինգի իշխանության գալը: Եթե նախկինում Չինաստանն ուներ միջին խավ ստեղծելու լուրջ խնդիր, ապա այժմ միջին խավը Չինաստանում արդեն մեծամասնություն է կազմում , բայց Չինաստանը դեռ լուրջ խնդիրներ ունի՝ աղքատության մեջ գտնվող 70 մլն մարդկանց խնդիրները լուծելու հարցում: Այս երկրի ներկա ղեկավարությունը, համարելով, որ նախկին նախագահների ծրագրերը իրականացված են, առաջ քաշեց նոր դոկտրին, որը կոչվեց «Չինական երազ». Այն առաջ քաշեց և ղեկավարեց Սի Ջինփինգը:

Հարկ է նշել, որ վերոնշյալ քաղաքական գործիչն արդեն իսկ կուսակցությունում (ՉԺԿ) վայելում էր մեծ համբավ՝ որպես թերզարգացած շրջանները, մասնավորապես Նինգդե քաղաքը (1990 թ.), աղքատությունից դուրս հանող փորձառու մասնագետ: Այդ աշխատանքն իրականացնելու համար նրա առաջ քաշած գաղափարներն էին՝ աղքատությունը հաղթահարելու համար պետք է ղեկավարության և ժողովրդի միջև երկկողմանի աշխատանք, ղեկավարը պետք է խնդրի խորությունը հասկանալու և ըմռբնելու ունակություն ունենա և ծառայի ժողովրդին ամբողջ սրտով: Դեռ այդ ժամանակներից նա կարևորել է կոռուպցիայի դեմ պայքարը: Նրա կարծիքով՝ Չինաստանի նպատակը ոչ թե պետք է լիներ միայն տնտեսության զարգացումը, այլ թափանցիկ կառավարություն ունենալը. Բոլորը պետք է պայքարեն կոռուպցիայի դեմ, այլ ոչ թե միայն կառավարությունը: Նա նաև կարևորում էր պաշտոնյաների վարքը:

2013 թվականին նախագահ ընտրվելուց հետո, Սի Ջինփինգն առաջ քաշեց «Չինական երազ» դոկտրինը: Այն կրում էր հետևյալ գաղափարը՝ հայրենասիրությունը միշտ եղել է ներքին ուժերը համախմբող խթան, չինացիները դարերի ընթացքում խաղաղություն սիրող ժողովուրդ են և միշտ եղել են բաց համագործակցության և երկկողմանի շահ ապահովելու համար: Ըստ այդ դոկտրինի՝ Չինաստանը պետք է լինի զարգացած, ուժեղ, ներկայանալի մշակույթով երկիր և կարողանա աշխարհին ճիշտ բացատրել ներկա Չինաստանի զարգացման տեսլականը: Չինաստանի պաշտոնյաներն այս արագ զարգացող ժամանակներում պետք է աշխատեն խստագույնս արագ և վարպետորեն, իսկ դա անելու համար պետք է բավարար գիտելիքներ ունենան տնտեսության, քաղաքականության, պատմության, փիլիսոփայության ոլորտներում: Տնտեսությամբ լինելով աշխարհի երկրորդ գերզարգացած երկիրը՝ պետք է զարգացնեն տիեզերագնացությունը, կենսաբժշկությունը և ռոբոտաշինությունը:

Այն նաև սահմանում էր, որ արտասահման մեկնող չինացի ուսանողները պետք է լինեն որպես ոչ պաշտոնական դեսպաններ հիմնեն ընկերություն, բացատրեն չինական մշակույթը, պատմությունը և աշխարհընկալումը: «Չինական երազ»-ի հաջորդ կարևոր կետն ազգային անվտանգությունն է: Հարուստ երկիրը պետք է ստեղծի ուժեղ բանակ և պետք է ուշադրություն դարձնի աշխարհի խաղաղությունը խարխլող ահաբեկչությանը: Խաղաղության պայմաններում պետք է պատրաստ լինել քաոսին, ստեղծել միջազգային հակաահաբեկչական ցանց: Պետք է պատրաստել առողջ կրոնի մասնագետներ, ովքեր կրոնը ճիշտ կբացատրեն հասարակությանը և նրանց չեն մղի մոլեռանդության: Ոչ մի օտար երկիր իրավունք չունի Չինաստանին օտարելու իր խորը համոզմունքներից և խաթարելու Չինաստանի ամբողջականությունը, անվտանգությունը և զարգացման ուղին:

Վերոշարադրյալից կարելի է հանգել հետևյալ եզրակացությանը՝

1. Կոնֆուցիական Չինաստանը դարեր ի վեր մեծ ուշադրություն է դարձրել այդ փիլիսոփայությանը, որն ուսուցանել է հոր կարևոր դերն ընտանիքում և զավակների հնազանդությունը նրան և այս ըմբռնումը կիրառվում է բոլոր բնագավառներում: Այսինքն՝ հնազանդվել ուսուցչին, ղեկավարին, գործարանի տնօրենին և այլն: Ըստ իս՝ նշված փաստը Չինաստանի զարգացման ամենակարևոր հիմքերից է: Այսպիսով, հեշտ է ընկալվում, թե ինչպես Չինաստանը կարողացավ ունենալ աշխարհի խոշորագույն գործարանները կամ ունենալ միակ կուսակցությունը, որին անդամակցում է 87 մլն մարդ։ Հիրավի, յուրաքանչյուր չինացու բնույթի մեջ գոյություն ունի հարգանք ղեկավարի նկատմամբ: Հաճախ նրանք կատարում են հրամաններն առանց վարանելու կամ բողոքելու: Սա չեն կարողանում ըմբռնել այն օտար մարդիկ , որոնք քննադատում են Չինաստանին՝ մտածելով, որ այդտեղ գոյություն չունեն մարդու իրավունքներ:

2. Հոդվածի սկզբում ներկայացրել ենք, որ Չինաստանն երկար ժամանակ զերծ էր մնում արտաքին քաղաքականությունում որևէ այլ պետության հանդեպ և միջազգային հարաբերություններում կոշտ դիրքորոշման գործածումից, միշտ խոսում էին երկկողմանի շահի մասին՝ անտեսելով կոնֆլիկտները: Այժմ՝ Սի Ջինփինգի նախագահություն օրոք, հարկ է ուշադրություն դարձնել նրա նոր քաղաքականությանը, որը մասնավորապես, արտաքին քաղաքականության ասպարեզում հանդես է գալիս ավելի ինքնավստահ և կարևորում Չինաստանի մշակույթի տարածումն աշխարհում և հաճախ է խոսում Չինաստանի ինքնուրույն և ինքնավստահ ուժ լինելու մասին: Այս քաղաքականությունը միջազգային ասպարեզում փոխեց Չինաստանի ղեկավարության և հասարակության հարմարվողական քաղաքականությունը: Այսօր Չինաստանը, թեպետ հաշվարկված քայլերով, բայց հետևողական ներկայության ունի աշխարհի բոլոր կարևորագույն կետերում: Արդեն Չինաստանը ներկայանում է ոչ միայն որպես տնտեսական ուժ, այլ նաև հստակ ի ցույց է դնում իր քաղաքական կեցվածքը կարևոր խնդիրներում՝ ինչպիսին է Սիրիայի պատերազմը՝ վետո դնելով ՄԱԿ-ում Սիրիայի իշխանության օգտին: Կարևորագույն խնդիր է հակաահաբեկչական պայքարը, որն այսօր դիտվում է որպես Չինաստանի ազգային անվտանգության թիվ մեկ խնդիր: (Սին Ջիյանգ նահանգը, որի բնակչության կեսը թուրքալեզու ցեղեր՝ ույղուրներ են և ծայրահեղ իսլամի գործոնով սպառնալիք են հանդիսանում Չինաստանի ներքին համերաշխության համար, քանի որ, ըստ սիրիական պաշտոնական տեղեկատվության, Սիրիայում գտնվում է 5000 ույղուր ահաբեկիչներ Իլիպի կազմում, որոնք, արդեն վարժ լինելով ահաբեկչական գործողություններ իրականացնելուն, Չինաստան հետ վերադարձի դեպքում կարող են մեծ վտանգ հանդիսանալ՝ կազմակերպելով ահաբեկչական գործողություններ):

3. Միջազգային քղաքականության մեջ ԱՄՆ-ը հանդիսանում է Չինաստանի ամենասուր քննադատը՝ պատճառաբանելով, թե կառավարական համակարգում գոյություն չունի ժողովրդավարություն և մարդու իրավունքներ, սակայն այդ երկրի բարձրաստիճան ղեկավարության ու մտավորականության այդ հատվածն անկարող է ըմբռնել հարցի բուն էությունը և ճիշտ չէ միակողմանի գնահատականներ տալ տարբեր երկրների և մշակույթների սկզբունքներին՝ հենվելով արևմտյան քաղաքակրթության չափորոշիչների վրա: ԱՄՆ-ն իր արտաքին քաղաքականությունը վարելիս ուղորդվում է երկակի ստանդարտներով՝ սատարելով բռնապետական վարչակարգերին, ինչպես օրինակ, Եգիպտոսի նախկին նախագահ Մուբարաքի 40-ամյա միահեծան բռնապետությանը, կամ օժանդակելով Իրաքի նախկին նախագահ Սադդամ Հուսեյնին Իրանի Իսլամական Հանրապետության դեմ պատերազմում: Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ն, ժողովրդավարություն տարածելու մոլուցքով տարված, խթանում է երկրների քայքայմանը և պատճառ դառնում քաղաքացիական պատերազմների: Գալով Չինաստանի խնդրին՝ նույն այդ ժողովրդավարության խաբկանքով միշտ ցանկանալու է ներսից քանդել Չինաստանը, որովհետև Չինաստանի հզորացումը պայմանավորված է նրա միասնությամբ:

Հեղինակ՝ Արարատ Կոստանյան

Նույն շարքից