Իրավական 

ՔԿ-ն՝ Երևանում կատարված սպանության մասին

analitik.am

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում ձեռնարկված անհրաժեշտ քննչական գործողությունների արդյունքում պարզվել են Երևանի բնակիչ Կ.Աղաբաբյանի մահվան հանգամանքները, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը. վերջինս ձերբակալվել է:

Նախնական տվյալներով՝ տղամարդը կյանքի հետ անհամատեղելի ծանր մարմնական վնասվածքներն ստացել է իր տանը տեղի ունեցած վիճաբանության ժամանակ։ Դեպքը տեղի է ունեցել մարտի 3-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում, տուժողը՝ 1953թ. ծնված Կ.Աղաբաբյանը, բնակարանում անձնական փոխհարաբերությունների շուրջ վիճաբանել է 1968թ. ծնված տղամարդու հետ, որի ժամանակ վերջինս հարվածել է Կ.Աղաբաբյանի գլխին և դեմքին՝ պատճառելով ծանր մարմնական վնաս։ Ստացած մարմնական վնասվածքների հետևանքով Կ. Աղաբաբյանը մահացել է:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետի հատկանիշներով:

Կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվել առերես հարցաքննություն: Կասկածյալը հայտնաբերվել է և ձերբակալվել։

Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունն ապահովելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ Քննչական կոմիտե

Նույն շարքից